ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐԻ ԲԱՆԱԿ Է ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
Ադրբեջանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովի այն տեսակետը, համաձայն որի՝ Սիրիայում եւ հակամարտությունների այլ գոտիներում ներկայումս կռվող ադրբեջանցիներն ուղարկվել են ինչ-որ երեւակայական «միջազգային կազմակերպությունների» կողմից, ստիպում է մեզ ավելի ուշադիր հետեւել այս լայնածավալ վտանգավոր երեւույթին։
Հարց է առաջանում. եթե Բաքվի իշխանությունները կապ չունեն իբր թե «միջազգային կազմակերպությունների» կողմից իրականացվող փաստացի զորահավաքի հետ, ապա ուրիշ ո՞վ կարող է նման բռնապետական երկրում հավաքագրել հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր կամավորների եւ ուղարկել Սիրիա։
Ընդ որում՝ այս կամավորները փաստորեն գործում են «ողջ ճակատով», այն է՝ կռվում են տարբեր խմբավորումների կազմում, ուստի երբեմն հայտնվում են նաեւ միմյանց դեմ մարտնչելու անհրաժեշտության առաջ։ Հասկանալի է, որ մեկ ազգի պարագայում նման «կամավորական շարժում» չի էլ կարող լինել, ուստի գործ ունենք մեկ կենտրոնից համակարգվող քաղաքական նախաձեռնության հետ, որի արմատները գալիս են Ղարաբաղյան պատերազմի ժամանակներից։
Հայտնի է, որ այդ տարիներին Ադրբեջանի իշխանությունները լայն կապեր էին հաստատել տարբեր միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ եւ լայնորեն օգտվում էին նրանց «ծառայություններից»։
Համոզվելով, որ ադրբեջանցիները կռվելու առանձնակի ցանկություն չունեն, չխոսելով արդեն փորձի մասին, նրանք չեչենական, աֆղանական անկանոն ուժերի հետ միասին օգտագործում էին նաեւ մերձավորարեւելյան երկրները ներկայացնող ահաբեկչական խմբավորումներին։
Եվ այդ տարիներին էր, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջնականապես համոզվեց, որ իր բանջարաբույծներից ու անասնապահներից զինվոր դուրս չի գա։ Ուստի պատահական չէ, որ ժամանակին Ադրբեջանի բանակի սպայակազմի զգալի մասը համալրվեց ո՛չ ադրբեջանցիներով, այլ հիմնականում լեզգիական ծագում ունեցող սպաներով։
Այդպես շարունակվեց մինչեւ Մերձավոր Արեւելքը ցնցած սիրիական իրադարձությունները, որին ադրբեջանական կողմի սպասումներով հաջորդելու էր Իրանը։ Տեսնելով, թե սաուդյան շեյխերի փողերով ինչպես են համալրվում զանազան ահաբեկչական խմբերը եւ գործուղվում Սիրիա, Ադրբեջանը նույնպես գաղտնաբար գործի անցավ։ Եվ մամուլում իրար հետեւից հայտնվեցին տեղեկություններ Սիրիայում կռվող ադրբեջանցիների մասին, որոնք իրենց հերթին տարանջատվում էին վահաբականների, շիաների եւ այլ խմբավորումների։
Նրանց ներկայությունը առանձնապես վտանգավոր էր հայաշատ Հալեպի մատույցներում։ Սակայն հիմնական խնդիրը, որ մինչ օրս լուծում էին այս «հավատի մարտիկները», սկսում է բացահայտվել արդեն մեր օրերում, երբ ակնհայտ են դարձել սիրիական ընդդիմության պառակտումը եւ սիրիական խնդրին խաղաղ լուծում տալու միջազգային հանրության ակտիվ ջանքերը։
Հարց է առաջանում. ի՞նչ են անում այդ ամենից հետո ադրբեջանցի «հավատի զինվորները» Սիրիայում, ի՞նչ նպատակի համար են այդքան մեծ քանակությամբ զոհեր տալիս։ Պարզ է, որ ոչ սիրիացիների «սեւ աչքերի» համար, այլ Սիրիայում արեւմտյան ու սաուդա-կատարական փողերով ձեւավորված տեռորիստական ինտերնացիոնալի առջեւ իրենց «պարտականությունները կատարելու», նրա կառույցներ ներդրվելու եւ դրանով իսկ ադրբեջանցիների շրջանում բավական լավ ստացվող կաշառքի ու հավաքագրման մեխանիզմներ ստեղծելու համար։
