ՊԱՅՔԱՐԸ ԿԼՈՐ ՇԵՆՔԻ ՀԱՄԱՐ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«Զվարթնոցի» ուղեւորային հին մասնաշենքի քանդման կամ պահպանման հարցը դեռեւս որեւէ տրամաբանական լուծում չի ստացել։ Այսօր էլ ճարտարապետներն ու շինության պահպանման կողմնակիցները դիմում են տարբեր ատյանների` պահանջով կլոր շենքը ներառել պետության կողմից պահպանվող պատմաճարտարապետական հուշակոթողների ցանկում եւ այդպիսով խոչընդոտել այն ոչնչացնելու ծրագրին:
Շինության պահպանման հոգածությամբ ձեւավորված հանրային նախաձեռնությունն այժմ էլեկտրոնային ստորագրահավաք է կազմակերպել համացանցում` ի պաշտպանություն կլոր շենքի, որին արդեն մասնակցել է 800-ից ավելի օգտատեր` Հայաստանից եւ սփյուռքից։ Նախաձեռնության նպատակն է շենքի պահպանության պայքարին մասնակից դարձնել ոչ միայն մասնագիտական հանրությանը, այլեւ բոլոր այն անձանց, որոնց մտահոգում է Երեւանի պատմաճարտարապետական ժառանգությունը:
Ստորագրահավաքը շարունակվում է: Վերջում ստորագրությունները կամփոփվեն, կպատճենվեն եւ կներկայացվեն կառավարությանը որպես հանրության բողոքի ձայն: Այդ նախաձեռնության անդամ ճարտարապետ ՍԱՇՈՒՐ ՔԱԼԱՇՅԱՆԻ տեղեկացմամբ` 50 ճարտարապետներ ու արվեստագետներ նախաձեռնությունից բացի նամակներ են հղել հանրապետության նախագահին եւ «Զվարթնոցի» սեփականատեր Էդուարդո Էռնեկյանին` խնդրանքով ու պահանջով, որ ամեն գնով պահպանվի շենքը։
Նամակը ստորագրողները հիմնականում ճարտարապետներն են: Դա հատուկ նպատակով է արվել, որ նամակում առաջ քաշված հիմնավորումները մասնագիտական լինեն, այլ ոչ թե տպավորություն ստեղծվի, թե գործին սիրողական մոտեցում է ցուցաբերված:
Բացի դրանից, ուղեւորային հին համալիրը քանդելու կողմնակիցները միշտ հակադարձում են, թե ընդամենը մեկ-երկու ճարտարապետ է շահագրգիռ շենքի պահպանմամբ, մյուսներն անգամ չեն էլ միջամտում: Մինչդեռ Ս.Քալաշյանը հավաստում է, որ ինքը չի ճանաչում այնպիսի ճարտարապետի, որի համար միեւնույն կլինի` շենքը կքանդե՞ն, թե՞ կպահպանեն։ Նամակն ու էլեկտրոնային ստորագրությունները դրա վկայությունն են: Անգամ Երեւանն արդիականացնելուն կողմնակից, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է դեմ շինությունը քանդելուն:
Սաշուր Քալաշյանը նաեւ տեղեկացրեց, որ նամակում ճարտարապետները պահանջել են շինությունը ներառել պետության կողմից պահպանվող պատմաճարտարապետական շինությունների ցանկում: Այդ դեպքում հնարավոր կլինի խոչընդոտել այն քանդելու գործընթացին:
Մեր այն հարցին, թե անգամ այդ դեպքում հնարավոր չէ՞ շենքն ապամոնտաժել, եթե պատմաճարտարապետական շինությունների ցանկում ներառված լինելն անգամ չփրկեց Երիտասարդական պալատը, Փակ շուկան եւ նման այլ արժեքավոր շինություններ, ապա ի՞նչը պետք է խանգարի «Զվարթնոցի» դեպքում, Ս.Քալաշյանը պատասխանեց, որ «Զվարթնոցի» դեպքում շենքի դեմ բահով դուրս եկածները կվախենան հասարակական հնչեղությունից: Եվ հետո` մի բան է, որ տեղական օլիգարխն է ոտնձգություն անում մշակութային արժեքի դեմ` օրենքը հաշվի չառնելով, մեկ այլ բան, որ այլ երկրի քաղաքացին է դա անում, եւ նա ավելի զգուշավոր կլինի օրենքները ոտնահարելու հարցում:
Իսկ այն հարցին, թե որեւէ երաշխիք կա՞, որ «Զվարթնոցը» կընդգրկվի պատմական շինությունների ցանկում, ճարտարապետը վստահորեն ասաց. «Մեր պահանջից հետո մշակույթի նախարարությունը պարտավոր է գիտամեթոդական խորհուրդ հրավիրել` հարցը քննարկելու եւ որոշում կայացնելու համար: Ես վստահ եմ, որ խորհուրդը որոշում կկայացնի հօգուտ շինության: Այդ դեպքում արդեն քանդելու մասին խոսք չի կարող լինել»:
Այդ դեպքում ինչպե՞ս պետք է խնամվի շինությունը, եթե սեփականատերը հրաժարվում է այդ նպատակով որեւէ ներդրում անելուց: Ճարտարապետներն առաջարկում են բիզնես ծրագրի միջազգային մրցույթ հայտարարել, որի շնորհիվ կգտնվի որեւէ գործարար, որը կցանկանա ներդրումներ կատարել եւ ապահովել հուշարձանի պահպանությունն ու օգտագործումը: Ընդ որում՝ այն կարող է շահագործվել թե՛ որպես հայկական ավիացիայի թանգարան, թե՛ որպես ռեստորան, սրճարան կամ ժամանցային կենտրոն, եթե, իհարկե, որպես օդանավակայանի որեւէ մասնաբաժնի ծառայելու պահանջ չունենա:
«Ես համոզված եմ, որ մարդիկ կլինեն, ովքեր կհամաձայնեն շենքը շահագործել: Ինչպես Գաֆեսճյանը նոր կյանք տվեց ժամանակին անմխիթար վիճակում գտնվող կասկադին, մինչդեռ որեւէ հիմար կարող էր այն քանդել ու փոխարենը բնակելի շինություն կառուցել, այդպես էլ կլինեն հայրենասեր մարդիկ, ովքեր կփրկեն «Զվարթնոցը»: Իսկ եթե ոչ` կա շենքի համաժողովրդական շահագործման տարբերակը. ամբողջ ժողովրդով կարող ենք միավորվել, մեկական լումա ներդնել ու սեփականաշնորհել շենքը, իսկ շահագործման եկամուտներն ուղղենք շենքի վերականգնմանը»,- ասաց ճարտարապետը:
Սաշուր Քալաշյանը հավաստիացնում է, որ «Զվարթնոցը» այնպիսի վիճակում չի գտնվում, որ այն քանդեն, իսկ քանդողների խելքը թերեւս չի հասնում, թե ինչ են ուզում անել, կամ էլ նրանք սեփական բիզնես շահերն ունեն: Ճարտարապետները, ուսումնասիրելով օդանավակայանի «մասթեր պլանը» եւ այդ շենքի հետ կապված փաստաթղթերը, եզրակացության են հանգել, որ ոչ մի փաստաթուղթ չի վկայում կառույցի անպիտանության մասին:
Այս պատմության նախադեպը Երիտասարդական պալատն էր, որը նույնպես կարելի էր փրկել որոշակի ներդրումներ անելով: Սակայն շենքը, կարելի է ասել, նվիրաբերվեց կառուցապատողին, որը խոստացավ, որ պալատի տեղում հոյակերտ շինություն կկառուցի, որը մինչ օրս կառուցված չէ, իսկ շենքի տեղում այսօր ավազի հանք է գործում: Այսինքն՝ կառուցապատողը տարածքն օգտագործում է սեփական բիզնես շահերի համար` մոռանալով իր պարտավորությունը:
Այժմ ճարտարապետները սպասում են իրենց նամակների պատասխաններին` հուսալով, որ այն դրական կլինի։
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












