Եվրոչինովնիկներն իրավունք չունեն մեզանից <քաղաքական հստակություն> պահանջել
ԵՄ անդամ 13 երկրներ հանդես են եկել Արևելյան գործընկերության անդամ 6 երկրների՝ Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակելուն միտված նոր ծրագրի մշակման առաջարկությամբ: ՙԵվրոպական փաթեթ՚ անվանումը ստացած նոր ծրագիրն անշուշտ միտված է Արևելյան գործընկերության այլևս ձախողված ծրագրի վերաիմաստավորմանը: Թեմայի շուրջ զրուցեցինք Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ
–Արևելյան գործընկերության ծրագրի տապալումից հետո ՙեվրոպական փաթեթը՚ կարո՞ղ է համարվել մի նոր ելք ստեղծված փակուղուց:
-Նախ , այն կարծիքին չեմ, որ Արևելյան գործընկերության ծրագիրը տապալվել է: Հենց միայն փաթեթի ի հայտ գալն արդեն իսկ հնարավորություն է տալիս պահպանել ու շարունակել գործընթացը: Իհարկե, պետք է նաև արձանագրենք, որ Եվրամիությունը Արևելյան գործընկերության ծրագրով չհասավ իր նպատակներին, ինչի ականատեսը եղանք 2013-ին: Եվ տրամաբանական է, որ Վիլնյուսից հետո ԵՄ-ն փորձելու է նոր մոտեցումներ դրսևորել նախկին խորհրդային երկրների հետ հարաբերություններում: Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները ևս ԵՄ-ին դա են թելադրում: Այս իմաստով, կարող ենք արձանագրել գործընթացի զարգացում: Բայց մյուս կողմից չեն հանդարտվում բուռն զարգացումները Ուկրաինայում, ինչը փաստում է այն մասին, որ դեռ չի նշմարվում որոշակի հստակություն: Հետևաբար, ՙեվրոպական փաթեթը՚ չհամարելով վերջնական, ես կանվանեմ, ընդամենը, նախագծի նախագիծ:
-Եվրոչինովնիկները ևս խոստովանում են, որ Արևելյան գործընկերության ձևաչափը ճիշտ չէր ընտրված, նկատի առնելով այն, որ սխալ էր միևնույն մեթոդները տարբեր երկրներում կիրառել: Այսինքն, կա նոր գործիքներ, նոր մեխանիզմներ որոնելու անհրաժեշտություն:
-Իհարկե, այն լրջագույն խնդիրները, ինչի առաջ կանգնեց Արևելյան գործընկերությունը, մասսամբ հետևանք էին եվրոչինովնիկների սխալների, նրանց կողմից իրողությունների ոչ ճիշտ ըմբռնման: Մինչև սեպտեմբերի 3-ը, եթե Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդովան գրեթե նույն ընթացքով ու նույն մակարդակով էին ընթանում, ապա այլ էր ընթացքը Ադրբեջանի ու Բելոռուսի պարագայում: Այս առումով, միգուցե, եռաստիճան տարբերակված մոտեցումը կարող է տալ իր դրական արդյունքը, այսինքն, Վրաստանի ու Մոլդովայի դեպքում լինի մի առանձին մոտեցում, Հայաստանի և Ուկրաինայի դեպքում մեկ ուրիշը, իսկ Ադրբեջանն ու Բելոռուսը բոլորովին այլ մեթոդներ ու մեխանիզմներ են պահանջում: Կարծում եմ, Հայաստանի համար արդյունավետ կլինի եռաստիճան համակարգի կիրառումը, քանի որ այդ դեպքում մեր երկիրը կկարողանա խուսափել որոշ արտաքին քաղաքական ռիսկերից: Ադրբեջանը, չլինելով անգամ Առևտրի միջազգային կազմակերպության անդամ, չի ցանկանում բարդ հարաբերություններ ունենալ Եվրոպայի հետ, ուրեմն ինչո՞ւ պետք է Հայաստանը գնա հակադրման ճանապարհով: Մանավանդ, երբ մենք պատրաստ ենք ԵՄ-ի հետ ավելի խորը և ավելի լուրջ հարաբերությունների հաստատման:
-Փաստաթղթի նախագծում նշվում է. ՙԵվրոպական փաթեթը՚ կառաջարկի ավելին, քան նշված է Ասոցացման պայմանագրումե։ Ասվածից ի՞նչ ենթադրել:
-Այս փաթեթով տարբեր երկրների կներկայացվեն տարբեր առաջարկներ, իսկ Ասոցացման պայմանագրում նման բան չկար: ԵՄ-ն նպատակ ունի արագացնել ներքին ընթացակարգերը, որպեսզի Ասոցացման պայմանագիր նախաստորագրած Վրաստանն ու Մոլդովան կարողանան մինչև օգոստոս ստորագրել այդ փաստաթղթերը։ Փաթեթում Ուկրաինայի մասով ևս կան ոչ ուղղակի ասված նոտաներ, որոնք կարևոր են ներկայիս իրավիճակում, նախագծում ասվում է, որ Բրյուսելը մտադիր է Կիևի հետ շարունակել քաղաքական ընդգրկուն երկխոսություն և վարել քաղաքականություն` հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները։ Բնականաբար, Հայաստանի հանդեպ մոտեցունը կտարբերվի Վրաստանից ու Մոլդովայից, քանի որ նրանք արդեն իսկ նախաստորագրել են Ասոցացման պայմանագիրը, բայց նաև կտարբերվի Ադրբեջանի ու Բելոռուսի հանդեպ մոտեցումից, այս երկու երկրների հետ կհաստատվեն կտրուկ հարաբերություններ, ելնելով նրանցում առկա ներքին խնդիրներից: Կարծում եմ, որ Հայաստանի դեպքում, առավելապես խոսք կգնա ֆինանսական կամ քաղաքական աջակցության մասին: ՙԵվրոպական փաթեթում՚ Հայաստանի վերաբերյալ արձանագրված է՝ ՙբարձրացնել ներկայումս Բրյուսելի և Երևանի հարաբերությունները կարգավորող գործընկերության և համագործակցության պայմանագրի կարգավիճակ՚, այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
-Կարելի է կարծել, որ առաջակվելիք փաթեթը Հայաստանին կտա նոր հնարավորություն իրականացնելու ոչ թե հակադրող՝ Եվրասիական միություն, թե՞ Եվրամիությանը, այլ փոխլրացնող քաղաքականություն:
-Այո, դա ցանկալի իրավիճակ կլինի, սակայն այս պահին իրողությունն այն է, որ մենք դեռ հստակ ոչինչ չգիտենք ո՛չ ՄՄ-ի ու Եվրասիական միության, ոչ էլ ԵՄ նոր փաթեթում տեղ գտնող մոտեցումների մասին, քանի որ ո՛չ Բրյուսելում, ոչ Մոսկվայում , ո՛չ Երևանում դեռ հստակ չգիտեն, թե որտեղո՞վ են անցնում կարմիր գծերը և որտե՞ղ կա աշխատելու, հարաբերություններ զարգացնելու նպաստավոր դաշտ: Այսինքն, դեռ առաջին քայլերն են ուրվագծվում: Փաթեթը դեռ հրապարակված չէ, երբ փաստաթուղթը կլինի սեղանի վրա, այդ ժամանակ կխոսենք առավել մանրամասնորեն:
–ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստից վերադարձած մեր պատվիրակները շեշտում էին այն միտքը, թե Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ ԵՄ-ում չկա հասկացվածություն: Հարց է առաջանում, իսկ արդյո՞ք, ընկալելի է ԵՄ-ի գոծելաոճը մեզ համար: Հիշենք, որ վերջինս ժամանակին անհրաժեշտ ճնշում չգործադրեց Թուրքիայի վրա հայ-թուրքական սահմանը բացելու ուղղությամբ, այսօր էլ Ղարաբաղին վերաբերող փաստաթղթում չներառեց այն դրույթը, համաձայն որի ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների հիման վրա:
-Ես ծանոթ չեմ փաստաթուղթի բովանդակությանը և ինձ համար պարզ չէ, արդյո՞ք, այն եղել է այդչափ անընդունելի մեզ համար՝ ի տարբերություն նախկինում ընդունվածների: Եվ եթե այդ փաստաթղթում նշված է եղել Մինսկի խմբի մասին, ուրեմն այն արդեն իսկ իր մեջ ներառում է անհրաժեշտ ձևակերպումները, թերևս հայկական կողմը չպետք է նման կոշտություն ցուցաբերեր: Իսկ ընդհանրապես, համակարծիք եմ ձեր դիտարկման հետ, իրոք որոշ եվրոխորհրդարանականներ ունեն պարզունակ, մակերեսային մոտեցում հետխորհրդային երկրներում առկա քաղաքական գործընթացների նկատմամբ: Եվ այդ պարզունակությունն էր պատճառներից մեկը, որ Արևելյան գործընկերության ծրագիրը լուրջ խնդիրներ ունեցավ: Մյուս կողմից, ԵՄ-ում չկա հասկացվածություն, քանի որ պարզապես ցանկություն չկա, իսկ համագործակցությունը պետք է լինի փոխադարձ, եթե ԵՄ-ն մեզ չի կարող առաջարկել անվտանգության ապահովման երաշիքներ, ուրեմն իրավունք չունի մեզանից պահանջել իր համար ընկալելի քաղաքական հստակություն: Ի վերջո, Հայաստանի իշխանությունները չեն կարող երկիրը տանել քաղաքական ՙինքնասպանության՚ ճանապարհով:
–Տպավորությունն այնպիսին է, որ երբ որոշ եվրոչինովնիկներ ՙգլուխ չեն հանում՚ մեր արտաքին քաղաքականությունից, ապա կոշտացնում են իրենց դիրքորոշումը ղարաբաղյան հարցում: Որքանո՞վ է սա արդարացված և արդյունավետ քաղաքականություն հենց Եվրոպայի համար:
-Այո, ԵՄ որոշ պատգամավորների նման վարքագիծը չի բխում հենց Եվրոպայի շահերից, ավելին, այն խնդիրներ է ստեղծում հենց Եվրոպայի համար: Եվրոպայում կան ուժեր, որոնք դեռ ապրում են սառը պատերազմի իներցիայով: Բայց չէ՞ որ նման մոտեցումները կարող են հակառակ արդյունքն ունենալ և Հայաստանին մղել ոչ թե Եվրոպայի հետ համագործակցության առավել սերտացման, այլ հակառակ ուղով: Մի՞թե սա է Եվրոպայի նպատակը, համոզված եմ՝ իրական նպատակը ճիշտ հակառակն է:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












