«Արտավազդ Բ. պատիվը` կյանքից առավել» ֆիլմը կխթանի ազգային ինքնաճանաչմանը
Պատմաբան Արտակ Մովսիսյանը շարունակում է գիտահանրամատչելի ֆիլմերի ստեղծումը` հայոց պատմության կարեւորագույն դրվագներն առավել լայն զանգվածներին հասանելի դարձնելու առաքելությամբ: «Արտավազդ Բ. պատիվը` կյանքից առավել» նոր գիտահանրամատչելի ֆիլմն արդեն պատրաստ է. կինոժապավենը կներկայացվի հանդիսատեսի դատին փետրվարի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հեղինակը ցավով արձանագրեց, որ հայագիտության քարոզչությունը մեզանում շատ է կաղում: «Նոր ներկայացվող ֆիլմը նվիրված է մեր պատմության ամենաինքնատիպ դեմքերից մեկին՝ Արտավազդ Բ-ին: Հայոց պատմության մեջ իրենց կենդանության օրոք աստվածացվել են երեք արքաներ՝ Տիգրան Մեծը, Նեմրութի մեծ սրբավայրի կառուցող Անտիոքոս Ա Երվանդականը և Արտավազդ Բ-ն: Տիգրան Մեծի և Անտիոքոս Ա-ի մասին ֆիլմեր ստեղծել էինք, հիմա էլ պատրաստել ենք Արտավազդ Բ-ին նվիրված ֆիլմ»,- ֆիլմի գաղափարը ներկայացրեց հեղինակը: «Արտավազդ Բ. պատիվը` կյանքից առավել» ֆիլմի ռեժիսորն է Վաչե Սուքիասյանը: Երաժշտական ձևավորումը կատարել է Արմեն Օսիպյանը: Գիտահանրամատչելի ֆիլմի ստեղծագործական կազմում ընդգրկվել են թատերագետներ, պատմաբաներ, արվեստաբաններ, գիտնականներ:
Նրա գնահատմամբ` բացթողումները բազմաթիվ բնագավառներում են, այդ թվում՝ գիտահանրամատչելի ֆիլմերի ստեղծման, մինչդեռ նման ֆիլմերն անհրաժեշտ են ոչ միայն դրսում՝ Հայաստանը ճանաչելի դարձնելու նպատակով, այլև ազգային ինքնաճանաչման խթանման գործում: «Մեր ուսումնական ծրագրերում ֆիլմերը գրեթե ընդգրկված չեն, Հայաստանի կրթօջախների մեծ մասում ֆիլմադարաններ չկան, իսկ ֆիլմերը կարող են շատ ավելի տպավորիչ լինել, քան սովորական դասագրքային տեքստերը: Գիտահանրամատչելի ֆիլմերն, ի վերջո, գիտական աշխարհի նվաճումները հանրայնացնելու, ժողովրդի լայն խավերին հասանելի դարձնելու ամենաարդյունավետ ճանապարհներից են»,- ընդգծեց պատմաբանը:
Հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ Արտակ Մովսիսյանը վերջին տարիներին հեղինակել է հայագիտական գիտահանրամատչելի ֆիլմեր, որոնցից են «Տիգրան Մեծ. Հայրենապաշտ տիրակալը», «Նեմրութ. Արև-արքայի մեծ սրբավայրը» և «Ժայռապատկերներից մինչև այբուբեն»:
Ռեժիսոր Վահե Սուքիասյանի հետ Մովսիսյանի առաջին ֆիլմը «Տիգրան Մեծ. Հայրենապաշտ տիրակալը»-ն էր, որը ֆինանսավորել էին Լոս Անջելեում բնակվող իրենց ընկերները՝ ամուսիններ Ջո Յարալյանը և Նունե Սերոբյանը: Նրանք սիրով մասնակցել են նաև երկրորդ՝ «Նեմրութ. Արև-արքայի մեծ սրբավայրը» ֆիլմի ֆինանսավորմանը:
«Դժբախտաբար, 46 տարեկանում 2012 թվականին հանկարծամահ եղավ Ջո Յարալյանը (1966-2012 թթ.), ուստի մեր այս երրորդ ֆիլմը նվիրում ենք նրա հիշատակին: Ֆիլմի ֆինանսավորումը սիրով հանձն առավ Ջո Յարալյանի կինը՝ Նունե Սերոբյանը: Ֆիլմն անշուշտ կցուցադրվի Սփյուռքում: Հիմա պատրաստվում են ֆիլմի անգլերեն և ռուսերեն տարբերակները, որոնք հասցեագրված են լինելու ինչպես օտարազգիներին, այնպես էլ հայերեն չտիրապետող մեր ազգակիցներին»,- հայտնեց հեղինակը` տեղեկացնելով, որ ռեժիսոր Արտակ Ավդալյանի հետ ներկայում աշխատում է երկու նոր գիտահանրամատչելի ֆիլմերի վրա: Մեկը նվիրված է Վանի (Արարատ-Ուրարտու) թագավորությանը, երկրորդը` Երևանի պատմությանը և կոչվում է «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը»: Երկրորդ ֆիլմը (որի պրոդյուսերական աշխատանքներն իրականացնում է «Շարմ» հոլդինգը) նպատակ ունի ոչ միայն պարզապես ներկայացնելու մեր մայրաքաղաքի պատմությունը, այլ նաև պատասխան տալու ադրբեջանական կեղծարարությանը, որն, ինչպես հայտնի է, բուռն թափ է ստացել հատկապես վերջին տարիներին:
«Ֆիլմի ստեղծման ընթացքում նյութն այնքան մեծացավ, որ արդյունքում ստացվեց երկու ֆիլմ. «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը», որը 50 րոպե է ու դրանում շատ փոքր անդրադարձ կա ադրբեջանական հայտարարություններին ու ևս մեկը՝ «Պատմության կեղծարարները. Ադրբեջան», 25 րոպե տևողությամբ, որում արդեն խոսվում է ոչ միայն Երևանն ադրբեջանականացնելու փորձերի, այլև մյուս հակահայկական քարոզչական կեղծարարությունների մասին»,- հավելեց Մովսիսյանը:
Ֆիլմերի ստեղծման աշխատանքներն իրականություն են դարձել սփյուքահայ մի գործարարի շնորհիվ: Առաջիկայում նախաձեռնողներն ավելի մանրամասն կհայտնեն այս երկու ֆիլմերի շնորհանդեսի մասին:












