ՀԱՅԵՐԸ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻՆ` ԸՆԴԴԵՄ ՄԻԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԻ
Երեկ Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ «Համահայկական ծնողական կոմիտեի», Դեմոկրատական կուսակցության, Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի, «Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» եւ եւս 6 կազմակերպությունների նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել, որի նպատակը Ֆրանսիայում եւ աշխարհի տարբեր երկրներում գենդերային հավասարության քողի ներքո միասեռականությանն աջակցելու վերաբերյալ ընդունված օրենքների ու օրինագծերի դեմ սկիզբ առած հասարակական շարժումներին սատարելն է:
Կազմակերպությունների ներկայացուցիչները կամ պարզապես գենդերի դեմ իրենց վրդովմունքն արտահայտելու ցանկություն ունեցող մարդիկ դեսպանատան առաջ էին հավաքվել` տարբեր հակամիասեռական, հակագենդերային եւ ավանդական ամուսնական հարաբերություններ քարոզող կարգախոսներով:
2013թ. մայիսին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ստորագրեց միասեռ ամուսնություններն օրինականացնող ու միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրման մասին օրենքը, որն ավելի վաղ հավանության էր արժանացել Սահմանադրական խորհրդի կողմից: Այսպիսով Ֆրանսիան դարձավ 14-րդ երկիրը, որտեղ թույլատրված են միասեռ ամուսնությունները:
Ըստ Ֆրանսիայի ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալների՝ օրինագծի ընդունումից մինչ օրս Ֆրանսիայում գրանցվել է ավելի քան 7 հազար միասեռ ամուսնություն, որոնց գերակշիռ մասը արական սեռի միջեւ ամուսնություններն են:
Նախագահ Օլանդի քայլին ի սկզբանե դեմ դուրս եկան Ֆրանսիայի ընդդիմությունն ու Կաթոլիկ եկեղեցին, այնուհետեւ՝ հասարակությունը։ Հասարակական բողոքի մեծ ալիք բարձրացավ երկրում, որը շարունակվում է մինչ օրս՝ ավելի ու ավելի մեծ թափ առնելով: Վերջին բողոքի ակցիային մասնակցում էր մոտ կես միլիոն քաղաքացի:
Իսկ Ֆրանսիայում դպրոցներում գենդերային տեսության դասավանդումը շատ ծնողների ստիպել է երեխաներին պարզապես դպրոց չուղարկել։
«Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ բողոքի հավաքի ժամանակ հիշեցրեց, որ գենդերային տեսության եւ միասեռականությունն օրինականացնելու Եվրախորհրդի անբարո քարոզի դեմ առաջինն ընդդիմացավ հայ հասարակությունը դեռ 2011թ.` նախադեպ դառնալով այսօր տարբեր երկրներում բողոքի ցույցերի ու գործողությունների համար: Ուստի այսօր առավել եւս հայերը պետք է հոգեպես սատարեն բարոյական օրենքների դեմ ոտնձգության փորձեր կատարողների դեմ պայքարողներին:
Արման Բոշյանն իր խոսքում նկատեց. «Այլեւս ոչ ոք չի կարող ասել, թե Հայաստանը, ընդդիմանալով եվրոպական այսպես կոչված նորարար արժեքներին, չի գիտակցում դրանց դրական նպատակները, քանի որ նույն առաջադիմական Եվրոպան է այսօր ընդդիմանում Եվրամիության այլասերող պարտադրանքներին: Այդպիսով Եվրոպան ցույց տվեց իրական դեմքը, որ իրենք եւս ավանդապահ են, քրիստոնյա ու բարոյական սկզբունքներով առաջնորդվող: Ուստի եվրոպական արժեքներ ասելով` նախեւառաջ դրանք է պետք հասկանալ»:
Իսկ հասարակական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ համոզված է, որ ողջ գենդերային տեսությունը արհեստականորեն ներմուծվել է մարդկության մեջ` նրանց ոչնչացնելու նպատակով. «Մենք մեր պայքարում նույնպես հետեւողական ենք լինելու, որպեսզի թույլ չտանք, որ իրագործվի մի ծրագիր, որը միտված է մարդկության ոչնչացմանը: Սա մեկ ազգի խնդիրը չէ, այլ համամարդկային է, ուստի բոլորս ենք պարտավոր ոտքի կանգնել»:
Բողոքի հավաքը նպատակ էր հետապնդում նաեւ նամակ հանձնել Ֆրանսիայի դեսպանին, որով կոչ է արվում Ֆրանսիայի Սենատին՝ վերանայել գենդերային հավասարության եւ միասեռականների միջեւ ամուսնությունն օրինականացնող օրենքը:
Արման Բոշյանի հավաստմամբ՝ այսքանով իրենց պայքարը չի սահմանափակվի: Առաջիկայում նրանք պատրաստվում են իրավաբանների հետ համատեղ կազմած եւ գենդերային հավասարության մասին օրենքի անօրինականությունը փաստող մի շարք փաստաթղթեր հանձնել Հայաստանի կառավարությանը` պահանջելով վերանայել ՀՀ-ում գենդերային հավասարության մասին օրենքը:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












