Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան

Արևմուտքը փորձում է խնդիրներ ստեղծել Ադրբեջանի իշխանությունների համար. Независимая газета

Փետրվար 11, 2014թ. 22:06

Արևմտյան իրավապաշտպաններն իրենց օրակարգ են ներառել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակը։ Պատմության մեջ առաջին Եվրոպական օլիմպիական խաղերի՝ Ադրբեջանում անցկացվելու նախաշեմին փորձագետները կանխատեսում են տեղական իրավապաշտպան կազմակերպությունների ակտիվացում, որոնք գործում են արևմտյան ինստիտուտների միջոցներով, գրում է Независимая газета-ն։

Այսօր Բաքվում ուշադրությամբ հետևում են Սոչիի Օլիմպիական խաղերի փորձին։ Դա դատարկ հետաքրքրություն չէ։ Մեկ տարի անց Ադրբեջանը պետք է անցկացնի պատմության մեջ առաջին ամառային Եվրոպական օլիմպիական խաղերը։

Մայրաքաղաքում և շրջաններում մասշտաբային աշխատանքներ են տեղի ունենում, կառուցվում են մարզահամալիրներ, հյուրանոցներ, գրում է հոդվածագիրը։ Մի խոսքով՝ երկիրը պատրաստվում է պատշաճ մակարդակով ընդունել հյուրերին և, ինչպես թերթն է նշում, կազմակերպել Օլիմպիադայի բացման և փակման չտեսնված արարողություններ։

«Այժմ համաշխարհային հանրության ողջ ուշադրությունը սևեռված է Սոչիի Օլիմպիական խաղերի, կոռուպցիայի դեպքերի վրա, որոնք տեղի էին ունեցել խաղերին պատրաստվելու ընթացքում։ Սակայն Սոչիից հետո ուշադրության կենտրոնում հայտնվելու է Բաքուն, որտեղ անցկացվելու են պատմության մեջ առաջին Եվրոպայի օլիմպիական խաղերը, և դրա բացմանը մնացել է 500 օրից էլ քիչ»,-ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից Ռեբեկա Վինսենթը։

Պետդեպարտամենտից հեռանալուց հետո նա չդադարեց զբաղվել Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով և ակտիվորեն օգնում էր տեղական ոչ կառավարական կազմակերպություններին։

Haqqin.az կայքի տվյալներով՝ ներկայում Ռեբեկա Վինսենթը, ով շրջապատում հայտնի է որպես Միլեդի, աշխատում է Ադրբեջանի դեմ նոր ռազմավարության մշակմամբ, որը կապված է հզոր քարոզչության իրականացման հետ՝ Բաքվի «Եվրաօլիմպիադա- 2015»-ին ընդառաջ։

Ի դեպ, դա չի հերքում նաև Վինսենթն ինքը՝ պնդելով, որ Եվրաօլիմպիադայի ժամանակ, ինչպես և «Եվրատեսիլի» ընթացքում, միջազգային կազմակերպություններն իրենց ուշադրությունը կսևեռեն Ադրբեջանում մարդու իրավունքների վրա և կուսումնասիրեն վիճակն այս երկրում։

«Սակայն ողջ խնդիրն այն է, որ չպետք է Ադրբեջանի խնդիրներին հեռվից նայել։ Միջազգային հանրությունը պետք է կոնկրետ միջոցառումներ ձեռնարկի։ Հակառակ դեպքում, Եվրաօլիմպիադայի ավարտից հետո ամեն ինչ նախկինի պես կլինի»,-հայտարարել է նախկին պաշտոնյան «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Տեղի վերլուծաբանների խոսքերով՝ այսօր մի շարք եվրոպական երկրներ, ինչպես նաև ԱՄՆ-ն, իրենց ռազմավարական խնդիրները լուծելու համար ֆինանսավորում են տեղական կազմակերպություններին և ակտիվացնելով նրանց գործունեությունը՝ փորձում խնդիրներ ստեղծել Ադրբեջանի իշխանությունների համար։ Սակայն իշխանությունն էլ քնած չէ, և կազմակերպություններից պահանջում է օրինականացնել ֆինանսավորման աղբյուրներն ու մատնանշել, թե կոնկրետ ինչի համար են ծախսվելու այդ միջոցները։
tert.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն