Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Մենք կարող էինք խուսափել միանձնյա որոշումից. Աղվան Վարդանյան

Փետրվար 11, 2014թ. 22:25

Որևէ ողբերգական բան տեղի չի ունեցել, և հարկավոր չէ հայտարարություն չստորագրելուն որևէ շրջադարձային նշանակություն տալ, բայց մենք ավելի շատ ոչ թե շահեցինք, այլ կորցրեցինք: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստան-ԵՄ խորհրդարանական նիստին մասնակցած` Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ, ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ խոսելով Ստրասբուրգում փետրվարի 5-6-ը տեղի ունեցած Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական՝ 14-րդ նիստի մասին, որն ավարտվեց առանց եզրափակիչ հայտարարության, քանի որ կողմերին չհաջողվեց գալ ընդհանուր հայտարարի:

Աղվան Վարդանյանը ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, թե ինչ մթնոլորտում հայկական խորհրդարանական պատվիրակությունը գնաց Ստրասբուրգ: Մասնավորապես՝ սեպտեմբերի 3-ի՝ ՄՄ-ին միանալու հայտնի որոշումից հետո, երբ Եվրոպայում կար Հայաստանի հանդեպ ակնհայտ չհասկացվածության մթնոլորտ: Աղվան Վարդանյանի խոսքով՝ հայկական պատվիրակության նպատակն էր փորձել բացատրել եվրոպացիներին իրավիճակը, Հայաստանի առկա հնարավորությունները և դժվարությունները, նաև այն, որ թեև ՄՄ-ին ինտեգրումը կատարված փաստ է, բայց Հայաստանը դռները բաց է պահում ԵՄ-ի հետ հարաբերություններում և փորձում առաջ գնալ:

Նա նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված կետում խնդիրներ ու տարաձայնություններ առաջացան կողմերի միջև: Աղվան Վարդանյանի համոզմամբ՝ համատեղ փաստաթուղթ չստորագրելը կունենա իր հետևանքները: Նա նշեց, որ թեև կար ժամանակի խիստ պակաս, բայց հայկական պատվիրակության բոլոր անդամների` ԵՄ խորհրդարանականների հետ ընդհանուր հայտարարի չգալու փաստը տարակուսանք էր առաջացրել, քանի որ սեպտեմբերի 3-ից հետո առաջին անգամ չի հաջողվում համատեղ փաստաթուղթ ստորագրել:

« Մենք ենթադրում էինք, որ մեր խմբի ղեկավարը խորհրդակցում է պաշտոնական Երևանի հետ, բայց կարծում եմ, որ Ֆարմանյանը պետք է իր գործընկերներին, անկախ նրանից` ընդդիմություն են ներկայացնում, թե` ոչ, տեղեկացներ այդ քննարկումների ու դիրքորոշումների մասին: Մենք կարող էինք խուսափել միանձնյա որոշումից: Այս դեպքում մենք ավելի շատ կորցրեցինք: Վախենում եմ, որ մեր այս քայլով Եվրոպայում կկորցնենք բարեկամներ»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ Հայաստանն այսուհետ պետք է ավելի ծրագրված աշխատանքներ տանի՝ փորձելով ներազդել այնպես, որ հետագայում խուսափեն նմանօրինակ իրավիճակներից:

tert.am-ի լրագրողի հարցին` արդյոք կո՞ղմ էր Աղվան Վարդանյանը ԵՄ խորհրդարանականների ներկայացրած փաստաթղթի տարբերակին, նա նախ պատասխանեց, որ խնդիրների մեջ խորանալու դեպքում շատ բան կարող է բացահայտել: Այդուհանդերձ, եւս մեկ անգամ հստակեցրեց, որ ձևակերպումներ կային, որոնց հետ համաձայն չէին, բայց կողմ կլիներ՝ հանուն փաստաթղթի ստորագրման:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն