Լուրեր են տարածվում Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի կուտակումների մասին
Վերջին օրերին թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները անընդհատ լուրեր են տարածում սահմանագծին լարվածության պահպանման ու Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի կուտակումների մասին:
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը, մեկնաբանելով վերոնշյալ լուրերը, նշել է, որ իսկապես, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից իրականացված հարձակումների ու դիպուկահարների ակտիվության հետեւանքով, լարվածությունը սահմանագծին պահպանվում է:
Ս.Հասրաթյանը հաստատել է տեղեկությունները, որ Ադրբեջանը սահմանագծի տարբեր հատվածներում ոչ մեծ քանակի զինտեխնիկա է կուտակել:
«Մենք խաղաղությանը վերաբերվում ենք հարգանքով, սակայն պատերազմի պատրաստվում ենք մեծ պատասխանատվությամբ»,- հավելել է Ս.Հասրաթյանը:
Նա նշել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմի կանոնները ղարաբաղա՟ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր հատվածներում` ընդգծելով, որ ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են իրենց առջեւ դրված խնդիրները ու հակառակորդի ագրեսիվ գործողություններին պատասխանում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:












