ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱՀԱՎԵՏԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ, ԻՐԱՆ, ՉԻՆԱՍՏԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆ Է
Հարցազրույց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ
-Մի կողմից ընթանում են Իրան-Ռուսաստան բանակցությունները տնտեսական գլոբալ համաձայնագրի շուրջ, մյուս կողմից սեղանին է Իրան-Հայաստան երկաթուղու ճանապարհային քարտեզը, որի շահագրգիռ կողմերը երեք հզոր պետություններն են` Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը: Սա չի՞ փաստում տարածաշրջանային էներգետիկ քաղաքականության մեջ տեղի ունեցող կարևոր գործընթացների մասին, որոնք անշուշտ շաղկապված են աշխարհաքաղաքական շահերով:
-Այո, հավելեմ նաև այն տեղեկատվությունը, որ Չինաստանի բանկային համակարգը հետաքրքրված է ու ցանկություն է հայտնել 60 տոկոսով ֆինասավորել Իրան-Հայաստան երկաթուղու աշխատանքները: Այսինքն, ինչպես կանխատեսել էինք Իրան-Արևմուտք պատժամիջողների թուլացումից հետո Հայաստանի առաջ բացվում է զարգացման մի նոր հեռանկար` թե տարածաշրջանային, թե գլոբալ տեսանկյունից: Եվ մեզ համար ոչ միայն այս ծրագրերն են կարևորը, այլև Իրան-Ռուսաստան- Չինաստան եռյակի ցանկացած հարաբերությունների խորացումը: Զուտ աշխարհաքաղաքական առումով ստացվում է մի կոմունիկացիոն, տնտեսական շղթա, որին մասնակցում են ասիական երկու հսկաները` Իրանն ու Չինաստանը, և աշխարհաքաղաքական տեսանկյունից ՙերկակի՚ բնույթ ունեցող Ռուսաստանը` որպես ասիական և եվրոպական տերություն: Իսկ Հայաստանը դառնում է այս հզոր շղթայի մի օղակը և ստանում զարգացման մեծ հնարավորություն, քան կարող ենք ակնկալել հայացքներս թուրքական սահմանին, կամ դեպի Եվրոմիություն ուղղելով:
Արևմուտքում կյանքը մեռնում է, ԵՄ-ն ծանր բեռ է դարձել մանավանդ նոր անդամակցող երկրների համար: Փաստերը շատ են. Մերձբալթյան երկրները տնտեսապես ծանր վիճակում են, նույն իրավիճակն է նաև նախկին արևելյան ճամբարի երկրներում` Ռումինիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Հունգարիայում, ուր արդեն ԵՄ դրոշը դուրս են նետում խորհրդարանից: Ուրեմն, ինչո՞ւ գնալ դեպի մեռնող Արևմուտք, ինչո՞ւ բարձրանալ խորտակվող նավի վրա, այս հարցերը պետք է հաճախ ուղղենք ինքներս մեզ: Ռուսաստան, Իրան, Չինաստան շղթայի զարգացումն է մեզ համար հեռանկարայինը: Այլ բան է, որ մեր կառավարող օղակներում պետք է լրջագույն աշխատանք կատարվի, որպեսզի իրոք կարողանանք արդյունավետորեն օգտվել ստեղծված հնարավորությունից: Մեր մտածողությունն ուղղակիորեն շաղկապված է մեր արտաքին հաջողությունների հետ, ուրեմն ոչ թե պետք է մտածել գրպանը լցնելու մասին, այլ առաջնորդվել հանուն սեփական հանրապետության զարգացման սկզբունքով:
-Իրան-Ռուսաստան տնտեսական համաձայնագրի մասին տեղեկատվությունից անմիջապես հետո չուշացավ ԱՄՆ-ի հիստերիկ արձագանքը. իրանական նավթը Ռուսաստան հասցնելու ծրագիրը, փաստորեն, խառնում է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հաշվարկները:
-ԱՄՆ-ը հաշվարկել էր, որ Իրանի հանդեպ պատժամիջոցների թուլացումից հետո իր ընկերությունները կլցվեն Իրանի նավթային ու էներգետիկ ոլորտներ: Բայց կատարվեց հակառակը: Հիշեցնեմ նաև, որ բացի Իրան- Ռուսաստան վերոնշյալ համաձայնագրից երկու երկրները հայտարարել են, որ կշարունակեն ատոմային էներգետիկայի նոր կայանների կառուցումը: Սա նշանակում է ուժգին հարված ԱՄՆ ախորժակին, որովհետև վերջինս ակնկալիքներ ուներ, որ հենց ինքն է մտնելու ասիական տարածաշրջանի ամենահարուստ երկիրը` Իրան: Ու քանի որ նպատակը ձախողվեց, բնականաբար, լսվեց ԱՄՆ-ի հիստերիան:
-Տարածաշրջանային այս կարևոր զարգացումների ֆոնին, սակայն, մեզանում որոշ “վերլուծաբաններ” չեն դադարում շրջանառել այն միտքը, թե Ռուսաստանը վարում է հակաիրանական քաղաքականություն, փոխարենը, դրական ֆոնի վրա են ներկայացնում Իրան-ԱՄՆ հարաբերությունները: Ապա հետևություն է արվում, թե Արևմուտքից հեռացող Հայաստանը կարող է հայտնվել սեղմվող օղակում: Ինչ կասեք այս առնչությամբ”
-Սա իգորմուրադյանական ծախու խաղերն են: Այդպիսիք աշխատելով Արևմուտքից ստացած գրանտներով փորձում են իրենց “վերլուծություններով”Ռուսաստանին ու Իրանին մեկմեկու հակադրել, մոռանալով, որ Իրանի ղեկավարները, ի տարբերություն իրենց, խելացի, սեփական երկրի շահը գիտակցող մարդիկ են ու շատ լավ են հասկանում, թե ի՞նչ է իրենից ներկայացնում Արևմուտքը, ի՞նչ նշանակություն ունեն իրենց համար Ռուսաստանն ու Չինաստանը, և հարևան Հայաստանը:
Ի հեճուկս գրանտակեր “վերլուծողների” Իրան-Ռուսաստան հարաբերությունները այսօր հետաքրքիր զարգացման փուլում են: Ի դեպ, ձեր հիշատակած Իրան-ՌԴ համաձայնագիրը նաև ռազմատեխնիկական լայնածավալ համագործակցություն է ենթադրում: Այս առումով պատահական չեն իրանական կողմի հայտարարությունները, թե երկու տարում կստեղծեն S-300 զենիթահրթիռային կայանքներ: Հիշեցնեմ, Ռուսաստանը արտադրությունից հանել է S-300-ը, սկսելով նոր սերնդի հրթիռների արտադրություն, և այժմ կարող է S-300-ի տեխնոլոգիական փաստաթղթերը փոխանցել Իրանին, ու ոչ ոք չի կարող դրանում արգելել Ռուսաստանին:
–Կոմունիկացիոն ծրագրերի տեսանկյունից Հայաստանի համար մյուս կարևոր խնդիրը աբխազական երկաթուղու վերագործարկումն է , ինչը պայմանավորված է ռուս-վրացական հարաբերություններով: Իսկ ի՞նչ առաջընթաց կա այսօր Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում:
-Առայժմ դեռ տեղաշարժ չկա, քանի որ Վրաց իշխանությունը մտել է այն նույն թակարդի մեջ, որում այսօր գտնվում է Ուկրաինայի իշխանությունը: Այսինքն, տարբեր կողմերին խոստումներ է տվել, իսկ այսօր եկել է դրանց իրականացման պահը, ու Վրաստանը չգիտի` ի՞նչ անել: Ամենևին գաղտնիք չեն վրացիների խոստումներն ուղղված Արևմուտքին, ժամանակին դա շռայլեց Սահակաշվիլին, հետո շարունակեց Իվանիշվիլին: Իհարկե, Իվանիշվիլու նպատակն էր Արևմուտքին խոստումներ տալով ստանալ վերջինիս համաձայնությունը Սահակաշվիլուց ազատվելու գործում: Սակայն Իվանիշվիլին զուգահեռաբար խոստումեր է տվել և Ռուսաստանին, օրինակ ՌԴ-ի հետ սկսել ուղիղ բանակցություններ, վերագործարկել դեպի Հայաստան երկաթգիծը, ու այսօր Վրաց նոր իշխանությունները չգիտի ինչ անել: Նրանք ուզում են հարաբերությունները բարելավել ՌԴ-ի հետ, բայց նաև չեն կարողանում աչք կտրել Արևմուտքից: Սա հետևանք է նաև նրա, որ կախվածության մեջ են գտնվում օտարեկրկրյա ֆինանսական շրջանակներից և չեն կարող վարել ազատ, անկախ քաղաքականություն: Ահա թե ինչու են Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները մնացել կիսատ վիճակում: Չնայած այս ամենին, ռուսական շուկան ողողված է վրացական ապրանքներով, քննարկվում է նաև վիզային ռեժիմը հանելու հարցը: Հայաստանը պետք է շահագրգիռ լինի վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորմամբ, քանի որ միայն այդ դեպքում մենք կարող ենք ապահով լինել, որ մեր հյուսիսային հարևանի տարածքը չի վերածվի հակահայկական ակցիաների կամ դավադրությունների տարածքի: Չմոռանանք թուրքական գործոնի մասին:
-Ցավալին այն է, որ մեզանում կան շրջանակներ, որոնք ռուս-վրացական մերձեցմամբ շահագրգիռ լինելու փոխարեն ոչ միայն աշխատում են դրա դեմ, այլև զբաղված են հակահայկական քարոզչությամբ` վտանգավոր շեշտադրումներ անելով, թե Ռուսաստանը նպատակ ունի Վրաստանի ԵՄ Ասոցացման դեմ օգտագործել հայկական գործոնը:
-Սա Արևմուտքի վարձկանների ձեռագիրն է: Սրանք անգամ պատրաստ են որպես մեծագույն վտանգ ներկայացնել Աբխազիա-Վրաստան, ինչը բնականաբար ենթադրում է Ռուսաստան-Հայաստան երկաթգծի վերաբացումը: Նման դատողություններ անողներին ես համարում են դավաճաններ, որովհետև զբաղված են ազգադավ գործունեությամբ:
Ի դեպ մեկ հավելում ևս. հայտնի է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիային է նշանակել որպես Վրաստանի “կուրատոր”: Սակայն այսօր այդ նույն “կուրատորը” հայտնվել է բազում խնդիրների մեջ. Թուրքիան ձախողվեց սիրիական հարցում, քանի որ այս հարցում գործում էր Ռուսաստան-Չինաստան-Իրան եռակողմ համաձայնությունը Սիրիայի իշխանությունների հետ: Եվ ականատես եղանք, թե ինչպես եռյակը ջարդեց Արևմուտքի ողնաշարը, անկյուն կանգնեցրեց Թուրքիային, վախեցրեց արաբական վարչակախմբերին, ինչի վկայում է այն, որ օրերս Կատարը ճանաչեց Իրանի ատոմային ծրագրի օրինականությունը:
Թուրքիան նաև չկարողացավ ստանձնել Անդրկովկասի տեր ու տիրակալի դերը, որը նրան սկուտեղի վրա մատուցեցին Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը, նաև ստվերում գործող Իսրայելը: Սրան էլ գումարած քրդական հարցը, Թուրքիան, ինչպես որակում են ամերիկյան փորձագիտական կենտրոնները, այլևս չկայացող պետություն է: Մի հիվանդ երկիր, որն անկարող եղավ կատարել իրեն տրված արևմտյան հանձնարարականները:
Այս ամենը վկայում է նաև Արևմտյան ճամբարի պարտության մասին: Սա պետք է հասկացվի ու գիտակցվի նաև մեզանում: Հետևաբար, շատ զարմացնող է այն, որ այս ամենից հետո դեռ Հայաստանում կան հիմարներ, որոնք շարունակում են նույն երաժտության տակ պարել, ու դա բավարար չէ փորձում են պարացնել նաև մեր ժողովրդին :
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












