Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Հայաստանյան ձախ ուժերը կմիավորվեն ու կներկայացնեն սեփական «դեղատոմսը»

Հունվար 28, 2014թ. 11:25

նարեկԴեռ 2000-ից Հայաստանում խոսվում է ձախ ուժերի համախմբման անհրաժեշտության մասին, առաջամարտիկի դերում Հայաստանի դեմոկրատական (ՀԴԿ) և Սոցիալ-դեմոկրատական հնչակյան (ՍԴՀԿ) կուսակցություններն են: 2011-ին նրանք դարձյալ միավորման նախաձեռնությամբ հանդես եկան, ձախերը նպատակ ունեին անգամ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց նրանց հերթական փորձերն ի դերև եղան: Սակայն համախմբման հույսը չկորավ: Այսօր ձախերի միավորման հայտ ներկայացնողի դերում ՍԴՀԿ նորընտիր վարչությունն է: Իսկ արդյունքը՝ ցույց կտա ժամանակը:

Այս հարցերի շուրջ զրուցեցին ՍԴՀԿ նորընտիր ատենապետ ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ

-Հայտնի է, որ ձախ ուժերի համախմբման շուրջ արդեն իսկ բանակցություններ են տարվում որոշակի քաղաքական շրջանակների հետ: Ձախերի դաշտում, մասնավորաբար, Դեոմկուսն է, Դաշնակցությունը, Կոմկուսը: Կբացե՞ք փակագծերը, ո՞ր ուժերի հետ եք արդեն իսկ բանակցել և որո՞նք կլինեն ձեր ապագա համագործակիցները:

-ՍԴՀԿ նորընտիր վարչությունը վերջին երկու ամիսներին ձեռնամուխ է եղել ձախ ուժերի միավորման գաղափարին: Այո, մենք բանակցություններ ենք վարել Դեմկուսի, Կոմկուսի նաև այլ քաղաքական ուժերի, հասարակական կամակերպությունների ու անհատների հետ: Ընդ որում, ոմանց կողմից արդեն իսկ դրական պատասխան ենք ստացել: ՀՅԴ-ի հետ այս պահին բանակցություններ չեն ընթանում: Ճիշտն ասած, քանի որ այժմ դեռ բանակցությունների փուլում ենք, նպատակահարմար չեմ գտնում ասել ավելին, սպասենք ևս 15-20 օր: Կարծում եմ, ճիշտ կլինի, որ ձախ ուժերը հստակ գործողություններով ապացուցեն իրենց կենսունակությունը: Հուսամ, փետրվարի կեսերին տեղի կունենա ձախերի միասնական միջոցառումը, որը կներկայացնի որոշակի արժեքների, գաղափարների ու նպատակների շուրջ համախմբված քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների և անհատների միասնական պլատֆորմը:

-2011-ին ձախ ուժերը որպես միավորման նպատակ հայտարարում էին հետևյալի մասին՝ քաղաքական կուրսին այլընտրանք ստեղծել, որպեսզի մեր հասարակությունը ունենա երկրի զարգացման ուղու ընտրության հնարավորություն, նաև հայաստանյան քաղաքական դաշտում հաստատել մրցակցային պայմաններ, որպեսզի այն ձևավորվի ոչ թե փողի, ադմինիստրատիվ ռեսուրսի, այլ գաղափարական հենքի վրա: Այսօր և՞ս նույնն է միավորման նպատակը:

-Ես կասեմ, կոնկրետ, ՍԴՀԿ-ի նպատակը: 1991-ից Հայաստանում գործող համակարգը կենսունակ չէ և միայն անձանց փոփոխությունը չի կարող հանգեցնել հայաստանցու կյանքի որակական բարելավման: Հետևաբար, կարծում ենք, որ խնդիրը ոչ թե անձերի, այլ համակարգի մեջ է, մեզ օր առաջ անհրաժեշտ է նախ համակարգային փոփոխություն իրականացնել: Երկրորդ, Հայաստանում առկա է սոցիալական անարդարության հսկայական <պաշար>՝ օլիգախներն իրենց մենաշնորհներով ու <արժեքային> համակարգով Հայաստանի համար, մեղմ ասած, ոչ դրական երևույթ են: Սրա դեմ է, որ պայքարելու է ՍԴՀԿ-ն: Մեծ հույսեր ունենք, որ այդ պայքարը կտարվի նաև ձախ ուժերի ալյանսով, որը առաջիկայում կներկայացնի իր հայտը: Իրականում սա քաղաքական ուժերի ու կազմակերպությունների գաղափարական միասնության փորձ է, քանի որ Հայաստանում գաղափարական դաշտը լղոզված է, չկայացած, և մենք կփորձենք գաղափարական հենքի վրա ՀՀ քաղաքացուն ներկայացնել սեփական քաղաքական ախտորոշումը՝ մեր ծրագիրն ու պլատֆորմը: Այն չի լինի միայն քննադատությունների ալիք, այսինքն, այնպես չէ, որ մարդիկ դուրս կգան, կխոսեն միայն քննադատական երևույթների մասին: Եթե դու դեղատոմս չես ներկայացնում Հայաստանի քաղաքացուն, եթե ցույց չես տալիս խնդիրների լուծման կոնկրետ քայլերը, կնշանակի զբաղված ես ժամավաճառությամբ: Կարծում եմ, անցել են այդ ժամանակները եկել է հստակ ծրագրերով ներկայանալու ժամանակը:

Եթե նկատի ունենանք, որ իշխանությունը աջակենտրոն ուժերի ձեռքում է, ընդդիմության մեջ ևս աջ ուժերն են գերակշռում, հետևաբար, ձախերի միավորման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև քաղաքական դաշտում հավասարակշռության ստեղծմա՞մբ:

-Նաև, բայց ոչ միայն: Ներկայիս համակարգը հետևյալ տրամաբանությամբ է գործում՝ <դու գնա՝ ես գամ, դու թող աթոռդ, որ ես կառավարեմ>: Եվ ընդդիմության որոշակի հատվածներ, բացի այս տրամաբանությունից այլ <դեղատոմս> չեն ներկայացնում: Իսկ սա հետևանքն է նրա, որ և՜ իշխանությունը, և՜ ընդդիմությունը գործող համակարգի ծնունդ են: Դրա համար ձախ ուժերը պետք է լինեն ոչ միայն այլընտրանք, ոչ միայն հավասարակշռության միջոց, այլև սեփական դեղատոմսը առաջարկող, որի շնորհիվ Հայաստանը կկարողանա դուրս գալ այն անդունդից, որում հայտնվել է տարիների ընթացքում: Հայաստանում սոցիալական ուղղվածության ուժերի կայացումով պետք է շահագրգիռ լինեն և՜ իշխանությունը, և՜ ընդդիմության այն հատվածը, որը չի կիսում մեր գաղափարախոսությունը: Առհասարակ, Հայաստանի ճակատագրով մտահոգ ցանկացած քաղաքական ուժի համար պետք է ձեռնտու լինի քաղաքական դաշտի կայացումը, ուր բանավեճը կընթանա գաղափարական, ծրագրային հենքի վրա: Ուրեմն, ձախ ուժերի միությունը պետք է առաջին հերթին ոչ միայն բարձրաձայնի առկա երևույթների մասին, որոնք բազմաթիվ են, այլև, կրկնում եմ, նախ և առաջ սեփական դեղատոմսն առաջարկի, միայն օդի մեջ խոսելը, հայտարարություններով հանդես գալը ոչինչ չի փոխելու:

-Բնականաբար, ներկայացվելիք «դեղատոմսը» կբխի ձեր գաղափարախոսությունից, ինչն ակնհայտորեն հակադրվում է Հայաստանի ներկայիս իրողություններին: Սա նշանակո՞ւմ է, որ ձախերի միավորումը հանդես կգա համակարգային <հեղափոխության> իրականացման կոչով:

-Մեզանում հաճախ են եղել իրավիճակներ, երբ քաղաքական այս կամ այն ուժը սեփական կարծիքներն է հայտնել, ինչն էլ հետագայում դարձել է կարծիքների բախման առիթ: Հետևաբար, ինձ իրավունք չեմ վերապահի նման հայտարարություն անել, քանի դեռ ձախակողմյան ուժերի միավորման գործընթացը չի բյուրեղացել: Եվ միայն դրանից հետո մենք միասնաբար կխոսենք այն մասին, թե ո՞ւր ենք գնում և ի՞նչ ենք առաջարկում:

Խոսեցիք համակարգային փոփոխության մասին, հայտնի է, որ նեոլիբերալ քաղաքական կուրսն իրեն բացարձակ սպառել է, աշխարհում ևս դրա ճգնաժամն է: Փաստորեն, ձախակողմյան ուժերի նպատակն է դեմոկրատական սոցիալիզմի հայկական մոդելի ստեղծո՞ւմը:

– Ընկերվարական, սոցիալ-դեմոկրատական հայացքները այլընտրանք չունեն, աշխարհն այսօր ընթանում է այդ գաղափարախոսության մոդելով: Բայց այսօր ես վստահ չեմ, որ մեր հանրության մեջ շատերը գիտեն, թե ի՞նչ է նշանակում սոցիալ-դեմոկրատական մոդել, հետևաբար, թե ի՞նչ ենք ուզում մենք՝ ընդհանրապես: Դրա պատասխանը կտա հրավիրվելիք միջոցառումը, որի ընթացքում էլ կբացվեն բոլոր փակագծերը: Իսկ ինչ վերաբերում է լիբերալ համակարգին, ապա այն իր սնանկությունը ապացուցել է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, 91-ից ականատեսն ենք, թե վայրի լիբերալիզմը մեզանում ինչի՞ հանգեցրեց: Չնայած, այնպես չէ, որ Հայաստանում համակարգը հիմնված է միայն լիբերալ հենքի վրա, ավելի ճիշտ, այն օլիգարխիկ հենք ունի, որը ստեղծվեց 90-ականներին ու բարգավաճեց 2000-ականներին, և շարունակվում է առ այսօր:

– Վերջին տարիներին Հայաստանի ներքաղաքական դաշտում առավել ակտիվ դերակատարում ունեն արեւմտամետ ուժերը: Մինչդեռ հայտնի է, որ ձախ ուժերն ունեն պրոռուսական ուղղվածություն, գուցե, ձախերի համախմբումը այս առումով և՞ս իր հավասարակշռող դերը կունենա:

-Նախ, մենք պրոհայաստանյան ենք ու պրոհայ: Ինչպես նաև, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը մշտապես կողմ է եղել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների խորացմանը որպես Հայաստանի ազգային անվտանգության երաշխավոր դաշինք: Բայց դրանով հանդերձ, մենք որևէ աշխարհաքաղաքական ուժի ՙպրոն՚ չենք և որևէ աշխարհաքաղաքական ուժի շահերի լոբբինգով չենք պատրաստվում զբաղվել Հայաստանում: Հետևաբար, սա պետք է լինի նախ և առաջ հայակենտրոն ու հայաստանակենտրոն դաշինք, որովհետև մնացած բոլոր <պրոները> չեն խոսում Հայաստանի հանրապետության ռազամավարական շահերից:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՅԱՆ


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն