Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

“ԵՎՐԱԱՅԼԸՆՏՐԱՆՔ” ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԻ ՀՈՏՈՎ

Փետրվար 19, 2014թ. 00:00

Եվրախորհրդարանում առաջացած կոռուպցիոն սկանդալը, երբ բացահայտվեց 9 պատգամավորների կողմից ադրբեջանցիներին կաշառվելու իրողությունը, արդեն ո°չ նորություն է, ո°չ էլ` գաղտնիք: Բնականաբար, հարց է ծագում` ի°նչ է կորցրել Հայաստանը Եվրոպայում, ուր առկա է քաղաքական կոռուպցիա` հատկապես հօգուտ մեր թշնամու եւ ի վնաս մեզ, այն էլ` համաեվրոպական մարմիններում: Եվրաինտեգրիստները` որպես փաստարկ միշտ պնդում էին, թե Ռուսաստանի հետ որեւէ ինտեգրացիոն սխեմա վնաս է, քանզի այնտեղ շատ է տարածված կոռուպցիան, իսկ, այ, Եվրոպա գնալով` կձերբազատվենք կոռուպցիայից: Սակայն արդյո°ք քաղաքական կոռուպցիան մեզ համար առավել մեծ ռիսկ չէ, քան հասարակ կենցաղային կաշառակերությունը:

