Գլխավոր » Regions, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Քաղաքականություն

Եվրամիությունը ձեռքերը գցել է փրփուրներին, իսկ գնացքն արդեն անցել է

Փետրվար 23, 2014թ. 22:54

5 Ինչպես հայտնի է, Եվրամիությունը շրջանառության մեջ է դրել Արեւելյան գործընկերության պետությունների հետ համագործակցության նոր ծրագրի, այսպես ասած, «սեւագիր» տարբերակը։ 20 կետից բաղկացած «եվրոպական փաթեթը», սակայն, այլ բան չէ, քան ձախողված գործընթացը փրկելու փորձ, սակայն` ոչ հաջողված փորձ, ինչը դարձյալ փաստում է` խնդիրների լուծման եվրոպական սցենարների բացակայության մասին:
Խնդրի շուրջ զրուցեցինք քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԻ հետ։

-Եվրոչինովնիկները գիտակցելով, որ Արեւելյան գործընկերության ձեւաչափը ճիշտ չէր ընտրված, քանի որ սխալ էր անտեսել տարբեր երկրների առանձնահատկությունները, առաջարկվող փաթեթում կարեւորել են հենց այդ հանգամանքը. նշվում է` «…խրախուսել բարեփոխումները` հաշվի առնելով տվյալ երկրի առանձնահատկությունները եւ հանգամանքները»:

-Նրանում, որ Հայաստանն այսօր անդամակցում է Մաքսային միությանը, իսկ Ուկրաինան քաղաքացիական պատերազմի շեմին է, իր մեղքի մեծ բաժինն ունի Եվրամիությունը: Հայաստանի համար լավագույն տարբերակը կոմպլեմենտար քաղաքականության իրականացումն է, այն ապահովում է հավասարակշռություն Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ:
Բոլորս հասկանում ենք, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց, մյուս կողմից, գիտակցում ենք, որ Մաքսային միությանը անդամակցումը մեզ կանգնեցնում է որոշակի խնդիրների առաջ: Խոսքս մասնավորաբար մաքսային դրույքաչափերի բարձրացման մասին է, որը մեր տնտեսության վրա կարող է բացասաբար անդրադառնալ: Փաստորեն մենք մտնում ենք մի տարածք, ուր տնտեսական իմաստով կասկածելի ու մտահոգիչ խնդիրներ կունենանք:
Եթե եվրոպացիները ավելի լուրջ լինեին ու Հայաստանի պարագայում ժամանակին հենց այս առանձնահատկությունը հաշվի առնեին, ապա մենք հնարավորություն կունենայինք շարունակել վարել կոմպլեմենտար քաղաքականություն: Իսկ այսօր արդեն ժամանակն անցել է: Ու ես չգիտեմ, թե Եվրամիությունը ի՞նչ է առաջարկելու: Ի՞նչ առանձնահատուկ վերաբերմունք Եվրամիությունը կարող է դրսեւորել Մաքսային միություն՝ այլ տնտեսական միասնական տարածք գնացող Հայաստանի հանդեպ, ես, անկեղծ ասած, չեմ պատկերացնում:
Տպավորություն կա, որ ԵՄ անդամ մի քանի անլուրջ երկրներ փորձեցին ինքնուրույն խաղ տանել, ինչին հակված չէին խոշոր տերությունները. հիշեցնեմ, որ Արեւելյան գործընկերության ծրագրը իրականացնող հիմնական երկիրը Լեհաստանն էր: Եվ վերջում պարզվեց, որ այդ ծրագրի հետեւում ֆինանսական լուրջ աջակցություն չկա: Եվրամիությունը այսօր միլիարդներ է տալիս Հունաստանին, բայց դրա մեկ տոկոսն էլ չի կամենում հատկացնել Հայաստանին, Վրաստանին ու Մոլդովային:
Բայց որքանո՞վ է լուրջ աջակցությունն առանց ֆինանսական օժանդակության: Սա փաստում է անպատասխանատու վերաբերմունքի մասին, ինչն էլ հանգեցրեց նման հետեւանքների:

-Նկատելի են Եվրամիության ճիգերը` հետ բերել հեռացող երկրներին. խոսեցիք ֆինանսների բացակայությունից, ԵՄ-ն կարծես «սթափվում է» ու նոր փաթեթում ակնարկում երկարամյա ֆինանսական ծրագրերի, լրացուցիչ ֆինանսավորման մասին:

-Եթե Հայաստանը որոշել է Մաքսային միություն մտնել, հիմա իրենք ի՞նչ ֆինանսական առաջարկներ պետք է անեն: Կամ քաղաքացիական պատերազմ մղող Ուկրաինայում ո՞ւմ է հետաքրքրում, թե Եվրամիությունը ի՞նչ նոր առաջարկներ է իրենց ներկայացնում:
Իսկ Մոլդովայում գագաուզները հանրաքվե են անցկացրել եւ հայտարարել Մաքսային միություն մտնելու մասին, նույնը կատարվում է Մերձդնեստրում: Հիմա ի՞նչ պետք է առաջարկեն, որ այս ընթացքը կասեցնեն: Գնացքն արդեն գնացել է, ԵՄ առաջարկները, կրկնում եմ, այսօր ընդամենը ծիծաղ են հարուցում:

-Մինչդեռ Եվրամիությունը այս ամենն անտեսած՝ դեռ ախորժակ ունի ակտիվ դերակատարում ունենալ նույնիսկ էներգետիկ ոլորտում: Նշված է. «Օգնել գործընկեր երկրներին՝ նվազեցնելու էներգետիկ կախվածությունը եւ բարելավելու մրցունակությունը»: Հարց է առաջանում. ի՞նչ այլընտրանքային էներգետիկ ծրագրեր կարող է ներկայացնել Եվրամիությունը, որով տարածաշրջանից դուրս կմղի գործուն ծրագրերով ներկայացած Ռուսաստանին:

-Եվրամիությունը էներգետիկ ոչ մի առաջարկ, առավել եւս՝ այլընտրանք, չի կարող ներկայացնել: Ըստ էության, Ռուսաստանի այլընտրանքը Իրանն է, որի հետ ԵՄ-ն նոր-նոր է ուզում հարաբերություններ սկսել: Այսինքն՝ չունենալով Իրանի հետ լուրջ հարաբերություններ, ինչպե՞ս կարող է խնդրել նրան Հայաստանի հետ ինչ-որ ծրագիր իրականացնել:
Բացի դրանից, Իրանը նախեւառաջ Հայաստանի մոտ հարեւանն է, ու եթե մենք կարողանայինք ավելի լավ պայմաններով գազ ներմուծել, արդեն իսկ վերցրած կլինեինք: Մենք աշխարհագրություն շատ լավ գիտենք, լավ ենք ճանաչում նաեւ մեր հարեւաններին, ուրեմն այդ ի՞նչ նոր բան կարող է Եվրամիությունը մեզ առաջարկել, որի մասին ինքներս չգիտեինք ու ինքը պետք է գա, որ մեզ հուշի:

-Ի դեպ, փաթեթում կա բոլորովին մի նոր միտք, որ չկար նախկինում, այն է` մասնակից դառնալ ու աջակցել ԱԳ երկրների անվտանգությանը, ինչպես նաեւ «մեծացնել ԵՄ-ի դերակատարությունը երկարաձգվող հակամարտությունների կարգավորման գործում»: Ունենալով ԼՂ հիմնախնդիր, սա մեզ համար կարեւոր շեշտադրում է, ուրեմն ի՞նչ նոր բովանդակություն կարող է ունենալ «անվտանգության աջակցություն» ասվածը:

-ԵՄ-ն ու ԱՄՆ-ը ներկայացված են Մինսկի խմբում, որով արդեն իսկ աշխատում են ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Թե անվտանգության դաշտում ԵՄ-ն էլ ինչ նոր բան կարող է առաջարկել՝ սրա պատասխանը եւս չունեմ: Եվրամիության անվտանգության միակ գործիքը ՆԱՏՕ-ն է, բայց վերջինս հայտարարել է, որ չի մտնելու այս շրջանակի մեջ: Ու եթե Հայաստանը փորձի ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ հաստատել, ուրեմն հիմնովին կփչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: ԵՄ-ն ինչպես պետք է ապահովի Հայաստանի անվտանգությունը, գոնե ինձ պարզ չէ:
Վրաստանի պարագայում եւս խնդիր կա, ռուս-վրացական պատերազմը ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ աջակցել Վրաստանին, նաեւ չի կարող իր կազմում ներառել նրան, քանի դեռ վերջինս չի լուծել իր վիճելի տարածքային հարցերը հարեւանների` Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ: Ուրեմն այստեղ եւս փակ շղթա է, քանի որ եթե ՆԱՏՕ-ն որոշում կայացնի աջակցել Վրաստանին, կնշանակի հակասության մեջ մտնել Ռուսաստանի հետ: Բայց Վրաստանի համար ո՛չ ռուսները, ո՛չ ամերիկացիներն ու եվրոպացիները համաշխարհային պատերազմի պատրաստ չեն: Սա բավական բարդ տարածաշրջան է, ուր Արեւմուտքը չի կարող միանձնյա հեգեմոն դեր ունենալ, քանի որ կհանդիպի ռուսական ու պարսկական հակազդեցությանը:
Այս առումով, Մինսկի խումբը համարվում է կոմպրոմիսային տարբերակ, որի արդյունքում պահպանվում է խաղաղությունը, պահպանվում է ստատուս քվոն, ու կպահպանվի այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ դիսբալանս չառաջանա` հոգուտ կողմերից որեւէ մեկի: Այնպես որ, եթե ԵՄ-ն այլ, լրացուցիչ անվտանգության գործիք ունենար, այն կօգտագործեր հենց ԼՂ հարցում, բայց այդպիսիք չունի, եւ փաստաթղթում խոսել ինչ-որ նոր մեխանիզմի մասին, հավատ ներշնչող չէ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Regions, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն