Գլխավոր » Society, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Կոռուպցիան ԵՄ-ում հարկատուների վրա նստում է տարեկան 12 մլրդ եվրո

Փետրվար 23, 2014թ. 23:11

Two businessmen with euro notesՀաճախ է վիճակվում կարծիքներ լսել, թե Մաքսային միությանն անդամակցումը կտրուկ կբարձրացնի կոռուպցիայի մակարդակը Հայաստանում, մինչդեռ եվրաինտեգրումը կօգներ մեզ վերջ տալ այդ չարիքին։
Չենք վիճում, Մաքսային միության այնպիսի անդամներ, ինչպիսիք են Ռուսաստանն ու Ղազախստանը, իսկապես կոռուպցիայի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, բայց ո՞վ ասաց, թե Եվրամիության երկրներում այդ երեւույթին ծանոթ չեն։

Օրերս Բրյուսելում Եվրամիության գործադիր կոլեգիայի անդամ, ներքին գործերի եվրոպական կոմիսար Սեսիլիա Մալստրեմը զեկույց ներկայացրեց Եվրամիության երկրներում կոռուպցիայի մասին։
Եվրամիության ոչ մի երկիր չի կարող հպարտանալ, թե ազատ է կոռուպցիայից։ Պարզապես որոշ երկրներում հիվանդությունը մարգինալ է, իսկ մյուսներում լրջորեն ախտահարել է տնտեսական եւ քաղաքական հյուսվածքը, առօրյան։
Կոռուպցիան ԵՄ-ում հարկատուների վրա նստում է տարեկան 12 մլրդ եվրո։ Այսպիսին է միության գլխավոր գործադիր մարմնի գնահատականը։ Բայց, Մալստրեմի խոսքերով, իրականում կորուստները շատ ավելին են։ Ստույգ թվեր չկան։

Զեկույցում, որն առաջին անգամ է արվել Եվրամիության մակարդակով եւ այսուհետ կպատրաստվի երկու տարին մեկ, առանձնացված են կյանքի երկու ոլորտներ, որտեղ կոռուպցիոն սխեմաներն ամենից շատ փող են կլանում. դրանք են՝ պետական մեծածախ գնումներն ու քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումը։
ԵՄ տնտեսության ծավալի մոտ մեկ հինգերորդը կազմող պետգնումների պայմանագրերը ներկայացնում են ամենամեծ խնդիրը։ Կոռուպցիոներների գրպանն է մտնում պայմանագրերի արժողության մինչեւ մեկ քառորդը։ Որքան ավելի մեծ է տնտեսության մեջ պետական ծախսերի բաժինը, այնքան շատ են գողանում։
Զեկույցը կառուցված է մասնագիտացված կազմակերպությունների փորձագետների գնահատականների վրա, ինչպիսին է Եվրոպայի միության կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խումբը (ԳՐԵԿՕ), ինչպես նաեւ վարկանիշային մասնավոր գործակալությունների, հարցումների տվյալները։
«Եվրոբարոմետր» ծառայության հարցումը ցույց տվեց, որ հարցվողների 76%-ը համարում է կոռուպցիան տարածված երեւույթ, իսկ կեսը վստահ է, որ ճգնաժամի երեք տարիների ընթացքում այն ահագնացել է։

Ահագնացումը զգացել է Իսպանիայի, Սլովենիայի, Չեխիայի, Իտալիայի եւ Պորտուգալիայի հարցվողների 75%-ը։ Նրանում, որ կոռուպցիան ծաղկում է կյանքի բոլոր ոլորտներում, վստահ է հույների 99%-ը, իտալացիների 97%-ը, լիտվացիների, իսպանացիների եւ չեխերի 95%-ը։
Ընկերությունների ղեկավարների շրջանում հարցումը ցույց է տվել, որ կոռուպցիան անդրադարձել է նաեւ մասնավոր բիզնեսի վրա։ Նրանց կեսը խոստովանում է, որ գործարար հաջողության հասնել իրենց երկրում անհնար է առանց քաղաքական ոլորտում ունեցած կապերի։ Ընկերությունների մոտ 32%-ը, որոնք մասնակցել են պետական պայմանագրերի համար տենդերների եւ չեն շահել, համոզված են, որ դրանում մեղավոր է կոռուպցիան։ Ամենից շատ դժգոհում են շինարարական եւ ինժեներական ընկերությունները։
Եվրամիության հակակոռուպցիոն գերատեսչությունը՝ OLAF-ը, անցած տարի ֆինանսավորեց մի հետազոտություն, որը համատեղ անցկացրին PwC միջազգային աուդիտորական անկախ ցանցը, Ecorys միջազգային կոնսալթինգային ընկերությունը եւ Ուտրեխտի համալսարանը։ Եզրահանգումը հետեւյալն է. ԵՄ ութ երկրներում կորսված է մինչեւ 2,2 մլրդ եվրո, որոնք 2010 թվականին հարկատուների միջոցներից հատկացվել են պետական գնումների պայմանագրերի համար։

Քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումը բարեբեր ոլորտ է կոռուպցիայի համար։ Ամենաաղմկահարույց օրինակը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Վիլլի Կլասի հրաժարականն էր։ Դրան դրդեց բելգիական կոռուպցիոն սկանդալը։ Լինելով Բելգիայի փոխվարչապետն ու սոցկուսակցության առաջնորդներից մեկը, նա բելգիական բանակին ուղղաթիռներ մատակարարելու համար ընտրեց մի իտալական ընկերություն։ Պայմանագիրը ստանալու համար ընկերությունը «ատկատ» փոխանցեց կուսակցության հաշվեհամարին։
Ահա այսպիսի հետաքրքիր պատկեր է ստացվում։ Իհարկե, ընդհանուր առմամբ կոռուպցիայի մակարդակը Եվրամիության եւ Մաքսային միության երկրներում անհամեմատելի է, բայց Եվրամիությունը որպես այդ երեւույթից ազատ տարածք ներկայացնելը կոպիտ սխալ է։ Ոչ ոք ազատ չէ կոռուպցիայից, որը լրջորեն մտահոգում է նաեւ եվրոպացիներին։
Բնականաբար մտահոգում է նաեւ մեզ, ուստիեւ մշտապես ծնվում են նորանոր նախաձեռնություններ։ Օրինակ, առաջարկում են կտրուկ բարձրացնել չինովնիկների աշխատավարձը, որպեսզի նրանք դադարեն կաշառք վերցնել։ Բայց որպեսզի չինովնիկները լավ աշխատեն (նկատի ունենք՝ ժողովրդի համար), նրանք պիտի խիղճ ունենան։ Բազմաթիվ չինովնիկներ փող առանց այդ էլ ունեն, իսկ այ, խիղճ չենք տեսնում։

Մի՞թե նրանք կգնան ու նոր աշխատավարձով խիղճ կգնեն։ Բայց չէ՞ որ այդժամ կսկսեն ամաչել, որ մյուս քաղաքացիներից տասնապատիկ շատ են ստանում։ Եվ կրկին կծախեն խիղճը, որ չտանջվեն։
Մենք շատ ավելի հետաքրքիր առաջարկություն ունենք։ Եկեք ընդհանրապես վերացնենք չինովնիկների աշխատավարձը։ Թող իրենք վճարեն պետությանը այն բանի համար, որ պաշտոն են զբաղեցնում։ Կաշառք վերցնելուց հետ վարժեցնել անհնար է։ Բայց արդարացի կլիներ դադարել դեռ մի բան էլ վարձատրել թալանի համար։ Տեսնենք, թե ով կհեռանա աշխատանքից, եւ կասենք. այ սա ազնիվ էր։
Բայց չեն հեռանա։ Նրանք կասեն, թե աշխատում են «բնավ ոչ հանուն աշխատավարձի, այլ հանուն ժողովրդի»։ Այդ արտահայտության 50 տոկոսը ճիշտ է։

ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
<Հայոց Աշխարհ>


Դիտել Society, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն