Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Հոգևոր

ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԱՌՋԵՎ

Փետրվար 2, 2014թ. 20:48

Արեւմուտքի կողմից մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ, այդ պատրվակով իրականացվող մարդկության այլասերման քաղաքականության վերաբերյալ է մեր հարցազրույցը Համահայկական հիմնախնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի համանախագահ, աստվածաբանության դոկտոր ՍԱՄՎԵԼ ՆԱՎՈՅԱՆԻ հետ:

Ո՞ր ասպարեզներում են դրսեւորվել ու դրսեւորվում քրիստոնեության դեմ ուղղված մարտահրավերները:

-Նախ, աշխարհայացքային պատերազմում: Դրա առավել հայտնի օրինակներից է մարտնչող աթեիզմը: 19-րդ դարի աթեիստ փիլիսոփա Նիցշեն քրիստոնեությունը համարել է թույն: Նրա հերոսը նվաճողների եւ տերերի ռասան էր: Նիցշեի շատ գաղափարներ գործնականում իրենց կիրառությունը գտան Ադոլֆ Հիտլերի գործունեության մեջ, որի հետեւանքը եղավ միլիոնավորների մահը: Հրեաների ոչնչացումից հետո նա մտադիր էր արմատախիլ անել նաեւ քրիստոնեությունը:
Քրիստոնեության դեմ արշավանքը զուգակցվեց նաեւ ԽՍՀՄ-ում ստալինյան ռեպրեսիաներով, Չինաստանում «կուլտուրական հեղափոխության», Կամբոջայում կարմիր կխմերների վարչակարգի արյունահեղություններով:
Աշխարհայացքային պատերազմում այդ մարտահրավերների մյուս արտահայտությունը մարտնչող հումանիզմն է:
Արեւմուտքում 60-ական թվականներին ծավալվող եւ հասարակությանը ֆիզիկական եւ բարոյական անկման տանող «սեքսուալ հեղափոխության» փիլիսոփայական հիմքերը դրվել են, այսպես կոչված, Առաջին, Երկրորդ եւ Երրորդ հումանիստական մանիֆեստներում, որոնք քաղաքակրթությունը հետ են տանում դեպի հեթանոսություն:

-Ի՞նչ մանիֆեստների մասին է խոսքը, կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել, քանի որ դրանք մեր հասարակությանը հիմնականում անծանոթ են:

-1933թ. մանիֆեստն աթեիստական մի հարձակում էր քրիստոնեության դեմ, գլխավոր գաղափարախոսները Պոլ Կուրցը եւ Ջոն Դյուին էին:
Երկրորդ կամ 1973թ. մանիֆեստում արդեն խոսվում էր ծնելիության վերահսկման, վիժեցումների, ապահարզանի, ազատ սիրո, էվթանազիայի իրավունքների մասին (հեղինակները` Անդրեյ Սախարով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին նախագահ Ջուլիան Հաքսլի եւ այլք):
2000թ. մանիֆեստը պահանջում էր ըստ սեռական կողմնորոշման խտրականության վերացման օրինականացում, ինցեստի (արյունապղծության` մերձավոր հարազատների ամուսնության) մերժումը հավասարեցնում էր ռասայական խտրականությանը, հիմնավորում մարդկանց կոդավորումը (ռուս հեղինակներից նշենք ակադեմիկոսներ Ն.Գ.Բասովի, Ե.Պ.Վելիխովի, Վ.Լ.Գինսբուրգի, պրոֆ. Ս.Պ.Կապիցայի անունները):

– Քրիստոնեության դեմ ուղղված մարտահրավերները միայն աշխարհայացքային պատերազմո՞ւմ են արտահայտվում:

– Ոչ, շատ կարեւոր է նկատի ունենալ նաեւ բարոյականության օտարումը միջազգային իրավունքից: Մասնավորապես միասեռականության ամրագրումը: 1973 թվականին, նախ, Հոգեբույժների ամերիկյան ասոցիացիան հոգեկան խանգարումների ցանկից հանեց համասեռամոլությունը։ Այնուհետեւ 1990թ. մայիսի 17-ին այն հանվեց նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների ցանկից։
Համաձայն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2007թ. հրապարակված Ջոկյա-կարտյան (Յոգյակարտյան) սկզբունքների, սեռական կողմնորոշումը հասկացվում է նաեւ որպես այս կամ այն անձի` նույն կամ միաժամանակ երկու սեռի նկատմամբ սեռական կախվածություն, իսկ գենդերային ինքնությունը կարող է նաեւ չհամընկնել ի ծնե ունեցած սեռի հետ եւ ուղեկցվել արտաքինի կամ ֆիզիոլոգիական ֆունկցիաների փոփոխությամբ:
Սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության վերաբերյալ ՄԱԿ-ի 2008թ. հռչակագրի 6-րդ կետում դատապարտվում է նաեւ սոցիալական եւ մշակութային իրավունքներից սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիման վրա զրկումը։
Համաձայն ԵԽ ԽՎ 2010թ. թիվ 1728 բանաձեւի (կետ 1), սեռական կողմնորոշումը (մեջբերում եմ) «կարող է լինել հետերոսեքսուալ (տարասեռ), բիսեքսուալ (երկսեռ) եւ հոմոսեքսուալ (նույնասեռ)»` հանդիսանալով «յուրաքանչյուր մարդու ինքնաիդենտիֆիկացման սկզբունքային բաղադրիչը»:
Այնուհետեւ, դարձյալ մեջբերում եմ, «Գենդերային ինքնությունը զուգակցվում է անհատի կողմից իր սեռի խորն ընկալման հետ: Տրանսգենդեր կոչվում են այն մարդիկ, որոնց մոտ գենդերային ինքնությունը չի համընկնում նրանց կենսաբանական սեռի հետ»:
2013թ. հունիսի 24-28-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽ ԽՎ-ում ընդունվել են 2010թ. թիվ 1728 բանաձեւը հաստատող նոր բանաձեւ եւ հանձնարարականներ:

– Ի՞նչ նպատակ է հետապնդում նոր բանաձեւը:

– Նոր բանաձեւում, ոչ ավել ոչ պակաս, կոչ է արվում, այսպես կոչված, ԼԳԲՏ (լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվիստիտների) հանրության համար ստեղծել քաղաքական եւ օրենսդրական գործունեությամբ զբաղվելու պայմաններ: Պատկերացնո՞ւմ եք…
Կոչ է արվում նաեւ դպրոցներում աշակերտների, ուսուցիչների, դպրոցական անձնակազմի համար իրականացնել ընդդեմ հոմոֆոբիայի եւ ԼԳԲՏ անձանց հավասարության վերաբերյալ ուսուցման նախագծեր: Ավելին` գեյ-շքերթներում եւ համանման միջոցառումներում ապահովել իշխանական թեւի պառլամենտականների եւ մյուս քաղաքական գործիչների մասնակցությունը:
Այս ուղղությամբ հաջորդ քայլն այն եղավ, որ 2013թ. դեկտեմբերին Եվրոպական դատարանը միասեռական միությունները հավասարեցրեց սովորական ամուսնություններին։

– Ճի՞շտ են այն տեղեկությունները, որ արդեն իսկ որոշակի քայլեր են կատարվել նաեւ այլասերվածության մյուս դրսեւորումների օրինականացման ճանապարհին:

– Ցավոք, այո: Անցյալ տարվա նոյեմբերին Հոգեբանների ամերիկյան ասոցիացիան մանկապղծությունը հանել է հոգեկան շեղումների ցանկից։ Եվրոպական քաղաքագետները մամուլում եւ հեռուստատեսությամբ ինցեստը (արյունապղծությունը, օրինակ, մոր եւ որդու, հոր եւ աղջկա ամուսնությունը) ներկայացնում են որպես գենդերային նորմ եւ առաջարկում են «ինցեստոֆոբիա» հասկացությունը: Նրանք այն ուզում են օրինականացնել, նախ, Շվեդիայում, Դանիայում եւ Շվեյցարիայում:
Ի դեպ, Շվեյցարիայում արյունապղծությունն ապաքրեականացվել է դեռեւս 2010 թվականին: 2012թ. ԱՄՆ-ի ուժային կառույցների զինվորականներին պաշտոնապես թույլ է տրվել զբաղվել անասնապղծությամբ:

– Կարո՞ղ ենք ասել, որ մարդկությունը կանգնած է քաղաքակրթական աղետի առջեւ:

– Միանշանակ այո: Ընտանիքի այլասերումը դրա վկայություններից է: Ժամանակակից Արեւմուտքում ընտանիքի նոր հայեցակարգին կարելի է ծանոթանալ Դեվիդ Նոուբելի աշխատությունում: Հումանիստ-սոցիոլոգ Ռոբերտ Ուայթհերստն առաջարկում է, այսպես կոչված, «բաց ամուսնությունը», տրիադան, կոոպերատիվը, կոմունան, ինտիմ պարտնյորների ընդլայնված շրջանակը, խմբային ամուսնությունը, սվինգինգը կամ զուգընկերների փոխանակումը:
Վերը նշված ցանկին ժամանակակից հումանիստ-սոցիոլոգ Կերկենդոլն ավելացնում է նաեւ, այսպես կոչված, գենիտալ հաղորդակցությունը, համասեռամոլությունը, բիսեքսուալիզմը:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների կրթության մանկական ձեռնարկում («Կողմնացույցիկ», 2008թ.), որը 2012թ. թարգմանաբար եւ որոշ խմբագրմամբ հրատարակվել է Հայաստանում, ընտանիքի տեսակների ցանկում ներկայացված է նաեւ միասեռական ծնողներով ընտանիքը: Ավելին` քննադատաբար է խոսվում համասեռամոլությունը հիվանդություն, հոգեբանական շեղում, ոչ նորմալ ապրելակերպ կամ մեղք համարելու մասին:
«Եվրոպայում սեռական կրթության չափորոշիչներում» նշվում է, որ արդեն մինչեւ 4 տարեկան հասակում անհրաժեշտ է երեխաներին տեղեկացնել սեփական մարմնին հպվելուց առաջացող բավարարության եւ ուրախության, մաստուրբացիայի, սեռական օրգանների ուսումնասիրության մասին, օգնել նրանց` զարգացնելու այլոց մարմինների նկատմամբ հետաքրքրասիրությունը:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Դիտել Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն