«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉԸ» ՆՈՐ ԿՅԱՆՔ ՏՎԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԻՆ
Օրերս մեկնարկեց «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ժողովրդական երգիչ» նախագծի չորրորդ եթերաշրջանը՝ նոր ձայներով, սիրված ժողովրդական երգերի նոր մատուցմամբ:
Չորս թիվն արդեն իսկ վկայում է, որ նախագիծը պահանջված է, սիրված, այլապես շարունակություն դժվար թե ունենար: Եվ ուրախալի է, որ հենց այդ նախագիծը հեռուստադիտողների մեծ լսարան ունի, իսկ նախագծի մասնակից երգիչները՝ երկրպագուների մեծ բանակ, ովքեր ժողովրդական երգի ծափահարողներն են:
Հայ ազգային մշակույթն արմատախիլ անելու վտանգի մասին ահազանգերը նոր չեն, մանավանդ երգարվեստի ոլորտում դեռ մի քանի տարի առաջ վիճակը վտանգավոր էր, քանի որ մասնագետներն արդեն խոսում էին ժողովրդական երգը կորցնելու մասին: Բարեբախտաբար նվիրյալ անhատների շնորհիվ հնարավոր եղավ ազգային երգին նոր կյանք տալ՝ այն ոչ միայն հնչեցնելով բեմերից, այլեւ երիտասարդներին ներգրավելով երգերի կատարման գործում:
Այդ նվիրյալ գործի ջատագովներից է «Շանթ» հեռուստաընկերությունը, որն արդեն քանի տարի է՝ «Ժողովրդական երգիչ» նախագծով փորձում է պահոցներից վեր հանել գուսանական, ժողովրդական, կոմպոզիտորական երգի գոհարները, դրանք նոր մատուցմամբ, նոր հնչողությամբ մատուցել հեռուստադիտողներին:
Չորրորդ եթերաշրջանը, ի տարբերություն նախորդների, ավելի աշխույժ է, քանի որ նախագծին մասնակցելու հայտ ներկայացրածների քանակն էր աննախադեպ մեծ` նախորդի համեմատ կրկնակի, ինչպես նաեւ տաղանդավորների թվով: Հենց այդ պատճառով ընտրական փուլում մրցութային փուլի համար նախատեսված 12 հոգու փոխարեն 14-ն ընտրվեցին, քանի որ ժյուրին չկամեցավ հրաժեշտ տալ իրենց երաժշտական ունակություններով առանձնացած երկու մասնակիցներին:
Նախագծի հանդեպ մեծ հետաքրքրությունը կազմակերպչական հարցերով պրոդյուսեր ԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆԸ պայմանավորում է նրանով, որ նախորդ եթերաշրջանին ժողովրդական երգերը մատուցվել էին ժամանակակից գործիքավորմամբ, ինչն ավելի գրավիչ էր դարձրել ժողովրդական երգը, ավելի մեծ լսարան գրավել:
Այս եթերաշրջանին նույնպես Սայաթ-Նովայի, Կոմիտասի, հայ գուսանների ու կոմպոզիտորների երգերը կմատուցվեն ժամանակակից գործիքավորմամբ, ինչն ավելի գունագեղ կդարձնի կատարումները, սիրված երգերը կմատուցվեն յուրօրինակ հնչողությամբ:
Ինչպես միշտ, այս անգամ էլ մասնակիցների աշխարհագրությունը փոքր չէ՝ ոմանք Հայաստանի տարբեր շրջաններից են, երգչուհիներից մեկն էլ՝ Շաքեն, Փարիզից է, որը ժամանակին մասնակցել է «Իքս ֆակտոր» նախագծի ընտրական փուլին՝ ներկայանալով ժողովրդական երգով եւ հուզելով հանձնախմբին: Պարզապես դասերի պատճառով չի կարողացել շարունակել հանդես գալ: Բայց այս տարի ուժերը փորձեց «Ժողովրդական երգիչ» նախագծում, եւ անցավ մրցութային փուլ:
Աննայի տեղեկացմամբ, ծրագրում ընդգրկված երգիչները հիմնականում երաժշտական կրթություն են ունենում, սակայն կան նաեւ այլ մասնագիտությամբ մասնակիցներ, որոնց համար երգը նախասիրություն է: Սակայն նախագծին մասնակցելուց եւ հաջողության հասնելուց հետո հավանաբար ժողովրդական երգը նրանց համար ավելին է դառնում, քան նախասիրությունը: Համենայն դեպս «Ժողովրդական երգիչ» նախագծում նրանց մասնակցությունը, նրանց իսկ խոստովանությամբ, խորհրդանշական է դառնում իրենց կյանքում, քանի որ այն սովորեցնում է առանձնահատուկ խնամքով փայփայել ազգայինը, սիրել ու փոխանցել սերունդներին:
