ՂԱՐԱԲԱՂԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՅԼ ԲԱՆ ՉԻ ՄՆՈՒՄ, ՔԱՆ ՎԱՌՈԴԸ ՉՈՐ ՊԱՀԵԼ
Չեխիա կատարած պետական այցի շրջանակներում նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ հարցազրույց է տվել «Lidove noviny» «Ժողովրդական նորություններ» թերթին, որից մի հատված ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը։
-Պարոն նախագահ, Հայաստանը որոշել է միանալ Մաքսային միությանը Ռուսաստանի հետ: Դա նշանակո՞ւմ է Եվրոպական միությանը ինտեգրման ավարտ:
-Դա ոչ մի դեպքում չի նշանակում, ինչպես Դուք եք ասում, Եվրամիության հետ մեր հարաբերությունների ավարտ: Մենք արդեն վաղուց արդյունավետորեն համագործակցում ենք շատ ոլորտներում եւ մտադիր ենք հաստատակամորեն շարունակել մեր հարաբերությունները: Ես նկատի ունեմ բարեփոխումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ այլն:
Մենք կարեւոր նշանակություն ենք տալիս Եվրոպական միության հետ համագործակցությանը: Վիլնյուսյան գագաթաժողովում ընդունված համատեղ հայտարարությամբ (Հայաստանի Հանրապետություն եւ ԵՄ) մենք վերահաստատեցինք Հայաստանի պատրաստակամությունը՝ հետագայում եւս զարգացնել եւ ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Հենց այնտեղ՝ Վիլնյուսում, Հայաստանի արտաքին գործերի նախարարը եւ ԵՄ բարձր ներկայացուցիչը նամակներ փոխանակեցին, որոնցում նշված է Հայաստան-Եվրամիություն հետագա համագործակցության օրակարգը:
Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը չի նշանակում Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգից հրաժարում, քանի որ Եվրոպական միության հետ մեր փոխհարաբերությունները կառուցվում են ընդհանուր արժեքների, մարդու իրավունքների հարգման, օրենքի գերակայության եւ ժողովրդավարական ազատությունների նկատմամբ նվիրվածության հիմքի վրա:
ԵՄ-ի հետ մեր երկխոսության՝ Հայաստանում բարեփոխումների անցկացման մեր պարտավորություններին եւ փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող մասը շարունակում է մնալ որպես առաջնահերթություն մեր հարաբերությունների օրակարգում:
-Ադրբեջանի տարածքների մի մասը գտնվում է Ղարաբաղի հսկողության տակ: Ինչո՞ւ:
-Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հսկողության տակ անցավ հարակից շրջանների մի մասը: Այդ հողերը բուֆերային գոտու դեր են կատարում՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անվտանգությունը հնարավոր հրետակոծություններից եւ ամրապնդելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի պաշտպանական դիրքերը նոր ագրեսիայի դեպքում:
Ադրբեջանը մշտապես սադրում է իրավիճակի սրում շփման գծում: Հատկապես բանակցությունների հերթական փուլի նախօրեին կամ անմիջապես դրանց ավարտից հետո, ինչպես նաեւ այլ պետություններից բարձրաստիճան պետական պաշտոնյաների այցերի օրերին:
Գոյություն ունեցող շփման գիծը ամրացված ինժեներական շինություններ են եւ ամենակարճ սահմանը, որ թույլ է տալիս ղարաբաղցիներին պաշտպանվել ադրբեջանական ղեկավարության ռազմատենչ, ծայրահեղ ազգայնամոլ, երբեմն՝ ֆաշիստական հռետորաբանության ֆոնին:
Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Ղարաբաղը եւ նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքը՝ Երեւանը, Հռոմի հասակակիցը, ադրբեջանական պատմական հողեր են, եւ այդ ամենը երբեւէ կբռնակցվի Ադրբեջանին: Նա այդ մասին խոսում է հրապարակայնորեն, եւ Ղարաբաղի իշխանություններին այլ բան չի մնում, քան «վառոդը չոր պահել»:
-Հայաստանում Ռուսաստանի ռազմակայան կա: Ձեզ ինչի՞ց է պաշտպանում: Թուրքիայից եւ Ադրբեջանի՞ց:
-Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի գտնվելը ծառայում է մեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության պահպանմանը: Այդ ռազմակայանը խոր պատմական արմատներ ունի, անցել է լուրջ մարտական ուղի: Ռազմակայանի մասին համաձայնագրով այն Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգում կարեւոր բաղադրիչ է՝ բոլոր ուղղություններով հնարավոր սպառնալիքների դեպքում: Վերջերս մենք նախագահ Պուտինի հետ Գյումրի քաղաքում այցելեցինք այդ ռազմակայան:
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիրներից մեկն է: Ռուսաստանի հետ մեզ կապում է նաեւ ռազմավարական դաշնակցային գործընկերությունը, որն արտացոլված է մի ամբողջ շարք պայմանագրերում ու համաձայնագրերում: Հայաստանը հավատարիմ է անվտանգության համակարգերի համատեղման սկզբունքին եւ հանդես է գալիս բաժանարար գծերի դեմ՝ ե՛ւ հին, ե՛ւ նոր:
-Ադրբեջանը ուժգնորեն ամրապնդում է իր ռազմական ուժերը: Պատրաստվելով պատերազմի՞ն:
-Ցավոք, պատմության դասերը ոչ միշտ են պատշաճ կերպով հաշվի առնվում: Այսօր էլ Ադրբեջանը չի դադարում բարձր մակարդակով սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի եւ Արցախի հասցեին՝ արհամարհելով միջազգային հանրության կոչերը՝ ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, այլ ոչ՝ պատերազմի:
Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Արցախը լիովին համամիտ են Մինսկի խմբի համանախագահների այն մոտեցմանը, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Մենք վստահ ենք, որ ուժի նոր կիրառումը կարող է նոր զոհերի եւ ավերածությունների պատճառ դառնալ, բայց երբեք չի լուծի Ղարաբաղի խնդիրը:
Հուսով եմ, որ վաղ թե ուշ ողջախոհությունը կհաղթի, այդ ընկալումը կդառնա գերիշխող, եւ մեզ վերջապես կհաջողվի հաստատել երկարաժամկետ կայունություն եւ խաղաղություն մեր տարածաշրջանում:












