Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Տնտեսություն

Ո՞ւմ թելադրանքով է անտեսվել «Հայկական նախագիծ» ջրային ռեսուրսների ծրագիրը

Մարտ 2, 2014թ. 23:31

ՄԱԿ-ի տվյալներով 2030 թվականին մեր տարածաշրջանում 17 անգամ կավելանա քաղցրահամ ջրի պահանջարկը: Ամեն տարի Արաբական երկրները քննարկում են ներքին շուկայի ջրային դեֆիցիտի լուծման ուղիները: Ներկայումս Եվրոպական երկրներից ներմուծված վերամշակված ջուրն ամբողջությամբ գրավել է Մերձավոր Արևելքի շուկաները, մինչդեռ մեր սառնորակ աղբյուրների բարձրորակ ջուրը կարող է լինել ամենամրցունակը:

Բնությունը Հայաստանին արդեն իսկ բարձրորակ ջրի առաջարկ է արել, մնում է, որ մենք գործի անցնենք ու այն ներկայացնենք սակավաջուր երկրներին, որպիսին է ողջ արաբական աշխարհը:
Սրանում համոզված հայ գիտնականները հայտարարում են. մեր հարստության արդյունավետ օգտագործումը կարող է ռազմավարական լուրջ նշանակություն ունենալ Հայաստանի համար` հնարավորություն տալով աշխարհին ներկայանալ որպես տարածաշրջանում ջրային ռեսուրսներ արտահանող կարևորագույն երկիր: «Հայաստանից տարեկան 7-10 մլրդ խմ ջուր է արտահոսում, եթե մենք դրա 25-30%-ը կարողանանք ամբարել, ապա մեր երկիրը, իրոք, կարող է այդ լուրջ դերակատարումն ստանձնել», սա ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Կոնցեսիոն գործակալության պետ Կորյուն Հակոբյանի համոզմունքն է: Չմոռանանք, որ ի տարբերություն աշխարհում օրեցօր աճող քաղցրահամ ջրի պահանջարկի, Հայաստանի ջրային ռեսուրսների 90%-ը գոյանում է մեր իսկ տարածքում: Հանգամանք, որը կարող է դառնալ 21-րդ դարի մեր երկրի գլխավոր այցեքարտերից մեկը:
Մեր ջուրը նավթից էլ թանկ է

Այս կարծիքին են հայ գիտնականները, որոնք բերելով համարժեք փաստեր, միաժամանկ հիշեցնում են արաբական երկրների` աշխարհին ուղղված առաջարկը` 1 լիտր ջրի դիմաց` 1 լիտր նավթ, ու նկատում, որ նման առաջարկի պարագայում մեր քայլեր չձեռնարկելը պարզապես անխոհեմություն է: Հայ մասնագետներն արդեն իսկ հնչեցնում են գործնական առաջարկներ` հայկական ջուրն արաբական երկրներ հասցնել ցիստեռներով և կամ խողովակաշարերով. նավթի ու գազի համար հնարավոր է 1000-ավոր կիլոմետրերով խողովակներ կառուցել, ջրի համար անհնա՞ր է: Սակայն այսօր իրողությունն այն է, որ մեր աղբյուրների գերակշիռ մասն արդյունավետ չի օգտագործվում, թափվում է գետերն ու արտահոսում Հայաստանից: Եվ քանի դեռ չեն լուծվել ջրային ռեսուրսների կառավարման խնդիրները, ջուրն ինչպես հազարամյակներ հոսել է` այդպես էլ կշարունակի հոսել ու հեռանալ մեր երկրից:

Մեր ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործմամբ անհանգստացած են հայ գիտնականները, հետաքրքիր է, թե ինչ են մտածում պետական այրերը: Քանզի ակնհայտ է, որ առանց պետական միջամտության սայլը տեղից շարժվել չի կարող: Պարզեցինք, որ դեռ Արմեն Դարբինյանի կառավարության օրոք Հայաստանի ջրային ռեսուրսների արտահանման հարցը կառավարությունում լուրջ քննարկման առարկա էր դարձել: Մեր ձեռքի տակ է նախկին փոխվարչապետ Գագիկ Մարտիրոսյանի` 5.02.99 թվականի գրությունը` ուղղված նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ուր տեղեկացվում է, որ «Հայկական նախագիծ»` ՀՀ ջրային ռեսուրսների օգտագործման հեռանկարային ծրագիրը ոչ միայն արժանացել է կառավարության հավանությանը, այլև որոշակի հանձնարարականներ են տրվել ԱԳՆ-ին, Ֆինանսների ու Բնապահպանության նախարարություններին: Սակայն այս ամենով հանդերձ ծրագիրն առայսօր շարունակում է մնալ չինովնիկների դարակներում: Բնականաբար, հարց է առաջանում` ի՞նչն է խոչընդոտում «Հայկական նախագծի» իրականացմանը: Պարզ է, որ մեր փոքր երկրի համար այնքան էլ հեշտ չէ մաս կազմել նման խոշորագույն ծրագրի: Եթե անգամ մի կողմ թողնենք տարածաշրջանային քաղաքական շահերը, հասկանալի է, որ համաշխարհային շուկայում գերիշխող դիրք գրավող ֆինանսական «հսկաները» ամեն կերպ կփորձեն խոչընդոտել որակյալ ջրային ռեսուրսներով իրենց շահերի տիրույթում հայտնված «նորելուկին»: Մեզանում մի տեսակ նորաձև է դարձել` մեր անգործությունն աշխարհաքաղաքական ու այլ կարգի իրավիճակներով պատճառաբանելը: Այն, ինչ լսեցինք չինովնիկների գրասենյակներում, սրա ակնհայտ վկայությունն է: Պարզվեց, որ այս խնդրում մեզ խոչընդոտում են ոչ թե «միջազգային ֆինանսական հսկաները», ոչ թե Ամերիկան ու Ռուսաստանը, ինչպես սիրում ենք հաճախ ասել, այլ մեր անտարբերությունն ու անգործությունը:
Ի դեպ, պաշտոնյաներից մեկը նույնիսկ անկեղծորեն նկատեց. եթե մենք մի քիչ խելոք գործենք, խանգարողները կարող են դառնալ մեր օգնականները:

Արաբ շեյխերին սպասելիս

Չնայած «Հայկական նախագիծը» ժամանակին քննարկվել է կառավարությունում, սակայն բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների գործակալության պետի տեղակալ պարոն Վ.Նարիմանյանը միայն «պատահաբար» հիշեց «ինչ-որ ժամանակ» իր ականջին հասած «նման խոսակցությունների» մասին: Ծրագիրն անհեթեթություն որակող այս չինովնիկը մեզ նախ զարմացրեց իր տրամաբանությամբ: Պրն. Նարիմանյանի մտածողությամբ պետք չէ, որ մենք բարձրաձայնենք մեր ունեցած ջրային պաշարների մասին, թե չէ հանկարծ գերտերությունները կլսեն, կգան ու մեր ձեռքից կվերցնեն մեր հարստությունը: Իհարկե դժվար էր նման մտածողություն ունեցող պաշտոնյային բացատրել, որ Հայաստանի ջրային պաշարների առատության մասին վկայող գիտական աշխատությունները վաղուց արդեն «գաղտնազերծել» են այդ տեղեկատվությունը, ու մեր ասելով չէ, որ այդ փաստերը պիտի հայտնի դառնան աշխարհին: Ավելին, ինչպես տեղին նկատեց այս խնդրում շահագրգիռ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, բացառված չէ, որ գա նաև այն ժամանակը, երբ Հայաստանին չեն էլ հարցնի` վաճառո՞ւմ ես քո ռեսուրսը, թե ոչ, այլ գան և վերցնեն` իրենց ուզած տարբերակով: Եվ որպեսզի նման բան տեղի չունենա, հարկավոր է, որ Հայաստանն այսօր իսկ երկխոսություն սկսի: Իսկ այ, Նարիմանյանը հակառակ կարծիքի է. ոչ թե պետք է հայկական կողմը քայլեր անի, այլ հարկավոր է նստել ու սպասել, թե արաբական շեյխերից մեկը, ե՞րբ կթակի մեր դուռն ու կխնդրի մեր ջուրը: Այսպես որ գնա, շեյխերի ճամփեն բռնած, մենք դեռ շա˜տ երկար ենք սպասելու… Ոչ պակաս հետաքրքիր էին և Գագիկ Մարտիրոսյանի դատողությունները. «Աղջկան ամուսնացնելու պահը դեռ չի եկել: Օրը կգա` բարին հետը»:

Մինչդեռ տարիներ առաջ փոխվարչապետ Մարտիրոսյանը եղել է «Հայկական նախագծի» իրականացման շահագրգիռ կողմերից մեկը: Բայց, ինչպես պարզեցինք` դա ունեցել է լուրջ պատճառներ: Բանն այն է, որ ծրագրի առաջին փուլը նախատեսում էր «Ջրային ռեսուրսների գործակալության» ստեղծում: Կառույցի հիմնումից ու Մարտիրոսյանի` կառույցի ղեկավար նշանակվելուց հետո էլ մարեցին ծրագրի հետագա փուլերի նկատմամբ նրա շահագրգռությունները:
Ստացվում է, որ մեր երկրում սայլը տեղից չի շարժվի, քանի դեռ չի փոփոխվել մեր մտածելակերպը, քանի դեռ «վերևներում» սեփական աթոռից այն կողմ ոչինչ չեն տեսնում, քանի դեռ չկա երկրի ապագայի հանդեպ անհրաժեշտ սրտացավություն:

Վերջաբանի փոխարեն

1991-ին Հելսինկիում ընդունվել է ջրային ռեսուրսների օգտագործման մասին համաձայնագիր: Եթե կարճ ձևակերպելու լինենք, ապա վերջինիս պահանջների համաձայն` ջրային ռեսուրսները ոչ թե համարվում են տվյալ երկրի սեփականությունը, այլ այն երկրներինը, ուր հոսում ու հավաքվում են այդ ջրերը: 1991-ին Հելսինկիում ընդունվել է ջրային ռեսուրսների օգտագործման մասին համաձայնագիր: Եթե կարճ ձևակերպելու լինենք, ապա վերջինիս պահանջների համաձայն` ջրային ռեսուրսները ոչ թե համարվում են տվյալ երկրի սեփականությունը, այլ այն երկրներինը, ուր հոսում ու հավաքվում են այդ ջրերը:

Հայաստանը ոչ մի երկրից ջուր չի ստանում, մեր ջրերը հոսում ու հեռանում են մեզանից: Այնպես որ, մեր երկրի համար այս համաձայնագրին միանալն այլ բան չէ, քան սեփական ձեռքերն ու ոտքերը հոժարակամ կապկպելը և օտարին հանձնվելը: Օրինակ, եթե ուզում ենք Որոտան գետի ջրերն ուղղել դեպի Սևանա լիճ, ապա պետք է ստանանք Ադրբեջանի համաձայնությունը: Արի ու տես, որ 1992-ին ՀՀ կառավարությունը ստորագրել է այս խայտառակ փաստաթուղթը: Իհարկե, որոշ ժամանակ անց, գիտակցելով հետևանքների լրջությունը, փորձել է հետ կանգնել, քանզի մինչ այսօր վավերացված չէ օրենսդիր մարմնում: Բայց միջազգային կառույցները կարող են չէ՞, մի օր էլ հիշել ՀՀ կառավարության կիսաքայլն ու պարտադրել այն մինչև վերջ հասցնել: Սրա մասին պե՞տք է մտածել, թերևս այն գիտակցումով, որ վաղն ուշ է լինելու:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն