ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԽԱՆԴԸ» ՇԱՐԺՎԵՑ, ԵՐԲ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽԱՂ ՍԿՍԵՑ
Հարցազրույց պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Վիլնյուսից հետո առաջին անգամ Հայաստանն ու Եվրամիությունը անցկացրին հանրային միջոցառում, որի ընթացքում Հայաստանում ԵՄ դեսպանը հայտարարեց, թե սեպտեմբերի 3-ից հետո Հայաստան-ԵՄ հարաբերություններն այլևս վերաձևակերպվել են: Սակայն նա չտվեց ամենակարևոր հարցի պատասխանը` ինչպե՞ս են շարունակվելու Հայաստան-ԵՄ հարաբերությունները, պատճառը անորոշությո՞ւնն է:
-Սեպտեմբերի 3-ից հետո եվրոպական կողմը սկսեց հանդես գալ բավական չոր հայտարարություններով, իսկ նման կոշտացման պատճառը, կարծում եմ, ԵՄ մտավախությունն էր, որ հանկարծ Մոլդովան, Ուկրաինան ու Վրաստանը ևս չփորձեն հետևել Հայաստանի օրինակին ու պնդել ՙև…և՚-ի քաղաքականությունը: Ուկրաինայի դեպքերը, սակայն, դաս եղան ԵՄ-ի համար, գիտակցեցին, որ չի կարելի Հայաստանի դեմ փակել դռները: Ու ամիս առ ամիս նկատելի դարձավ դիրքորոշումների մեղմացումը: Եվ Վիլնյուսում կողմերը ճանաչեցին բանակցված պայմանագրի առկայությունն ու հաստատեցին, որ կա համատեղ աշխատելու ցանկություն: Այս ընթացքում Հայաստանն ընդգրկվեց է GSP ռեժիմի նոր շրջափուլում, այսինքն, ավելի քան 6000 հայկական ծագման ապրանքներ ԵՄ են ներմուծվում GSP -ի շրջանակներում տրված արտոնյալ` զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքերով: Այսինքն, Հայաստան-ԵՄ համագործակցությունը շարունակվեց, պարզապես ԵՄ-ն նախընտրում էր չհրապարակել, հնչեղություն չտալ այդ ընթացքին: Իհարկե, կա նաև այն հանգամանքը, որ իրենք էլ չէին հասկանում` ի՞նչ պետք է անել, ի՞նչ ուղղությամբ պետք է գնալ: Կարծում եմ, այսօր այդ անորոշությունը հաղթահարված է:
–Թերևս ԵՄ-ն օգտվելով նրանից, որ Ռուսաստանի “գլուխը խառն է” ուկրաինական խնդիրներով, փորձում է արագացնել Արևելյան գործընկերության վերակենդանացումը:
-Ցանկացած մեծ երկիր փորձելու է գործընթացները ծառայեցնել իր շահերին: Թե այսօր ի՞նչն է դրդել ԵՄ-ին արագացնել գործընթացը, մենք էլ լավ գիտակցելով, սակայն չպետք է դրա վրա սևեռվենք: Մեզ համար կարևորն այն է, որ ԵՄ-ն ուզում է Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնել, և մենք պետք է մեր շահերով առաջնորդվենք: Ասեմ նաև, որ Արևելյան գործընկերության ծրագրի ամբողջ գաղափարը հետևյալն է. ԵՄ-ն ցանկանում ունենալ կանխատեսելի, անվտանգ, նաև բարեկեցիկ հարևաններ, ինչը կնպաստի նաև իր անվտանգությանն ու բիզնես ծրագրերի իրականացմանը: Հարց է առաջանում, ինչո՞ւ պետք է Ռուսաստանը խանդով վերաբերվեր բարեփոխումների այն փաթեթին, որը ԵՄ-ն ներկայացրել էր ԱլԳ անդամ երկրներին, մի՞թե Ռուսաստանը չի ցանկանում իր կողքին ունենալ կայուն, հզոր, կանխատեսելի հարևաններ, որոնք կարող են միմյանց հետ նորմալ համագործակցել: Իհարկե` ցանկանում է, բայց ամեն ինչ փոխվեց , երբ ԵՄ-ն սկսեց վարել այլ քաղաքականությունը ու Արևելյան գործընկերությունը վերածվեց ԵՄ աշխարհաքաղաքական դիրքերի ամրապնդմանն ուղղված պայքարի: Տեսեք, Ուկրաինան դեռևս երկու տարի առաջ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, Վիլնյուսում նա ընդամենը պետք է վերջնաստորագրեր: Այս փաստը հաստատում է այն մասին, որ երկու տարի առաջ Ռուսաստանը հանգիստ է վերաբերվել այս գործընթացին, քանի որ տնտեսական առումով ՌԴ-ն չուներ մտավախություն: Հիմա էլ բերեմ մեկ այլ օրինակ: ԵՄ-ն հայտարարեց, որ պատրաստ է մոլդովական գինիները ցանկացած քանակով ներմուծել եվրոպական շուկա, մոռանալով իր իսկ կողմից սահմանված եվրոստանդարտների մասին: Սա զուտ քաղաքական որոշում էր, այս օրինակը փաստում է, որ այդ պահից ԵՄ-ն փոխեց իր քաղաքականությունը:
-Այսինքն, Ռուսաստանի, այսպես ասած, խանդը շարժվեց այն պահին, երբ վերջինիս համար հասականալի դարձավ, որ իր հարևան երկրներում Եվրոպան աշխարհաքաղաքական նոր խաղ է սկսել` ԱլԳ-ն օգտագործելով որպես գործիք:
-Այո, եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաները, դեսպանները սկսեցին հայտարարել, թե “և…և”-ի քաղաքկանությունն այլևս չի աշխատելու ու առաջ քաշեցին միայն “կամ…կամ”-ի քաղաքականությունը, ինչն էլ սրեց Ռուսաստանի վերաբերմունքը Արևելյան գործընկերության ու առաջարկվող փաթեթի հանդեպ: Եվրաչինովնիկներն իրենք փոխեցին մեսիջների բովանդակությունը, Ռուսաստանն էլ հանդես եկավ իր աշխարհաքաղաքական շահերի դիրքերից:
-Դուք խորհրդարանում հայտարարեցիք, որ Հայաստանը Ուկրաինայի օրինակով պետք է ստորագրի Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, մինչդեռ ԵՄ դեսպանը այդ առնչությամբ նկատել է, թե պետք չէ ՀՀ-ԵՄ հարաբերությունները համեմատել ԵՄ-Ուկրաինա հարաբերությունների հետ: Փաստորեն, այս կերպ արտահայտելով իր անհամաձայնությունը:
-Ի՞նչ է նշանակում “պետք չէ համեմատել”, մենք բոլորս Արևելյան գործընկերության երկրներ ենք, ԵՄ դեսպանը նման միտք ասելով ելել է ԵՄ շահերից, բայց անկախ նրանից, թե եվրոպացիներն ի՞նչ կասեն, մենք պետք է ամեն կերպ առաջ մղենք մեր երկրի շահը: Չպետք է “ամաչել”, այլ պետք է ԵՄ-ի առաջ հարց դնել` ինչո՞ւ ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ ստորագրել, իսկ Հայաստանի հետ` ոչ, այն դեպքում, երբ Հայաստանն այդ առաջարկն արել էր դեռևս սեպտեմբերի 5-ին: Չէ՞, որ մեր երկիրը երկար ժամանակ է բանակցել, հասել կարևոր փուլի, ավելին, այսօր էլ պատրաստակամ է կատարել քաղաքական բարեփոխումներ: Մենք պետք է այդ խնդիրը դնենք ԵՄ-ի առաջ, բանակցենք, պնդենք և հասնենք Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրմանը, քանի որ այդ բարեփոխումները բխում են մեր երկրի շահերից:
– Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպության տնօրենը ասել էր, թե չափազանց կարևոր է Հայաստանին և ԱլԳ մնացած երկրներին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը: Հայտնի է նաև, որ եվրոպական կառույցներից ուղղվող ֆինանսական աջակցությունը երբևէ միտված չի եղել մեր երկրի տնտեսության, արդյունաբերության զարգացմանը, դրանք հիմնականում ուղղվել են քաղաքացիական սեկտորին, տարբեր սեմինարների անցկացմանը, խորհրդատուներին և այլն: Հնարավո՞ր է այս հարցում ԵՄ քաղաքականության փոփոխություն:
-2006-ից ԵՄ-ն ուղղակիորեն աշխատել է ՀՀ պետական կոռույցների հետ ու այդ ծրագրերը, ֆինանսական առումով, մի քանի անգամ ավելի են, քան քաղաքացիական սեկտորին ուղղվող գումարները: Ծրագեր են իրականացվել տարբեր նախարարությունների հետ, եվրոպական փորձի ներդրման, օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ, դրանք օգնել են մեր պետական ինստիտուտների կայացմանը: Ինչ վերաբերում է ձեր հարցին, կարծում եմ, այստեղ շատ բան կախված է մեզանից, մենք պետք է ձգտենք, նաև պահանջենք, որ ծրագրեր իրականացվեն այն ոլորտներում, որոնք կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը: Մշտապես ասել եմ, մեր ուղենիշը պետք է լինի մեր պետության շահերով առաջնորդվելը:
-Ի դեպ, չի շրջանցվել նաև սառեցված հակամարտությունների, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը. ԵՄ-ն կոչ է արել ԱլԳ ղեկավարությանը մշակել վստահության ձևավորման ծրագրեր: Ի՞նչի մասին է խոսքը:
– ԵՄ-ն այսօր իրականացնում է մի փոքր ծրագիր, փոքր գումարների շրջանակում, այն կոչվում է Եվրոպական գործընկերություն հանուն Լեռնային Ղարաբաղի: Մի քանի եվրոպական ինստիտուտներ Հայաստանի, ԼՂՀ-ի ու Ադրբեջանի հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ ծրագրեր են իրականացնում: Եթե այս աշխատանքը իրենք, իրոք, կարևորում են, ուրեմն, առավել ողջունելի կլինի, որ ավելի շատ կազմակերպություններ ներգրավվեն այդ ծրագրում և ԵՄ-ն կարողանա իրականացնել այնպիսի քայլեր, որով կպարտադրի կամ կհամոզի Ադրբեջանին շփման գծից հեռացնել դիպուկահարներին, տեղադրել մոնիտորինգային համակարգեր: Չէ՞, որ ճշմարտության վերահաստատումը վստահության հաստատման լավագույն միջոցն է: Շփման գծում կատարվող դեպքերի ժամանակ ԵՄ չինովնիկները հնչեցնում են անհասկանալի, անատամ, լղոզված հայտարություններ, բայց եթե տեղադրվեն մոնիտորինգային համակարգեր, նրանք կկարողանան գոնե մեկ անգամ բարձրաձայնել ճշմարտությունը ու մեղադրել իրական մեղավորին: Միայն այդ դեպքում կձևավորվի այն վստահությունը, որ ԵՄ-ն ամեն կերպ փորձում է օժանդակել կողմերին:
-Հաճախ է հնչում այս հարցադրումը, թե Հայաստանը կարո՞ղ է դրական դեր ունենալ ԵՄ-ՄՄ հարաբերություններում, կարո՞ղ ենք հասնել նրան, որ պետության տարածքում ոչ թե գերտերությունների շահերը հակադրվեն, այլ համադրվեն:
-Այսօր կարծում եմ, մենք ունենք այդ հնարավորությունը ապացուցելու, որ գերտերությունների շահերը Հայաստանում չեն բախվում, այլև զուգահեռվում են: Ի դեպ, սա մի քաղաքականություն է, որը Հայաստանին մշտապես հաջողվել է իրականացնել, լինելով ՌԴ-ի լավագույն ռազմավարական գործընկերը, եղել ենք Վրաստանի շատ լավ բարեկամն ու գործընկերը, լինելով ԱՄՆ-ի հետ լավ գործընկեր, ունեցել ենք լավ հարաբերություններ հարևան Իրանի հետ: Հիշեցնեմ, որ Վրաստանի նախկին վարչապետ Իվանիշվիլին քանիցս ասել է, թե Հայաստանի` գերտերությունների հետ հարաբերվելու կարողությունն ու փորձը շատ ուսանելի է:
Եվ այսօր ևս, առացել քան, մենք պետք է խորացնենք այդ գիծը, կարողանանք լինեն այնքան խելոցի, որ մեր տարածքում զուգահեռվող գերտերությունների շահերը օգտագործենք ի նպաստ հայկական պետության զարգացմանը: Այդ ժամանակ Հայաստանը կդառնա օրինակելի երկիր` իր խաղաղությամբ ու բարեկեցությամբ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