Հենց այդ առաքելությամբ էլ, ըստ ժյուրիի անդամ, ժողովրդական երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, «Ժողովրդական երգիչը» կյանքի է կոչվել ու այսօր շարունակում է ճանապարհ հարթել: «Շատ կարեւոր նախագիծ է: Ի տարբերություն այլ հեռուստաընկերությունների նման նախագծերի՝ «Ժողովրդական երգիչը» շոու ծրագիր չէ: Այն դաստիարակչական եւ ազգապահպան նախագիծ է, ազգային մշակույթը, կատարողական արվեստը պահելու եւ նոր սերնդին փոխանցելու առաքելություն ունի։ Եվ ես ուրախ եմ, որ ի սկզբանե այդ ամենին մասնակից եմ, քանի որ առաջին իսկ եթերաշրջանից ժյուրիի կազմում եմ: Մինչ նախագիծը ես այդպիսի գործով էի զբաղվում: Բայց այս ձեւաչափը, որով մատուցվում է ժողովրդական երգը, շատ ավելի ազդեցիկ է, քան բեմականը»,- ասում է երգիչը՝ վստահեցնելով, որ հաղորդման շնորհիվ հայ երգի զարթոնքի գործը մեծ առաջխաղացում ունի:
Միայն թե ձեռք բերածով պետք չէ սահմանափակվել, այլ հարկավոր է հետեւողական լինել, որպեսզի ազգային երգի նկատմամբ սերն ու նվիրումը հարատեւ պահպանվեն, մեծանան ու համազգային դառնան. «Մեզ համար կարեւոր չէ, թե ով կդառնա հաղթող, քանի որ մեր առաքելությունն այլ է: Ավելի կարեւոր է հարստացնել մեր հայկական բեմն այնպիսի երգիչներով, ովքեր իրենք են ծառայում հայ մշակույթին, եւ ովքեր կդառնան այդ մշակույթի զինվորները»:
Կազմակերպչական հարցերով պրոդյուսերը որպես հավելում նշում է, որ «Ժողովրդական երգչի» շնորհիվ այսօր անգամ առանձին՝ ժողովրդական երգի բաժիններ են ավելանում երաժշտական ուսումնական հաստատություններում: «Չի կարելի անտեսել նախագծի դերը ժողովրդական երգի քարոզման գործում, ինչի շնորհիվ այդ երգն ընկալողների ու սիրողների թիվը գնալով մեծանում է: Եվ հենց այդ պահանջարկի մեծացման պատճառով երաժշտական ուսումնական հաստատություններում ժողովրդական երգի նոր բաժիններ են բացվել, ու ավելացել են բաժիններ ընդունվողների համար սահմանված տեղերը:
Կամ եթե նախկինում երեխաների ծնողներն ավելի շատ շահագրգռված էին իրենց երեխաներին ընդունել տալ փոփ, էստրադային կամ ջազային բաժիններ, այսօր նրանք ավելի նախընտրում են ժողովրդական երգի կամ երաժշտության բաժինները»,- վստահեցնում է Աննան:
Մեր այն հարցին, թե արդյոք նախագծի ավարտով դադարո՞ւմ է մրցույթի մասնակիցների մասնագիտական առաջխաղացումը, Աննան հավաստիացրեց, որ անգամ այդ ժամանակ «Շանթ» հեռուստաընկերությունը շարունակում է աջակցել լավագույններին՝ մասնավորապես աշխարհի տարբեր երկրներում համերգներով շրջագայելու հնարավորություն ընձեռելով:
Առաջին երեք նախագծերի լավագույն մասնակիցները՝ մոտ ութ երգիչ, 2013թ. հասցրել են համերգներով հանդես գալ մի շարք երկրներում՝ ԱՄՆ, Կիպրոս, Անգլիա: Սփյուռքում ժողովրդական երգի պահանջարկը մեծ է՝ դատելով մեր երգիչների ընդունելությունից եւ այնտեղից պարբերաբար ստացվող հրավերներից: Ժողովրդական երգիչներն այնտեղ սպասված են: Բացի դրանից, ժողովրդական երգիչները շատ են շրջագայում Հայաստանի տարբեր շրջաններում՝ այնտեղ էլ տարածելով ազգային երգն ու երաժշտությունը:
Սակայն Արսեն Գրիգորյանը նկատում է, որ մեր ձայնագրման ստուդիաները շահագրգռված չեն ժողովրդական երգեր ձայնագրել, այդ ոլորտում ներդրումներ կատարել: Մինչդեռ քաղաքակիրթ երկրներում ընդունված է, որ նման մրցույթի հաղթող մասնակցին հեղինակավոր ձայնագրման որեւէ ստուդիա հրավիրում է համագործակցության:
Բայց Հայաստանում ձայնագրման ստուդիաներն ավելի շատ ներդումներ են անում ոչ թե ժողովրդական մշակութի, այլ տարածված փոփ, ռաբիս երաժշտության ոլորտում: Դա, չգիտես ինչու, ավելի շահութաբեր է համարվում: Արսեն Գրիգորյանը հույս է փայփայում, որ վաղ թե ուշ կգտնվեն նաեւ «Շանթի» մտածելակերպը որդեգրած ձայնագրման ստուդիաներ, որոնք կանաչ լույս կվառեն ժողովրդական երգի ճանապարհին:
«Ազգային ժողովրդական երգի արժեքը գիտակցելը, այն արժեւորելը եւ դրանով զբաղվելը խոսում է ոչ միայն երգարվեստի նկատմամբ վերաբերմունքի, այլեւ ազգային գաղափարախոսության եւ ազգապահպանման գործոնի արժեւորման մասին»,- վստահեցնում է երգիչը:
«Ժողովրդական երգչի» այս եթերաշրջանը կձգվի մինչեւ մայիսի կեսը: Նախագծի առաջին գալա համերգն արդեն ավարտվել է: Առջեւում եւս 11 գալա համերգներ են, որոնց ընթացքում էլ կպարզվեն այս եթերաշրջանի լավագույն երգիչների անունները:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