ԽԱՂԵՐ` ԿՐԿՆԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ

Օսկանյանի կողմից կազմակերպված նախկին արտգործնախարարների հավաքը, որն ուղիղ եթերում հեռարձակվում էր ՙՍիվիլնեթ՚ ինտերներտային հեռուստաալիքով, ուղղակի փայլում էր եվրոպասիրության եւ արեւմտասիրության ՙգոհարներով՚: Է°լ Վարդան Սիվիլիթասիչի ՙվերլուծությունները՚, որ առանց զիջումների ղարաբաղյան կարգավորումը հնարավոր չէ, է°լ Ալիկ Արզումանյանի խոստովանությունը, որ իր պաշտոնավարման ժամանակ ամերիկացիների կարծիքներն ու խորհուրդները, մեղմ ասած, շատ էին կարեւորվում… Էլ չենք խոսում եւ այն նոնսենսի մասին, որ ադրբեջանական նավթադոլարներով Եվրախորհրդարանի 9 պատգամավորների բացահայտումից հետո առնվազն պետք է պարզ լինի, որ Եվրոպան չի կարող այլընտրանք լինել Մաքսային միությանը: Դեռ քիչ էր Եվրոպայից գենդերային այլասերվածությունը պաշտպանող չափանիշների ներմուծումը, հիմա էլ ակնհայտ է այն փաստը, որ համաեվրոպական մարմիններում մշտապես առկա է ադրբեջանական կաշառքի միջոցով կոնկրետ որոշումների եւ բանաձեւերի մեջ հակահայկական ձեւակերպումների ներմուծման մշտական սպառնալիքը: Այսինքն` որ վնասից բացի, եվրաինտեգրումը մեր երկրին որեւէ օգուտ տալ չի կարող, ու այդ ուղեգծի կողմնակից սկզբունքորեն կարող է լինել միայն ՙ5-րդ շարասյան՚ ներկայացուցիչը:
Եվ ահա ԲՀԿ համագումարից անմիջապես հետո տեսնում ենք Օսկանյանի արտահայտած բավականին տարօրինակ մտքերը. “Այն, ինչ պարոն Ծառուկյանը ասել է մեր հարաբերությունների մասին` հատկապես Ռուսաստանի հետ, դա կուսակցության դիրքորոշումն է: Դժվար լինի մեկը, ով այլ կերպ մտածի, Հայաստանը ՌԴ-ի հետ պետք է բարձր մակարդակի հարաբերություն ունենա, երկու կարծիք չի կարող լինել: Բայց Մաքսային միությունը բոլորովին այլ որակ է: Իմ դիրքորոշումը` ՄՄ-ի հետ կապված, բացարձակապես չի հակասում բացարձակապես այն տեսակետներին, որոնք արտահայտվել են կուսակցության առաջնորդի կողմից”:
Այսինքն` ըստ Օսկանյանի, ստացվում է, որ որեւէ լուրջ գործիչ չի կարող չլինել ռուսամետ, բայց միաժամանակ ռուսամետ լինելը եւ Մաքսային միությանը կողմ լինելը… տարբեր բաներ են. “Մենք չենք կարող ՌԴ-ի հետ չունենալ բարձր մակարդակի հարաբերություններ, բայց ՄՄ-ի եւ ՌԴ-ի հետ հարաբերությունները երկու տարբեր հարթությունների վրա պետք է դիտարկել, սա կլիներ մեր դիվանագիտական հաջողությունը, բայց դժբախտաբար այս ընթացքը, որ մենք դրել ենք, ստիպված ենք եղել այդ երկուսը նույնացնել, ինչը լավ ճանապարհին մեզ չի դնում”: Իսկ ահա ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ պնդեց, որ “պարոն Օսկանյանը չի արել հայտարարություն, որը հակասի կուսակցության ծրագրերին, գաղափարներին՚, ու կուսակցությունը ՄՄ-ի մասին հստակ դիրքորոշում չէր կարող հայտնել, քանի որ բացի անորոշ ճանպարհային քարտեզից, այլ հստակ տեղեկատվություն չկա, թե ինչ է շահելու Հայաստանը ՄՄ-ին անդամակցելով”, ու դեռ մի բան էլ հայտնի է, “թե ինչպես է տուժելու ՀՀ-ն` անդամակցելով ՄՄ-ին”:
Ի?նչ է ստացվում` Վարդան Օսկանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը գործնականում արտահայտվում են Մաքսային միության դեմ ու միաժամանակ պնդում, որ իրենց արտահայտածը չի հակասում ԲՀԿ-ի ուղեգծին եւ ԲՀԿ առաջնորդի խոսքին: Մինչդեռ ԲՀԿ առաջնորդի կողմից որեւէ տեղ չի հնչել որեւէ պնդում Մաքսային միության դեմ: Ստացվում է նույն երկատվածության կրկնությունը, ինչ կար մինչ այդ համապետական ընտրություններին: Գումարած դրան` Օսկանյանին բաժին հասավ ԲՀԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, իսկ Նաիրա Զոհրաբյանին` քաղաքական ուժերի հետ հարաբերությունների հանձնաժողովը: Այսինքն` կան ինչ-ինչ ստվերում մնացած, ըստ ամենայնի, արտաքին ազդակներ, որոնք միտված են Օսկանյանի գլխավորած ՙնարնջագույն՚ թեւի ամրապնդմանը: Ենթադրաբար դա կարող է լինել ՙՀՀ ամենաերիտասարդ թոշակառուն՚, բայց նաեւ երեւում է, որ այդպիսի տեղաշարժը արժանանում է արեւմտյան գոհունակության: Զորօրինակ` Եվրոպահայության ֆեդերացիան իր տարածած հայտարարությամբ ողջունել է ԲՀԿ համագումարը, եւ այդ ողջույնում օգտագործել այնպիսի շռայլ գովասանք, որ անգամ ոչ բոլոր կուսակցականները կօգտագործեին:
Ինչեւէ, միաժամանակ նաեւ, թեեւ դա համագումարի փաստաթղթերում ամրագրված չէ, արդեն պարզ է, որ ոչ իշխանական խորհրդարանական քառյակը բարձրացնելու է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Դա ինքնին, սակայն, իր մեջ պարադոքս է պարունակում, քանզի նշանակում է, որ քառյակը համաձայն է ՀՀ նախագահի վարած քաղաքականությանը, սակայն դժգոհ է այդ քաղաքականությունը գործադրող մարմնի` կառավարության աշխատանքից: Այդ պարագայում արդյո±ք կարելի է ընդհանրապես խոսել քառյակի ընդդիմ ադիր դիրքորոշման վերաբերյալ:
ԲՀԿ-ն նաեւ այս համագումարում ընդդիմադիր կարգավիճակի չանցավ, մնաց ՙայլընտրանք՚: ՀՅԴ-ի պարագայում ընդդիմության մասին խոսքն անտեղի է, քանզի հնարավոր չէ ընդդիմադիր լինել եւ միաժամանակ իշխանության ձեռքից պատասխանատու դիվանագիտական պաշտոններ ստանալ: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա ՀԱԿ կուսակցության պաշտոնական գրանցման պահին քիչ չէին սկանդալային հայտարարությունները, որ այդ գրանցումը օրինականության տեսակետից բավականին կասկածահարույց է: Եվ, ընդհանրապես, արդյո±ք այդ կասկածահարույց գրանցումն արվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ նրա թիմակիցների գեղեցիկ աչքերի համար: Ինչ վերաբերում է ՙԺառանգությանը՚, ապա այդ կուսակցության քաղաքական ներկայությունը գրեթե չի երեւում: Դժվար թե կարելի է քաղաքական լուրջ գործողություն համարել ՙտարեկան հաղորդում՚ կոչվող այն հեքիաթը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հնչեցնելու է հյուրանոցային դահլիճի պայմաններում:
Ինչեւէ, բոլոր հիմքերը կան կարծելու, որ ոչ իշխանական խորհրդարանական քառյակը իրականում ոչ թե մտադիր է ինչ-որ հարցեր լուծել, այլ ընդամենը փաստարկներ է ստեղծում իշխանության հետ սակարկելու համար: Իսկ այն փաստարկները, որ կառավարության հրաժարականը պահանջելն ընդամենը մարտավարական ինչ-որ գործողություն է, քննադատության չի դիմանում, քանզի նույն հաջողությամբ մարտավարական գործողությունների նշաձողը կարող է իջնել` ընդհուպ գյուղապետերի հրաժարականների պահանջ: Ու քանի որ հանրությունը լավ էլ հասկանում է, որ իրականում առկա է ոչ թե ռեալ պայքար, այլ սակարկություն իշխանության հետ, այդ պատճառով էլ քառյակի հրապարակային միջոցառումներին չի աջակցում:
Բայց նաեւ հարց է առաջանում` արդյոք քառյակի գործողությունները կարող են առաջիկայում ապակայունացում ստեղծել մեր երկրում եւ բերել նրան, որ մինչեւ մայիս խափանվի կամ խոչընդոտվի մեր երկրի պլանային մուտքը Մաքսային միություն:

ՈՎ ԵՎ ԻՆՉՊԵՍ Է ՃՈՃՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱՎԱԿԸ

Այն, որ կայունությանը սպառնացող լուրջ մարտահրավեր չկա, երեւաց ԵԿՄ համագումարում ՀՀ նախագահի ելույթից եւ վստահ կեցվածքից: Որպես կարեւորագույն մարտահրավեր` երկրի ղեկավարը նշեց անվստահության մթնոլորտը եւ թերահավատությունը ապագայի նկատմամբ: Նա չխուսափեց նաեւ քննարկել կենսաթոշակային ռեֆորմը, որին իր իսկ խոսքերով դեմ է հանրության 80 տոկոսը, բայց որը ՀՀ նախագահն անհրաժեշտություն համարեց: Ինչ վերաբերում է արտաքին ագրեսիայի սպառնալիքին, ապա երկրի ղեկավարը շեշտեց, որ մեր արտաքին սահմանը հուսալիորեն պաշտպանված է, եւ ժամանակ առ ժամանակ սահմանում հակառակորդի կողմից իրականացվող սպանությունները ի զորու չեն փոխել իրավիճակը:
Իսկ հիմա անդրադառնանք քառյակին: Խոսակցություններ կան, որ բացառված չէ մարտի 1-ի հանրահավաքին ամբողջ քառյակի միասնական մասնակցությունը: Սակայն դա ինքնին զավեշտ է, քանզի 2008-ի մարտի 1-ին հիմիկվա ալյանսի ներկայացուցիչները բարիկադի տարբեր կողմերում էին: ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն այն ժամանակ իշխող կոալիցիայի անդամ էին, եւ ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունը՚ բարիկադների մյուս կողմում էին, կողմերի բաժանող հանգամանքն էլ, այդ թվում` եւ 10 զոհերն են: Եվ կարելի է փաստել, որ հիմիկվա այդ միավորումը առնվազն անկեղծ չէ: Ու նաեւ գլխանց զգացվում է, որ առկա է մոտեցումների տարբերություն նույն մարտի 1-ի նկատմամբ: Անգամ նկատելի է, որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանն ունի առավել արմատական դիրքորոշում, քան ՀԱԿ-ը` որպես այդպիսին:
Ինչեւէ, մարտ ամիսը, թերեւս, բավականին բուռն կլինի: Սակայն, դժվար թե, քառյակի գործողություններում դա գնա ավելի հեռու, քան նյարդայնացնող իրավիճակի ստեղծումը: Առավել եւս, ԲՀԿ-ի պարագայում, որը այդպես էլ ինքն իրեն ընդդիմություն չհռչակեց, ու գործարարների կուսակցությունը ընդդիմադիր կեցվածքում չի կարող անցնել որոշակի սահման, զի գործարար խավը իրեն կարող է թույլ տալ ռեալ ընդդիմադիր դրսեւորում միայն մի դեպքում` եթե իշխանափոխությունը երաշխավորված է: Իսկ այդպիսի երաշխիք ոչ ոք տալ չի կարող:
Ավելի շուտ ներքին կայունությանը ռեալ սպառնալիք է ոչ թե քառյակը, այլ կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ թափ հավաքող շարժման հնարավոր քաղաքականացումը: Ինքը` այդ շարժումը, ընդարձակում է սեփական գործողությունները, եւ արդեն հայտարարում գործադուլներ եւ դասադուլներ կազմակերպելու մտադրության մասին, միաժամանակ, սակայն, ձգտելով նվազագույնի հասցնել իրավապահների հետ հնարավոր կոնֆլիկտները: ՙԴեմ եմ՚ շարժումը, դժվար թե, իր մասնակիցների հիմնական կազմով ցանկություն ունենա քաղաքականալու, սակայն նման միտում կարող են դրսեւորել շարժման ղեկավարները, ովքեր զերծ չեն գրանտային բաղադրիչից:
Սակայն այդ քաղաքականացման դեմ էլ գոյություն ունի դեղամիջոց, որը ժամանակին իրեն բավականին լավ արդարացրել էր` երկխոսություն: Դա էլ միանգամայն հնարավոր է, առավել եւս, որ ՀՀ նախագահը իր ելույթում եւ հարցուպատասխանների ընթացքում նշեց, որ կենսաթոշակային ռեֆորմի համապատասխան ձեւակերպումները անթերի չեն: Ինչ-ինչ փոփոխություններ նաեւ ենթադրելի են, քանզի այդ ռեֆորմը տիպիկ արեւմտյան ռեֆորմ է, եւ Մաքսային միություն մտնելը, թերեւս, ինչ-ինչ վերանայումներ պետք է որ ենթադրի:
Ինչեւէ, սպասենք հերթական քաղաքական գարնանը, որն ավանդաբար անցնում է քաղաքական ակտիվության պայմաններում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
iravunk.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն