Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԵՐԵՎՈՒՄ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԼՅԱՆՍԻ» ՀԵՏԵՎՈՒՄ

Մարտ 17, 2014թ. 21:58

Հարցազրույց ՀԴԿ առաջնորդ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ

-ՀՀՇ-ն օրերս հայտարարեց «Եվրոպական ալյանս» նախաձեռնության մասին. ցանկանում է միավորել «արեւմտյան քաղաքակրթության կողմնակիցներին», այս հարցը քննարկել քաղաքական, հասարակական կազմակերպությունների, անհատների հետ: Ի՞նչ կարծիքի եք այս նախաձեռնության մասին:
-Որեւէ մեկը չի կարող արգելել կամ դեմ լինել նման, այսպես կոչված, ալյանսի ստեղծմանը, բայց եկեք առաջին հերթին նախ հասկանանք՝ ինչ է նշանակում արեւմտյան քաղաքակրթություն:
Եթե խոսքը եվրոպական դասական քաղաքակրթության մասին է, ապա ցանկացած կրթված անձ չի կարող դրան դեմ լինել, որովհետեւ ինքն էլ այդ քաղաքակրթական արժեքների կրողն է: Ի վերջո, կրթված անձը նաեւ չի կարող հրաժարվել, օրինակ, ռուսական կամ մեկ այլ ժողովրդի բարձրագույն մշակութային արժեքներից: Հետեւաբար, անիմաստ եմ համարում նման ալյանսի ստեղծման անհրաժեշտությունը: Կարծում եմ, այստեղ կա արհեստականորեն հակադրություն ստեղծելու միտում: Ինքնին հասկանալի է` հարցը քաղաքականացված է:
-Հասարակությունը մերոնց-ձերոնց, արեւմտամետների-ոչ արեւմտամետների բաժանելու վտանգ չե՞ք տեսնում:
-Երբ քաղաքական դաշտում առաջ է գալիս բաժանարար գծերի գաղափարը, Հայաստանում հայտնվում են ջատագովներ, որոնք եռանդագին կերպով փորձում են սեպ խրել նույն հասարակության այս կամ այն հատվածի մեջ` բաժանարար գծերը դարձնելով վիհեր: Իսկ ովքե՞ր են այդ գաղափարների տերերը, պետք է ծանոթանալ նրանց կենսագրությանը, նաեւ տեղեկանալ, թե ովքեր են նրանց հովանավորները:
Պարզ ասեմ, Հայաստանում դրսի կառույցները նման աշխատանք իրականացնում են հասարակական սեկտորի հետ, վերջիններս էլ բացահայտորեն նշում են, թե ովքեր են իրենց հովանավորները: Դրանց թվում են, օրինակ, Նորվեգիայի կառավարությունը, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի դեսպանությունները:
Ի դեպ, վերջերս հայտարարվեց, որ ԱՄՆ-ը 100 մլն դոլար է հատկացնում Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորման համար: Իհարկե, շատ լավ է, որ մենք ունենանք զարգացած քաղաքացիական հասարակություն, բայց գլխավոր խնդիրն այն է, որ չունենանք կամակատար հասարակություն ու պարտադրանքի տակ գործող կառույցներ:
Այսինքն՝ մեզանում ձեւավորվող քաղաքացիական հասարակությունն ու քաղաքական, հասարակական կառույցները պետք է հանդես գան միայն մեր պետական, ազգային շահերի դիրքերից, չծավալեն ինչ-որ տեղից ուղղորդվող գործունեություն:
-Փաստորեն այս նախաձեռնության հետեւում արեւմտյան կառույցների «ականջներն» եք տեսնում: Ֆինանսական խնդիրներ ունեցող ՀՀՇ-ն թերեւս այդ կերպ փորձում է դրսի ուշադրությանն արժանանալ (եթե, իհարկե, դեռ չի արժանացել):
-Ես ոչ մեկի եւ ոչ մի կուսակցության չեմ ուզում ապրիորի մեղադրել: Բայց երբ հետեւում ես որոշների գործունեությանը, համոզվում ես, որ նրանց թիրախը ոչ թե ազգային պետական շահի պաշտպանությունն է, այլ իրենց հովանավորողներին հաճոյանալը: Ցավոք, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում գրանտակերների քանակը օրեցօր ավելանում է, չեմ զարմանա, եթե գրանտների վրա հիմնված նման ալյանս եւս ձեւավորվի: Այդ դեպքում պետք է իրենց դրոշի վրա մեծ տառերով գրեն, որ այլեւս չեն կարող լինել անկախ, ինքնուրույն քաղաքականություն վարող կուսակցություն:
-Թե այս քայլով ի՞նչ նպատակներ է հետապնդում ՀՀՇ-ն, պատգամավոր Ալիկ Արզումանյանը խորհրդարանում մասնավորաբար ասաց` ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացում, հրաժարում ՀԱՊԿ-ին, ապա եւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումից:
-Պարզ է, այդ դեպքում այլեւս պետք չէ խոսել ո՛չ քաղաքակրթության մասին, ո՛չ էլ մեր հասարակության մեջ այդ արժեքները կրողներին միավորելու կոչ անել: Ուղղակի պետք է ունենալ խիզախություն եւ շիտակ ասել՝ գիտեք, մենք ոչ թե այդ քաղաքակրթության հետեւից ենք գնում, այլ ուզում ենք փոխել մեր արտաքին քաղաքական վեկտորը, մեր ամբողջ համակարգը` ե՛ւ պաշտպանական, ե՛ւ ազգային անվտանգության, ե՛ւ տնտեսական:
Ուզում եմ նման մտածողության տեր անձանց կամ ուժերին հարց ուղղել՝ եթե այդչափ կարեւորում են արեւմտյան համակարգը, ապա ինչո՞ւ այդ նույն արեւմտյան պետությունները, համապատասխան կառույցները Հայաստանի անկախացման այս 23 տարիներին չաջակցեցին, որ մեր երկիրը գոնե մնար այնպիսին, ինչպիսին կար` զարգացած արդյունաբերությամբ, գյուղատնտեսությամբ ու գիտությամբ երկիր, այլ ամեն ինչ արվեց, որ Հայաստանը դառնա սպասարկող երկիր:
Պետք է «շնորհավորել» Համաշխարհային բանկին ու Արժույթի միջազգային հիմնադրամին, որ կատարեցին իրենց սեւ գործը. այսօր Հայաստանի ուսերին դրված է 4,5 մլրդ դոլարի պետական պարտք, դրանք ամբողջովին արեւմտյան փողեր են, որից մեկ դոլարն իսկ չի ուղղվել Հայաստանի տնտեսության զարգացմանը:
Նրանք ամեն ինչ արեցին, որ Հայաստանը լինի ընդամենը սպասարկող երկիր: Դրա հետեւանքով Հայաստանը տարեցտարի ամայացավ, ժողովուրդը հիմնականում երկրից հեռացավ՝ չունենալով աշխատանք ու արժանապատիվ աշխատավարձ: Ի տարբերություն Արեւմուտքի, Ռուսաստանն իր կապիտալն ուղղել է Հայաստանի արտադրության զարգացմանը նպաստելուն:
Այժմ էլ «Նաիրիտ» գործարանը աշխատեցնելու համար ոչ թե դիմում են արեւմտյան կառույցներին, այլ ռուսական կազմակերպությանը` «Ռոսնեֆտին»։ Հասկանալի է, չէ՞, ինչու:
Ամփոփելով միտքս, ասեմ, նման ալյանս ձեւավորողները մարդիկ են, որոնք ունեն մանր բուրժուական մտածելակերպ, այդ գաղափարախոսության կրողներն են` այն էլ 19-20-րդ դարասկզբի:
-Վերջերս դարձյալ ակտիվացել են խոսակցությունները, թե ոչ մրցունակ քաղաքական ուժերը պետք է դուրս մղվեն, ու Հայաստանի քաղաքական դաշտն ազատվի 75 կուսակցությունների ավելորդ բեռից, այսինքն՝ նախընտրելի է, որ Արեւմուտքի տարբերակով մեզանում եւս լինեն խոշոր, որակյալ քաղաքական երկու-երեք բեւեռներ:
– Իհարկե, շատ լավ կլինի, որ կուսակցությունները փորձեն միավորվել, ու տեղի ունենա խոշորացում: Բայց դա պետք է հիմնված լինի գաղափարական հենքի վրա, իսկ երբ նպատակ է դրվում տարաբնույթ գաղափարախոսություն կրող կուսակցություններին արհեստականորեն միավորել ու դարձնել մեկ քաղաքական ուժ, դրանում այլ նպատակներ եմ տեսնում:
Մեզանում քաղաքական դաշինքները մշտապես ձեւավորվել են նախընտրական նպատակներով, զուրկ են եղել գաղափարական հենքից, ինչը մեր ամենամեծ հիվանդությունն է: Նման համակարգ չի կարող ձեւավորվել արհեստական ճանապարհով, իսկ գաղափարական դաշինքների ձեւավորման բնականոն ուղին արդար ընտրություններն են, երբ մարդիկ կհավատան, որ ընտրություններով է որոշվում քաղաքական ուժերի հեղինակությունը, նաեւ վերաբերմունքը այս կամ այն գաղափարական հոսանքի հանդեպ:
Իսկ եթե դա տեղի չունեցավ` մնացյալը սուտ է, քանի դեռ ուժն ու փողն է որոշում ընտրությունների ելքը, ուրեմն էլ ո՞ր գաղափարական հենքի վրա կարող է դաշինք ձեւավորվել:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն