Բուլղարահայոց թեմի Առաջնորդական տեղապահը իր երախտիքն է հայտնել Շվեյցարիայի դեսպանին
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը պաշտոնական նամակով, ուղղված Բուլղարիայում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան տ-ն Ռեգինա Էշերին, բուլղարահայ համայնքի անունից իր երախտիքն ու գոհունակությունն է հայտնել Շվեյցարիայի կառավարության որոշման կապակցությամբ, որով ՄԻԵԴ Գերագույն պալատում պիտի բողոքարկվի Փերինչեքի գործով Եվրոպական դատարանի տխրահռչակ որոշումը, տեղեկացնում են Բուլղարահայոց թեմի մամլո դիվանից:
«Սույն գրությամբ, ի դեմս Ձեզ հանուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի Հայոց թեմի մեր երախտիքն ու գոհունակությունն ենք հայտնում Շվեյցարիայի կառավարությանը վերոհիշյալ որոշման կապակցությամբ:», ասված է նամակում: Հոգեշնորհ Հայր սուրբը ողջունում է Շվեյցարիայի կառավարության կեցվածքը Ցեղասպանության մերժողականության դեմ: «Շվեյցարիայի կառավարության նման որոշումը ցույց է տալիս նրա կեցվածքը Ցեղասպանության մերժողականության դեմ՝ հանուն խտրականության ու անհանդուրժողականության վերացման և ընդդեմ մարդկության հանցագործությունների կանխման:», իր նամակում նշում է Առաջնորդական տեղապահը: Իր գրության վերջում հոգեշնորհ հայր Աբգար վարդապետը դեսպանին է փոխնցել իր օրհնությունները եղբայրական Շվեյցարիայի ժողովրդին, կառավարությանը և անձամբ Նորին Գերազանցություն դեսպան տ-ն Ռեգինա Էշերին:
«ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ» Հայկական Տեղեկատվական Կայք (ԲՈՒԼՂԱՐԻԱ)












