Գուցե պետք է մտածել լոբբինգի ինստիտուտի կայացման մասին
Որ պատգամավորները գործեն գրագետ ու ոչ վախվորած
Խորհրդարանի նախկին գուրմարումների պատգամավորները հաճախ էին խոսում այն մասին, թե ինչո՞վ ենք պակաս արևմուտյան խորհրդարաններից, որ մեզանում ևս չկայացնենք լոբբինգը՝ որպես քաղաքական համակարգին բնորոշ ինքնատիպ ինստիտուտ: Շատ քաղաքական գործիչներ նույնիսկ համոզված էին, որ այդ դեպքում մեր խորհրդարանը կարող է դառնալ առավել պրոֆեսիոնալ, ուր կգերակշռեն քաղաքական գործիչները և ոչ թե գործարարները, որոնք իրենց շահերը պաշտպանելու նպատակով ստիպված են լինում պատգամավորական մանդատ ձեռք գցել ու մտնել խորհրդարան: Դրա փոխարեն վերջիններս չլինելով պատգամավոր սեփական լոբբինգը կիրականացնեն հենվելով խորհրդարանական քաղաքական ուժերի կամ քաղաքական գործիչների վրա: Ու չնայած ցանկություններին, այնուհանդերձ, լոբբինգի ինստիտուտ շարունակում է մնալ չկայացած և ինչպես հաճախ է լինում մեզանում, այս հարցում էլ մերոնց մոտ ինչ-որ բան լավ չի ստացվում: Եթե արևմտյան խորհրդարանականը պաշտպանում է որևէ անձի կամ կազմակերպության շահերը կամ հակադրվում դրան, ապա դա անում է ամենևին չթաքցնելով հասցետիրոջ ո՞վ կամ ի՞նչ լինելը: Մեզ մոտ ճիշտ հակառակն է, և՜ պաշտպանող կողմը, և՜ քննադատողը հրապարակավ խոսում են միայն մեկ շահից՝ հանրության, փաստորեն, իրենց իրական նպատակները թաքցնելով ՙհանրության շահ՚ հայտնի ձևակերպման տակ: Բնականաբար, տեղի տալով տարաբնույթ կասկածների ու ենթադրությունների: Այն, որ այդ ինստիտուտը շարունակում է մեզանում մնալ չկայացած, վկայեց նաև խորհրդարանում երեկ ծավալված քննարկումը:
Երկրորդ օրն է, ինչ խորհրդարանականների ուշադրության կենտրոնում է ՙԳովազդի մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Առաջին հայացքից ՙանմեղ՚ թվացող այս նախագիծը սակայն, խորհրդավոր կրքեր բորոբոքեց խորհրդարանական կուլիսներից ներս ու դուրս:
Ի ՞նչ է սահմանում ՙԳովազդի մասին՚ գործող օրենքը և ի՞նչ են առաջարկում նախագծի հեղինակ ՀՀԿ-ական պատգամավորները: Ըստ օրենքի, արգելվում է թունդ ալկոհոլային խմիչքների (բացառությամբ կոնյակի) գովազդը զանգվածային էլեկտրոնային միջոցներով: Իսկ նախագծի հեղինակներն առաջարկում են՝ հանել սույն արգելքը և հնարավորություն տալ, մասնավորաբար, հեռուստաընկերություններին երեկոյան ժամը 22:00-ից 06.00-ն ընկած ժամանակահատվածում ցուցադրել ալկոհոլային խմիչքների գգվազդ: Ինչո՞ւ ՀՀԿ մի խումբ երիտասարդ պատգամավորներ որոշեցին հանդես գալ նման նախաձեռնությամբ,մանավանդ եթե նկատի ունենանք, որ ժամանակին հեռուստաեթերը մաքրվեց այդպիսի գովազդներից՝ հանրության շահի և առողջ ապրելակերպի խրախուսման կարևորմամբ: Այսօր սակայն , հիմնական փաստարկը հետևյալն է. հեռուստաընկերությունները կանգնած են ֆինանսական ծանր խնդրի առաջ, մինչդեռ նոր օրենքը կարող է նպաստել նրանց ֆինանսական ինքնաբավությանն ու կայունությանը, թվերի լեզվով ասած, TV-ների եկամուտը ավելացնելով տարեկան մոտ 2.5 միլիոն դոլարով:
ՀՀԿ պատգամավոր Լևոն Մկրտչյանը հորդորեց ընդդիմությանը դավադրություններ չփնտրել առաջարկվող փոփոխության մեջ: Պատգամավորի այս մտահագությունը նախ զարմացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ ՙԻ՞նչ դավադրություն, նման առիթը կա՞՚: Քիչ անց պարզվեց, որ կա: Չնայած նախագծի հեղինակները վստահեցնում էին, թե իրենց նպատակները բարի են, բայց ընդդիմադիր հատվածը հակված էր առաջարկված նախագիծը դիտարկել միմիայն ՙդավադրությունների տեսության՚ շրջանակներում: Իսկ դավադրության ՙհոտ՚ ընդդիմությունն առել էր դեռ նախօրեին. ինչո՞ւ նախագիծը քննարկման ներկայացրվեց օրվա վերջում՝ նիստի ավարտին, երբ դահլիճում քիչ մարդ կար. ՙՀատուկ է՞ր արված, թե՞՝ չէ՚՝ կիսադատարկ դահլիճը չէր վրիպել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ սուր աչքից: Իսկ հետո արդեն, մեկմեկու հաջորդող ընդդիմադիրների ելույթներում, ինչպես թունդ բոլշևիկները կասեին, կարմիր թելի պես նույն միտքն էր անցնում՝ օրենքի թիկունքում տարբեր մարդկանց շահեր են հետապնդվում: Աղվան Վարդանյանը մի դեպք էլ պատմեց, թե ինչպես է տարիներ առաջ Հանրայինի ղեկավարը տեղից ՙվեր-վեր թռել՚, երբ ֆինանսների փոխնախարարը նրան առաջարկել է բյուջեյով լրացուցիչ գումարներ հատկացնել, միայն թե հանրայինի եթերից հանվեն ալկոհոլի գովազդները.ՙՏեսնեիք՝ ո՜նց հրաժարվեց, ո՜նց ընդդիմացավ: Հիմա, մեր նպատակը ստվերի դեմ պայքարե՞լն է, թե՞ խրախուսելը՚: Գովազդի շուկան, հատկապես, TV-ներում, ամենաստվերայիններից է, անձնական, խմբակային շահերն այստեղ ակնհայտ են. այս համոզմամբ ՀՅԴ պատգամավորը ներկաների ուշադրությունը հրավիրեց օրենքի հեղինակների կազմին. <Նայում եմ, շա՜տ երիտասարդ, եռանդուն էդ տեսակ բաներից (խմիչքի հանդեպ թուլություն ունենալուց-Ա.Ս.) շա՜տ հեռու մարդիկ են: Ինչի՞ եք այս կազմով նման բաներ անումե, հետն էլ ակնարկեց.ՙԼոբբինգի մասին օրենք չունեցող երկրում սա անբարեխիղճ լոբբինգի տարրեր չի՞ պարունակում՚: ՀԱԿ պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ էլ որոշել էր այս անգամ հանդես գալ Մաքսային միության անդամակցության դիրքերից. ՙՌուսաստանում ալկոհոլային խմիչքների գովազդն արգելված է, հակառակ ուղղությամբ ե՞նք գնում: Երկու ամիս հետո ասելու եք՝ ՄՄ-ն առաջարկում է խմիչքի մասին գովազդը հանել: Չի կարելի չէ՞, ամոթ է՚: Հետո հետաքրքրվեց՝ իսկ ի՞նչ ենք գովազդելու, ՙԼուս Ա՞ստղ՚, գովազդենք որ թունավորե՞նք մարդկանց.ՙ Դե եկեք էն կավճի դեղահաբերն էլ գովազդենք, ու վերջնականապես թունավորենք էս ժողովրդին՚: Մինչ խորհրդարանի ամբիոնից նախագծի ընդդիմությունը հեղինակներին ՙնրբանկատորեն՚ մեղադրում էր ՙանբարեխիղճ լոբբինգով՚ զբաղվելու մեջ, կուլիսներում հնչում էին առավել անկաշկանդ կարծիքներ: Մի կողմից ՀՀԿ-ականներն էին ՙփորփրում՚ և ուզում կանխատեսել, թե ինչո՞ւ է ընդդիմությունը դարձյալ հակադրվում, սովորույթի ո՞ւժն է պատճառը, թե՞ ինչ-որ շահերն են հետապնդում, մյուս կողմից ընդդիմադիրներն էին մատները հատ- հատ ծալելով անուններ թվարկում՝ լրագրողական բանակն ուղղորդելով որոշակի անձանց ուղղությամբ: Արման Սահակյանը ևս հայտնվեց լրագրողական ՙծուրջկալում՚, հուշել էին՝ ալկոհոլի ներմուծմամբ զբաղվող ՙՍովռանո՚ և սիգարետի ներմուծմամբ զբաղվող ՙՎիդիս Դիսթրիբյուշն՚ ընկերությունների նախագահը ևս այս նախագծի թիկունքում է: Մեղադրանքներից դուրս չմնաց նաև ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ընդդիմությունը կասկածում է՝ ՙՀայլուրի՚ նախկին տնօրենը հավանաբար որոշակի շահեր ունի հեռուստատեսային գովազդում: Մինչ ընդդիմությունը շարունակում էր ՙլոբբիստական ստվեր՚ բացահայտող իր հետաքննությունը, ՀՀԿ պատգամավորները հակադարձում էին՝ մի կողմ թողեք դավադրությունները, մենք ընդամենը ուզում ենք լուծումներ գտնել այն իրավիճակից որում հայտնվել են մեր հեռուստաընկերությունները։ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ առավել վրդովեցրեց այն ձևակերպումը, թե նման գովազդները նպաստելու են երիտասարդության շրջանում խմիչքի հանդեպ աճին, պատգամավորը խորհուրդ տվեց ավելորդ չմտահոգվել.ՙՀայ ժողովուրդը երբեք ալկոհոլի չարաշահման այն աստիճանի չի հասել, և դա գալիս է հոգեկերտվածքի առանձնահատկություններից, մենք կարողանում ենք լուրջ վերաբերվել ալկոհոլ օգտագործելուն՚: Իր հերթի ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ խոստացավ վիճակագրական տվյալներ ներկայացնել, որ ալկոհոլային խմիչքների գովազդումը չի ազդում երկրում ալկոհոլի աճին: Թե ով ում լոբբինգն է իրականացնում, գոնե թե հրապարականորեն, մնաց անհայտ, փոխարենը, տեղի տալով հազար ու մի ենթադրությունների: Գուցե, իրոք, ճիշտ էին մեր նախկին խորհրդարանականները, երբ պնդում էին՝ մեզ պետք է կայացնել լոբբինգի ինստիտուտը, որ այդ դաշտում պատգամավորը գործի գրագետ ու հրապարակային, բայց ոչ թաքուն ու վախվորած: Թե ինչ ճակատագիր կունենա այս նախագիծը պարզ կդառնա թերևս խորհրդարանական այս քառօրյայում՝ քվեարկության արդյունքում: ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












