Շեշտադրումները փոխել է պետք` ոչ միայն ի?նչ է տալիս ՄՄ-ն Հայաստանին, այլև Հայաստանը ՄՄ-ին
Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
–Մեզանում հաճախ է խոսվում քաղաքակական դիվանագիտությունից, փոխարենը գրեթե անտեսված է տնտեսական դիվանագիտությունը, արդյո՞ք մեզ հաջողվում է իրականցնել ճկուն, արդյունավետ տնտեսական քաղաքականություն:
-Եթե մենք տնտեսական դիվանագիտություն ասելով հասկանում ենք երկրի արտաքին քաղաքական ողջ պոտենցիալը անվտանգ, դինամիկ զարգացող տնտեսության համար կայուն երաշխիքներ ստեղծելուն ծառայեցնելը, ապա այս դաշտում վերջին տարիներին մենք էական տեղաշարժ ենք արձանագրել: Ի?նչ նկատի ունեմ: Խոսքս , նախ, անվտանգության մասին է, որպեսզի ՀՀ տնտեսական տարածքը ներդրողի համար երկարաժամկետ հատվածում լինի անվտանգ, երկրորդ, միջավայրը պետք է լինի ներդրումների համար շահագրգռող, խթանող: Ես խոսում եմ ներդրումների մասին, որովհետև Հայաստանի տնտեսության զարգացումը չի կարող պայմանավորված լինել միայն ներքին սպառումով, 3 մլն սպառողական շուկան չի կարող տնտեսություն զարգացնել: Ուրեմն, ՀՀ տնտեսության զարգացման համար ակնհայտ է՝ այն պետք է ունենա արտահանման լուրջ պոտենցիալ, խոսքս արտաքին շուկա մրցունակ արտադրանք արտահանելու պոտենցիալի ձևավորման մասին է: Իսկ սա նշանակում է ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, բայց հարց է առաջանում, Հայաստանը սեփական գործարար կարողություններով, արդյո՞ք, ունակ է դրան: Անկասկած` ոչ, մենք չունենք այդչափ ֆինանսական կարողություններ, չնայած խոսում ենք մեր օլիգարխների մասին, բայց նրանց կարողությունները շատ համեստ են այդպիսի խնդիրների լուծման համար: Չունենք փորձառություն, քանի որ ներդրում անել ոչ միայն նշանակում է ֆինանսներ ունենալ, այլև տնտեսական որոշումներ կայացնելու գիտելիք ու կարողություն: Հետևաբար, մեր խնդիրը պետք է լինի Հայաստանը գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրողների համար: Հիմա այս համատեքստում էլ հասկանանք, արդյո?ք, վերջին տարիներին, դա մեզ հաջողվել է: Ֆինանսատնտեսական ճգնաժամը լուրջ ճշգրտումներ մտցրեց տնտեսական քաղաքականության մեջ, ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում սկսեցին քննարկել, արդյո՞ք, տնտեսության վուլգար լիբերալ տեսությունն իրեն չի սպառել, և փաստել՝ ժամանակն է վերադառնալ ֆիզիկական տնտեսության: Եվ ես կարծում եմ, որ մեր կառավարությանը ի պատիվ իրեն, որքան էլ դա չեն ուզում ընդունել ընդդիմախոսները, հաջողվեց ճգնաժամից հանգել լուրջ եզրակացությունների. առաջին, պետք է տնտեսության ռեալ սեկտորում մտածել դիվերսիֆիկացիայի մասին, երկրորդ, հրաժարվել շուկայի կարգավորիչ դերից, ու գնալ որակապես նոր ՝ մասնավոր հատվածի և պետության համագործակցության ճանապարհով՝ մասնավորի համար ստեղծելով երաշխիքներ: Հայաստանի կառավաությունը ճգնաժամից հետո որդեգրեց այս քաղաքականությունը: Կարող եք նաև պնդել, թե կառավարությունն իր այս տեսական հարցադրումները դեռևս մեծ ծավալով իրականություն չի դարձրել, բայց ես պետք է ասեմ նաև հակառակը: Ճգնաժամից հետո, շնորհիվ այս քաղաքականության, ունենք արտահանման աճի տպավորիչ տեմպ, քան ներմուծում, և սա խոսում է տնտեսության ռեալ սեկտորի դիվերսիֆիկացման մասին:
Դառնամ մյուս կարևոր խնդրին: Տնտեսական անվտանգության տեսանկյունից կարևոր քայլ էր Մաքսային միությանը անդամակցումը, սա նպաստավոր պայմաններ է ստեղծում քաղաքական ռիսկերը մեղմելու, երկարաժամկետ հատվածում օտարերկրյա ներդրումներ կատարելու համար: Մյուս կողմից, դեկտեմբերին ԵԽ ԽՎ-ն որոշում կայացրեց՝ ի թիվս 9-ը երկրների Հայաստանը դիտել որպես արտոնյալ պայմաններով առևտրային գործընկեր: Այդ մասին ՀՀ նախագահը առանձնահատուկ շեշտեց Չեխիայի իր այցի ժամանակ: Այս համաձայնագրի շրջանակում հայաստանյան ծագում ունեցող 7000 ապրանքատեսակներ կարող են հայտնվել եվրոպական շուկայում՝ շրջանցելով բոլոր սահմանային արգելքները: Եվ վերջապես, ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ շարունակվող բանակցային գործընթացը հնարավորություն կտա արդիականացնել տնտեսական համակարգը, այն առավելագույնս մոտեցնել եվրոպականին: Այս ամենով, Հայաստանը կարող է դառնալ բավականին հետաքրքիր հարթակ թե՛ եվրոպական ներդրողների համար՝ Մաքսային միության տարածք ներթափացելու առումով, թե՝ հակառակը: Սրանք վերջին տարիների այն նախաձեռնություններն են, որոնք խոստանում են դինամիկ կայուն տնտեսական զարգացման համար անհրաժետ երաշխիքներ ձևավորել:
-Ասացիք՝ < Հայաստանը կարող է դառնալ>, ասել է թե ամեն ինչ կախված է մեզանից, և դրա համար իրական քայլեր են հարկավոր: Չնայած, ըստ մասնագետների, ՄՄ ճանապարհային քարտեզը լավ մշակված փաստաթուղթ է, բայց կա մտահոգություն, որքանո՞վ ենք կարողանում բանակցության ժամանակ մեր գործընկերներին հետևողականորեն ներկայացնել սեփական շահերը, մեր անհանգստությունները:
– Պարզ խոսենք, ռուսական կողմի հետ հայ բանակցողների մասնագիտական կարողության մասին է խոսքը: Ես կարող եմ ըմբռնումով մոտենալ այս մտահոգությանը, բայց, նաև հարց տալ, արդյո՞ք, նման վերաբերմունքը հիմնավոր է: Թույլ տվեք չհամաձայնել: Ինչու, ակնհատ փաստ է, որ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացը եղել է ամենահաջողվածը, և դա մենք չենք ասում, այլ եվրոպացիները: Այսինքն, մեր բանակցողները կարողացան առավելագույնս կորզել Հայաստանի զարգացման անհրաժեշտ երաշխիքներ: Այն ժամանակ էլ բանակցողները հայեր էին, մերոնք էին, չէ՞: Նույն խնդիրը դրված է այսօր ՄՄ անդամակցման հարցում: Ինչո՞ւ չպետք է կարողանանք իրականացնել արդյունավետ բանակցություններ: Շրջանառության մեջ դրված ՄՄ ճանապարհային քարտեզը լավ մշակված փաստաթուղթ է և արդյունք է նաև մեր աշխատանքի: Ու այսօր մտահոգվել, թե նման բանակցություններ վարող կողմն ունակ չէ հավուր պատշաճի ներկացնելու սեփական շահերը՝ համաձայն չեմ:
Սակայն այստեղ կա մի շատ կարևոր հանգամանք, որը, ցավոք, քննարկման առարկա չի դարձել: Առաջին, շատ կարևոր է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը քննարկվի ոչ միայն այն հարթության մեջ, թե այն ի՞նչ է տալու Հայաստանին, ինչպես շատերն են ներկայացնում, այդ թվում և մեր ռուս գործընկերները, այլև թե ի՞նչ է տալու Հայաստանը ՄՄ-ին: Եթե մենք այս հարցի պատասխանը շիտակ չհնչեցնենք, ու եթե այն չդաջվի մեր գործընկերների գիտակցության մեջ, ապա, կներեք, այս համագործակցությունը կլինի խեղված, միակողմանի, ու տպավորություն կստեղծվի, թե մենք անընդհատ խնդրողի դերում ենք: Բայց մենք չենք խնդրում, այլ ընդամենը փորձելու ենք վերանվաճել այն տնտեսական տարածքը, որը պետք է մեր զարգացման համար: Իսկ պատասխանը շատ պարզ է. ցանկացած ինտգրացիոն ծրագիր կլինի հաջողված, եթե ապահովված է դրա անվտանգությունը, այդ թվում և տնտեսական: Խնդիրը դիտարկելով այս հարթության մեջ պարզ է դառնում, որ Ռուսաստանի տնտեսական անվտանգությունը մեծապես պայմավորված է հարավում իր ռազմավարական հետաքրքրությունների իրացմամբ: Իսկ այստեղ կարևոր դերակատարում ունի Հայաստանը: Ուրեմն, Հայաստան- Ռուսաստան համագործակցությունը ռազմավարական կարևորուոթյուն ունի ոչ միայն Հայաստանի , այլև ՄՄ անվտանգության առանցքը հանդիսացող երկրի՝ Ռուսաստանի համար, ապահովելով վերջինիս տնտեսական անվտանգությունը հարավում: Եզրահանգում, Հայաստանի ՄՄ-ին անդամակցումը համարվում է այդ ինտեգրացիոն ծրագրի տնտեսական անվտանգության կարևորագույն բաղադրիչը:
Երկրորդ, տնտեսական ինտեգրացիոն ծրագիրը կլինի հաջողված, եթե խարսխված է ներմիութենական կոոպերացիայի վրա, որի նախապայմանը աշխատանքի միջազգային բաժանում է: Այսինքն, ՄՄ անդամները ելնելով իրենց ռեսուրսներից մասնագիտանում են որոշակի ոլորտներում, ինչը ընդունելի է դառնում անդամ երկրների կողմից և նպաստում մեջպետական բավական լուրջ համագործակցության ձևավորմանը: Այսպես, ենթադրենք, Հայաստանը կարող է դիտվել միջուկային բժշկության ոլորտի զարգացման համար բարենպաստ միջավայր: Սրա շուրջ պայմանավորվելուց հետո այդ ուղղությամբ ՄՄ ներդրումները կատարվում են Հայաստանում, մեր երկիրն էլ ստանձնում է պատասխանատվություն` անդամ պետություններին մատչելի ծառայություններ մատուցելու հարցում: Նույնը վերաբերում է և մյուս երկրներին:
Հետևաբար, հայ բանագնացների խնդիրը պետք է լինի զարգացնել այս թեզը, քննարկել այն ռուս, բոլոռուս, ղազախ գործընկերների հետ և հասնել դրա իրականացմանը: Ռադիոֆիզիկա, ռադիոէլեկտրոնիկա, ճշգրիտ գիտություններ, փոքր քիմիա, մաթեմատիկա և այլն, այս ոլորտներում հայերս ունենք բավական լուրջ կադրային ներուժ և շահեկանորեն տարբերվում ենք մյուս գործընկերներից, չօգտագործել այդ ներուժը` անընդունելի է: Այս գաղափարը պետք է դառնա ՄՄ ինտեգրացիոն ծրագրի հենքը, որով կապահովվի Մաքսային միություն կառույցի կայունությունը: Այս դեպքում իրոք կստացվի, որ մենք ՄՄ անդամակցելով նպատակ ունենք ոչ թե Հայաստանի համար ինչ-որ բան կորզել, այլ որպեսզի այդ համագործակցությունից շահեն բոլորը: Հետևաբար, խնդիրը ոչ միայն ճանապարհային քարտեզի իրացման մեջ է, սա տեխնիկական հարց է, այլ այնպիսի հայեցակարգերի ներկայացման, որում բոլոր անդամները կլինեն շահագրգիռ:
–Ընդդիմախոսները հայտարարում են՝ կառավարությունը վատ կառավարիչ է ու ամեն ինչ սեփականաշնորհման ճանապարհով հեռացնում է իրենից, ինչի արդյունում էլ ծնվում են վատ բանակցված պայմանագրեր: Այդպիսին համարվում է <Գազպրոմի> հետ կնքված հայտնի <գազային> պայմանագիրը, որով, իբրև թե, Հայաստանը ստանձնել է միակողմանի պարտավորություններ, բոլոր իրավունքները թողնելով ռուսական կողմին: Իսկ ՌԴ-ն նպատակ ունի Գազպրոմի միջոցով իր քաղաքականությունը թելադրել ԱՊՀ երկրներին
:
-Նախ, մեր կառավարությունը ճիշտ հակառակ քաղականություն է վարում, ու պատրաստակամ է` սկսած գյուղատնտեսությունից, մինչև սարքաշինության ոլորտ, ստեղծել համատեղ ձեռնարկություններ: Սրանով էլ տարբերվում է 90-ականների կառավարության որդեգրած քաղաքականությունից, ինչը չարդարարացրեց իրեն, հանգեցրեց չարաշահումների ու մոնոպոլիզացիայի: Այլ հարց է, արդյո՞ք, ներկայիս կառավարությանը հաջողվում է բոլոր ոլորտներում կամ բոլոր փաստաթղթերի շուրջ լավագույնս բանակցել`ոչ: Ցավոք, <գազային> պայմանագիրը ամենալավ բանակցված փաստաթուղթը չէր: Բայց դրա ողջ տնտեսական բովանդակությունն է՝ ստեղծել երաշիքներ, որ Հայաստանում գազի սակագները անկանխատեսելի զարգացում չապրեն: Սա էական է ներդրումներ կատարողների համար: Այս իմաստոց պայմանագիրը հաջողված է: Բայց, կրկնում եմ, կան թեզեր, որոնք անկասկած շտկման կարիք ունեն, համոզված եմ, առաջիկայում, դրանք կշտկվեն:
Համաձայն չեմ նաև այն պնդումներին, թե ինչու 20 տոկոսը օտարվեց, բայց չէ՞ որ ի սկզբանե, դեռ 96-97 թթ., էներգետիկայի ոլորտում ռուսական <Գազպորմ>-ը ունեցել է գերազանցություն, տնօրենների խորհրդում ռուսները կազմել են մեծամասնություն: Իսկ գույք պարտքի դիմաց հայտնի գործարքից հետո, երբ մենք 80 տոկոսը զիջեցինք, <Գազպրոմ>-ը ստացավ մենաշնորհային դիրք, մեր 20 տոկոսը այլևս դեր չուներ ո’չ տնտեսական որոշումներ կայացնելու, ո’չ էլ մենեջմենտի տեսանկյունից: Եթե ինչ-որ մեկը հակառակն է պնդում, նշանակում է փաստերն է կեղծում:
Մյուս հարցադրման առնչությամբ ասեմ հետևյալը. ոչ ոք, այդ թվում և Ռուսաստանը, չի թաքցնում, որ իր էներգակիրները սեփական աշխարհաքաղաքական ազդեցությունը ապահովելու միջոց են: Եթե դրա հետ հաշտվում է Եվրոպան, մե?նք ինչու չեն հաշտվում, ո?րն է մեր այլընտրանքը: Երբեմն ասում են` դա Իրանն է, ոչ՛ Իրանը չի կարող այնպիսի որոշում կայացնել այդ ոլորտում, որն ուղղակիորեն հակասության մեջ կմտնի ռուսական շահերի հետ, որովհետև Իրանն այսօր ավելի մեծ կարիք ունի Ռուսաստանի տնտեսական, աշխարհաքաղաքական աջակցության, քան ՌԴ-ն` Իրանի: Ուրեմն, ինչո?ւ Հայաստանի համար Իրանը պետք հակասության մեջ մտնի ՌԴ-ի հետ: Իրանի գործոնը թող իզուր չշահարկեն: Այս երկիրը մեզ համար լուրջ, վսահելի գործընկեր է, բայց մենք լավ գիտենք, թե որքա?ն է նրա հնարավորությունների սահմանը, իրենք էլ գիտեն մերը: Այնպես որ, կներեք, դեմագոգիա պետք չէ անել:
-Իսկ ինչ կասեք Որոտանի կասկադի սեփականաշնորհելու գործարքի մասին: <Գազպրոմ>-ը ռուսներին, <Որոտանի կասկադը> ամերիկացիներին, հիմքում աշխարհաքաղաքական հաշվա՞րկ կա:
-Թվում էր, թե էներգետիկ ոլորտում Հայաստանը վաղուց արդեն հաշտվել է Ռուսաստանի էներգետիկ կառույցների մոնոպոլ դիրքին: Բայց հարց է առաջանում, այդ դեպում ինչու՞ Որոտանի կասկադը օտարվեց ամերիկյան ընկերությանը:Սա նշանակում է, որ Հայաստանը իր էներգետիկ համակարգը փորձում է օգտագործել ոչ թե Ռուսաստան-Արևմուտք, Ռուսաստան-ԱՄՆ առճակատումը խորացնելու, այլ ՌԴ-Արևմուտք համագործակցություն ձևավորելու համար: Մի՞թե սա հեռանկարային չէ: Մեր փոքր երկիրը ոչ թե պետք է իր քաղաքականությունը մշակի գերտերությունների հակասության վրա, այլ պայմաններ ստեղծի, որ նրանք մեր տարածքում համագործակցեն: Հետևաբար, Որոտանի կասկադը ամերիկյան ընկերությանը օտարելով ու ամերիկյան տնտեսական հետաքրքրությունը ՀՀ էներգետիկ համակարգում ապահովելով, Հայաստանը փորձում է իր տարածքում ՌԴ-ԱՄՆ համագործակցության համար հնարավորություններ ստեղծել: Թե ինչպիսի ապագա այն կունենա, ցույց կտա ժամանակ, բայց որ մենք այսօր նպաստավոր պայմաններ ենք ստեղծում, որ այդ երկու խոշոր խաղացողները մեր տարաքում ոչ թե առճակատեն, այլև համագործակցեն, ակնհայտ է, ու մենք դրանից անկասկած շահելու ենք:
-Ընդդիմախոսներն այստեղ էլ հակափաստարկներ ունեն. խնդիրն այն չէ, թե ո?ւմ , այլ թե ինչպե՞ս է սեփականա շնորհվել, ի?նչ պայմաններով, ի?նչ գնով: Եվ այս առումով ասվում է՝ հերթական սեփականաշնորհումը կատարվեց օրենքի հերթական խախտումներով, շրջանցվեց անգամ խորհրդարանը:
-Օտարման գինը տվյալ դեպքում բանակցությունների արդյունք է, որը կարող է լինել մի քիչ ավելի, կամ պակաս: Երբեմն օտարման ժամանակ ոչ այնքան կարևոր է թե ինչ ֆինանսական օգուտներ ես ստանալու , այլ թե ինչ տնտեսական հնարավորություններ կարող են բացվել երկրի համար: Իսկ Որոտանի կասկադի սեփականաշնորհման պարագայում, մեզ համար շատ ավելի կարևոր է այն, որ ապահովվում է ամերիկյան ընկերության մուտքը Հայաստանի էներգետիկ ոլորտ, ինչպես արդեն ասացի, սա աշխարհատնտեսական խնդիր է: Հետևաբար, գնի շուրջ հնչող հարցադրումները ինձ համար երկրորդական են: Այստեղ կա մի շատ կարևոր հանգամանք ևս: Որոտանի կասկադը լուրջ կառույց է և մեծ դերակատարում ունի նաև Իրան –Հայաստան էներգոհոսքերի կարգավորման հարցում: Այս տեսանկյունից ևս շատ հետաքրքիր է դառնում սեփականաշնորհմանը ամերիկյան կողմի մասնակցությունը: իսկ սրանք հարցեր են, որոնք ոչ միայն չի կարելի մակերեսայնորեն ներկայացնել ու քննարկել, այլև անգամ բարձրաձայնել: Անդրադառնամ, մյուս հարցին. արդյո՞ք, խորհրդարանը շրջանցվել է: Եթե Որոտանի կասկադը չի մտել սեփականաշնորհման ցանկի մեջ, ուրեմն այդ գործարքը կարող է ապագա ունենալ միայն ԱԺ-ի կողմից վավերացումից հետո: Այսինքն, հնարավոր չէ շրջանառության մեջ դնել մի փաստաթուղթ, որը իրավական առումով թերի է, նույնիսկ ամերիկյան կողմը կպահանջի` ապահովել իրավական առումով ոչ խոցելի փաստաթուղթ: Այնպես որ այդ բոլոր զրույցները ավելի շատ քաղաքական շահարկումերի ենթատեքստ ունեն, քան վերաբերում են բուն խնդրին: Գիտեք, ես այն կարծիքին չեմ, որ գործադիրը թերություններ առհասարակ չունի, բայց իրեն իրենց անուններով կոչենք: Պետք չէ ընդամենը հասարակության տրամադրությունների վրա ներազդելուն միտված զույցներ անել: Իսկ նման զրուցասերների խոսքում ես ոչ մի լուրջ վերլուծություն չեմ տեսնում:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












