Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ուկրաինայում կատարվողը ԵՄ սխալ քաղաքականության հետեւանք է

Փետրվար 20, 2014թ. 13:39

“Պուտինի հետ Յանուկովիչի հանդիպումից հետո, որը 2013-ի օգոստոսին էր, Յանուկովիչը հայտարարեց, որ իր հետ՝ որպես նախագահի, դեռեւս ոչ ոք այդքան կոպիտ չի խոսել, եւ այժմ սեղանին դրված է ոչ միայն իր, այլեւ ողջ ժողովրդի պատիվը”:

ՀՀՇ Վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի կարծիքով, այս հայտարարությունից հետո ժողովուրդը որոշել էր կանգնել Յանուկովիչի կողքին եւ բռնել դեպի Եվրոպա տանող ճանապարհը: Շատ խնդիրներ գալիս են հենց Յանուկովիչի կերպարից: Ըստ նրա, Ուկրաինայի նախագահը սադրեց այս ամբողջ իրավիճակը, եւ քաղաքացիների ըմբոստությունը սկսվեց այն ժամանակ, երբ Յանուկովիչը Ռուսաստանի ճնշման ներքո հայտարարեց Մաքսային միություն մտնելու մասին:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի ընդդիմությանը, ըստ Իգիթյանի, այդ երկրում ընդդիմադիր առաջնորդները չեն վերահսկում զանգվածի մեծամասնության վարքը: Ամեն ինչ անկառավարելի է դարձել: Ըստ նրա, իշխանությունները պետք է հասկանան, որ դիպուկահարներով ժողովրդի դեմ չեն կարող պայքարել:

Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանի կարծիքն այս հարցում մի փոքր այլ է: Վերջինս վստահ է՝ Ուկրաինան կխաղաղվի, քանի որ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը պատրաստ են զիջումների:

“ԵՄ-ն ի սկզբանե սխալ քաղաքականություն վարեց Արեւելյան գործընկերության երկրների նկատմամբ՝ հաշվի չառնելով կարեւորագույն մի շարք շարհեր։ Եվ այսօր Ուկրաինայում կատարվողն այդ սխալների հետեւանք է”,- ասաց նա։

Բանախոսները համակարծիք չէին նաեւ ներքաղաքական մի շարք հարցերում: Արտակ Զաքարյանի կարծիքով, օրեր առաջ ԵԿՄ համագումարում հանրապետության նախագահը եւս մեկ անգամ վերահաստատեց՝ իրենց խոստումները հենց այնպես չեն տրվել: Երկրում կա դժգոհություն, բայց դա լուծելի հարց է:

Հովհաննես Իգիթյանը, սակայն, այլ բան է պնդում՝ տպավորություն ունի, թե նախագահը խոսում էր տնտեսությունից, վերլուծություններ անում, բայց իրականում չէր հասկանում, թե ի՞նչ մասին է խոսում:

“Գիտեի, բայց հիմա համոզվեցի, որ Սերժ Սարգսյանը տնտեսական խորհրդականներ չունի”,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստան – Ռուսաստան հարաբերություններին, ապա ըստ Հովհաննես Իգիթյանի, Ռուսաստանը լիովին չի կատարում իր ռազմավարական դաշնակցի դերը: Եթե այդպես է, ապա թող ռուս սահմանապահները պահեն նաեւ մեր հյուսիս-արեւելյան սահմանները:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն