Կշահեն Արևմուտքը և Ռուսաստանը, չի շահի Ուկրաինան
ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ղրիմի հանրաքվեին և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին: Պատգամավորը, մասնավորապես, նշել է.
«Վստահաբար` Ղրիմի բնակչությունը կողմ կարտահայտվի Ուկրաինայի կազմից դուրս գալու և Ռուսաստանի կազմ վերադառնալու հարցադրմանը: Ենթադրաբար` Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը չի շտապի վավերացնել» հանրաքվեի արդյունքները:
Փոխարենը` կսկսվի «մեծ խաղի» եզրափակիչ ակտը:
Արևմուտքի և Ռուսաստանի միջև քաղաքական սուր հակադրության հռետորաբանությունը, պատժամիջոցների սպառնալիքներն ու փոխադարձ վիրավորանքը կամաց-կամաց իրենց տեղը կզիջեն, արդեն նոր իրողությունների հաշվառմամբ ստեղծված իրավիճակում, քաղաքական փոխընդունելի, թեկուզև` ժամանակավոր լուծում գտնելու շահի գիտակցությանը:
Լուծում, որը նախ` կբավարարի ներգրավված հիմնական կողմերին՝ Արևմուտքին և Ռուսաստանին (օրինակ` Ուկրաինան ֆեդերալ պետության վերածելու եղանակով): Կշահեն երկուսն էլ՝ և՛ Արևմուտքը, և ՛ Ռուսաստանը: Չի շահի, բնականաբար, Ուկրաինան: Եվ այլևս, գոնե` տեսանելի ապագայում, չի լինի վերադարձ դեպի անցյալ: Այդպիսին է պատմության տրամաբանությունը: Դաժան, բայց՝ ուսանելի:
ՀԳ. Այն, ինչ տեղի ունեցավ և այսօր էլ ընթանում է Ուկրաինայում, ևս մեկ անգամ արձանագրում է պատմության, դրա նարացիայի, հավաքական հիշողության անհաղթահարելի ուժը: Երբ էթնիկ հանրությունը, ժողովուրդը, ազգը չի կիսում սեփական անցյալի՝ պատմության միատեսակ ընկալումը, նման ժայթքումները, ճգնաժամերը դառնում են սոսկ ժամանակի ու տեխնիկայի հարց:
Հետևություններ կարող են անել բոլորը: Բոլորը»:












