Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան

Ռուսաստանի ԱԳՆ-ն իր մտահոգությունն է հայտնում շփման գծում տիրող իրավիճակի կապակցությամբ

Հունվար 31, 2014թ. 21:47

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հրադադարի խախտման դեպքերի հաճախացմանը:

ՌԴ ԱԳՆ-ի կայքում տեղադրված հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Մեր մտահոգությունն ենք հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ: Վերջին օրերին շփման գծում և սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախացման արդյունքում զինծառայողների շարքերում զոհեր կան: Հաղորդվում է նաև խաղաղ բնակչության շրջանում վիրավորների մասին: Կարծում ենք, որ լարվածության հետագա սրումն անխուսափելիորեն բացասականորեն կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Կարող է էապես բարդանալ Վիեննայում 2013թ. նոյեմբերի 19-ին հայ-ադրբեջանական գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:

Կոչ ենք անում հակամարտության կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել` ուղղված իրավիճակի կայունացմանը, այդ թվում` 1995թ. փետրվարի 4-ին կնքված` Հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրով նախատեսված մեխանիզմների կիրառմանը»:

Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը լարված է: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ԼՂՀ հետ շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով ադրբեջանական ուժերի կողմից դիվերսիոն հարձակումների փորձեր են եղել: Բռնկված փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Հունվարի 23-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու արդյունքում 16-ամյա աղջիկ էր վիրավորվել: Հունվարի 28-ին հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել էր զինծառայող Կարեն Գալստյանը: Հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրմանն անդրադարձել էր Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:


Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն