«Եվրոպական փաթեթ», որի պարունակությունը դեռ հայտնի չէ
Եվրամիության անդամ 13 երկրներ հանդես են եկել Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ հարաբերությունները շարունակելուն ուղղված նոր գործողությունների ծրագրի մշակման առաջարկությամբ, որն արդեն իսկ ստացել է «Եվրոպական փաթեթ» անվանումը:
Սա, ըստ էության, Եվրոպայի պատասխանն է Արևելյան գործընկերության ծրագրի տապալումից հետո ստեղծված իրավիճակին: Այդ փաթեթի մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն պետք է ենթադրել, որ դրանով Եվրոպան փորձելու է նոր գործիքներ գտնել Եվրամիության ընդլայնմանն ուղղված ու առայժմ տապալված քաղաքականության համար: Այս նախաձեռնությունը ոմանք գնահատում են` որպես Հայաստանի համար նոր հնարավորություն` եվրաինտեգրացիայի գործընթացը շարունակելու առումով: «Եվրոպական փաթեթը» վերաբերում է Արևելյան գործընկերության ծրագրի անդամ բոլոր վեց երկրներին, այդ թվում՝ Հայաստանին: Սակայն ակնհայտ է, որ Եվրամիությունն այս փաթեթով առաջին հերթին` փորձելու է լուծել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի ինտեգրացիայի խնդիրները, նույն եվրոպացիները չեն էլ թաքցնում այդ մասին:
Այսինքն՝ Հայաստանի անունն այդ երկրների ցանկում դեռևս կամ արդեն ընդգրկված է ավելի շատ` խորհրդանշական կամ նոմինալ իմաստով: Եվրամիությունը Հայաստանին այլևս լուրջ չի վերաբերվում, և դա լավագույնս արտահայտվեց անցած շաբաթ Ստրասբուրգում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում, որն, ըստ էության, տապալվեց՝ առանց անգամ խորհրդանշական հայտարարություն ընդունելու:
Անցած տարվա սեպտեմբերի 3-ից հետո Եվրամիությունը տևական ժամանակ փորձում էր ըմբռնումով մոտենալ Հայաստանի անսպասելի որոշմանը՝ հավատալով կամ գուցե ցույց տալով, որ հավատում է Ռուսաստանի իշխանությունների կողմից գործադրված ճնշումների մասին ՀՀ իշխանությունների՝ «եվրոպական միջանցքներում» արված արդարացումներին: Բայց անցած մի քանի ամիսներին Հայաստանի իշխանությունները սկսեցին «ճնշում գործադրել» Ռուսաստանի վրա՝ Հայաստանի ինքնիշխանության հանձնման գործընթացն արագացնելու համար:
Միաժամանակ, նույն իշխանությունները եվրոպական մայրաքաղաքներում Հայաստանի եվրաինտեգրացիայի մասին շարունակում են խոսել այնպիսի շեշտադրումներով, կարծես ոչինչ էլ չի եղել, հայտարարում են, թե Հայաստանը շարունակում է ասոցիացվել Եվրոպային` առանց Ասոցացման համաձայնագրի, և այլն: Եվրամիությունը, սակայն, կարծես արդեն դադարել է հանդուրժել խաբեությունն ու ցինիզմը և Հայաստանի հետ հարաբերություններում «իրերն անվանում է իրենց անուններով»: Ավելի պարզ ասած, Եվրամիությունը Հայաստանին այլևս չի վերաբերվում որպես ինքնիշխան պետություն՝ համարելով, որ Հայաստանի հետ կապված հարցերի համար պետք է բանակցի Ռուսաստանի հետ: Որպես վերջինիս մաս էլ, Հայաստանն, ըստ էության, ընդգրկվել է «Եվրոպական փաթեթում»: Այսինքն՝ Եվրամիությունը Հայաստանը «փաթեթավորել» է մոտավորապես այն իմաստով, որով այդ արտահայտությունը հասկանում ու օգտագործում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչները:
168.am