Նման զորաշարժը ձեռնարկվում է՝ նկատի ունենալով Սիրիայում ձեւավորված ահաբեկչական ինտերնացիոնալի ուժերը հետագայում ԱՊՀ տարածքում օգտագործելու արեւմտյան որոշակի շրջանակների ծրագրերը։ Մի կողմից՝ արաբական երկրներից, մյուս կողմից՝ Միջին Ասիայից ու Ռուսաստանի ինքնավարություններից հավաքված այս զանազան «ջամիաթների» ռազմական ներուժը ապագա պատերազմների այն «դյուրավառ նյութն» է, որը անխուսափելիորեն «հոսելու» է դեպի հակամարտությունների հաջորդ գոտիները։
Իրենց ուղարկած կամավորականներին նրանում տարրալուծելու միջոցով ադրբեջանական իշխանությունները ադրբեջանցի ահաբեկիչների միջոցով նախապատրաստում են ապագա Ղարաբաղյան պատերազմի համար նախատեսվող պրոֆեսիոնալների այն բանակը, որը կռվելու է այսօր էլ սահմանային ընդհարումների ժամանակ իրենց ապաշնորհությունը դրսեւորող ադրբեջանցի զինվորների ու սպաների փոխարեն։ Հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր ահաբեկիչներից բաղկացած այդ բանակին կարելի է հրապուրել նավթադոլարների եւ, իհարկե, իսլամական համերաշխության կարգախոսների միջոցով։
Նման վտանգի առարկայացումը ստիպում է հայկական երկու պետություններին ավելի մեծ ուշադրությամբ հետեւել Սիրիայում ձեւավորված իսլամական «բանակի» «ներքին բաղադրիչներին»՝ նկատի ունենալով նրա ոչ միատարր բնույթը, ինչպես նաեւ արաբական երկրների ու Իրանի որոշակի շրջանակների հակամետ ազդեցությունները այդ խմբավորումների վրա։
Պետք է հաշվի առնել նաեւ, որ Սիրիայում կռվողների շարքերում մեծ թիվ են կազմում ՀԱՊԿ անդամ միջինասիական երկրների եւ Ռուսաստանի քաղաքացիները, որոնց վերաբերմունքը նույնպես միասնական չէ Հայաստանի ու հայերի հանդեպ։ Այս առումով հարկ է վերհիշել նաեւ Ղարաբաղյան պատերազմին մասնակցած հյուսիսկովկասյան կամավորների հուսախաբության փաստը, որոնցից շատերը Ադրբեջանի համար արյուն թափելուց հետո միայն գիտակցեցին սեփական սխալները։
Պետք է հաշվի առնել նաեւ, որ ահաբեկչների «բուծման» այս ակնհայտ գործընթացը արդեն սկսել է իր անդրադարձն ունենալ Ադրբեջանի ներքաղաքական կյանքում, քանի որ տեռորիզմը մի երեւույթ է, որը խիստ դժվար է վերահսկել։ Այս հանգամանքը ներկայումս ստիպում է Ադրբեջանի իշխանություններին մի կողմից՝ առերես սահմանազատվել այդ հակասական գործընթացից, իսկ մյուս կողմից էլ՝ պարբերաբար ստուգումներ անցկացնել զանազան կրոնական կազմակերպությունների շրջանում։
Դա թելադրված է նաեւ Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի ահազանգերին արձագանքելու անհրաժեշտությամբ, քանի որ սա սկսել է անհանգստություն դրսեւորել Ադրբեջանում զանազան արմատական կազմակերպությունների ձեւավորման գործընթացից։ Այդ պատճառով վերջին օրերին Ադրբեջանի կրոնական համայնքների հետ աշխատող պետական կառույցը սկսել է ստուգումներ անցկացնել վահաբականների, «խավարիջիդների» եւ այլ հոսանքների կրոնական հավաքատեղիներում։
Ավելին՝ խոսելով Սիրիայի դեպքերի կապակցությամբ իր հայրենակիցների շրջանում ստեղծված իրավիճակի մասին, շիա հոգեւորականությանը ներկայացնող ղարաբաղյան սեիդների ներկայացուցիչ Սեիդ Ջամալ Ազիմբեյլին հայտարարել է, որ եթե Ադրբեջանի պետական կառույցները արագորեն չկասեցնեն իսլամական արմատականության նման սրընթաց ծավալումը, ապա շուտով երկրի ներսում կարող է ռազմական դիմակայություն սկսվել տարբեր հոսանքների ներկայացուցիչների միջեւ։
Այսպիսով, ակնհայտորեն, Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված միջազգային տեռորիզմի հետ զինակցության նոր «մեղրամիսը» հղի է լուրջ վտանգներով ոչ միայն Հայաստանի ու ԼՂՀ-ի, այլեւ հենց իր՝ Ադրբեջանի համար։
Ողջ խնդիրն այն է, թե ինչպես իրենց կդրսեւորեն մեր համապատասխան պետական մարմինները՝ հարեւանի կողմից բորբոքվող այս վտանգավոր գործընթացի հանդեպ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու եւ միաժամանակ «ուրիշի համար փոս փորողին» հենց նույն փոսը գլորելու համար։
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ












