“ԳԵՐՄԱՆԻԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՈՒՆԻ ԽՆԴԻՐՆԵՐ”
Այն, որ Թուրքիան ցայտնոտի մեջ է` 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին սպասվելիք մի շարք խոշոր իրադարձություններից, դա ակնհայտ է: Այսպես, Գերմանիան իր պետբյուջեով հատկացումներ է կատարել` Հայոց ցեղասպանության 100 ամյակի հետ կապված, որի առնչությամբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Գերմանիայում պաշտոնական այցի ժամանակ իշխանություններին է դիմել` հորդորելով, որ պետբյուջեից հանեն այդ ծախսերը: Թուրք իշխանավորին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հակադարձել է` նշելով, որ Գերմանիան ժողովրդավար պետություն է եւ չի պատրաստվում հետեւել իր կոլեգայի դիմումին: Թե հատկապես ինչ է նախատեսվում Գերմանիայի կողմից, եւ ինչու է Էրդողանի մակարդակով այդ հարցը բարձրացվում` ՙԻրավունքի՚ հետ զրույցում ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ պատասխանեց.
-Սկսեմ նրանից, որ Գերմանիան Թուրքիայի հետ ունի որոշակի խնդիրներ, որոնք կապված են Գերմանիայում ապրող թուրքական հոծ համայնքի հետ, որոնք անկառավարելի են դարձել, եւ Գերմանիայի իշխանությունները արդեն տեւական ժամանակ է, ինչ մեխանիզմներ են փնտրում այդ համայնքի ագրեսիվ եւ ահաբեկչական գործունեությունը կասեցնելու համար: Իսկ Հայոց ցեղասպանության հարցը գերմանական իշխանությունները երբեմն փորձում են կիրառել այդ համատեքստում, այսինքն` Թուրքիային զսպելու կամ զիջման գնալու հարցերում, եւ բնական է, որ այս դեպքում այդ նպատակը կա: Իսկ Ցեղասպանության 100 ամյակը քննություն է լինելու ամբողջ ժողովրդավարական աշխարհի համար, եւ այն պետությունները, քաղաքական գործիչները, որոնք քննադատաբար հանդես չեն գա մարդկության դեմ իրականացված ոճիրին, չեն անի կոնկրետ քայլեր, զգալիորեն կնահանջեն ժողովրդավարական դիրքերից: Իսկ Գերմանիան, բնական է, որ այն պետություններից է, որ պետք է ապացուցի ժողովրդավարության իր գործոնը: Դրա համար կարող ենք ասել, որ Ցեղասպանության 100 ամյակից առաջ Գերմանիայում կարող են լինել` միջոցառումներ, բյուջետային հատկացումներ եւ այլն:
Իսկ գալով Թուրքիայի քաղաքականությանը` կարող եմ ասել, որ այն մի քանի նոր էլեմենտներ է մտցրել, սակայն շարունակում է հին ձեւերով աշխատել: Այսինքն, երբ մի պետության ներսում քննարկվում է Ցեղասպանության հարցը, Թուրքիան անմիջապես ագրեսիվ ռեակցա է տալիս: Կամ երբ մի տեղ Ցեղասպանությանը նվիրված հուշարձան է կառուցվում, Թուրքիան անմիջապես արձագանքում է: Վերը նշված Ձեր հարցը դրանցից մեկն է, որ Ցեղասպանությանն ուղղած հատկացումները անհանգստացնում են այնքան, որ այդ գործին միջամտում է Թուրքիայի վարչապետը: Սա նրանց քաղաքականության կոմպլեքսավորվածությունն է, պատմական իրականությունից խուսափելու անհաջող փորձն է:
– Այսինքն` Գերմանիայի կողմից այդ հատկացումները զուտ քարոզչակա±ն բնույթի են:
– Չեմ կարող ասել, թե իրենց բյուջեով այդ հատկացումներն ինչի համար են լինելու, բայց 2015 թվականին ընդառաջ` տարբեր երկրներում տեղի կունենան տարատեսակ զարգացումներ` կապված Ցեղասպանության հետ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
iravunk.am












