Ի պաշտպանություն Սևան Նշանյանի ստեղծվել է միջազգային կոմիտե
Թուրքիայում անազատության մեջ գտնվող, Թուրքիայի քաղաքացի հայազգի մատավորական, քաղաքացիական գործիչ, լեզվաբան Սեւան Նշանյանի ազատության համար հանրաճանաչ մտավորականների եւ քաղաքացիական գործիչների մասնկացությամբ ստեղծվել է «Ազատություն եւ արդարություն Սեւան Նշանյանին» միջազգային կոմիտե։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նորաբաց կոմիտեից, այն ստեղծվել է՝ նկատի ունենալով մտավորականի նկատմամբ բանտարկության վճռի անընդունելիությունը, հետզհետե անտանելի դարձող` նրան պարտադրված բանտային պայմանները և նոր ու ոչ պակաս անընդունելի դատական հետապնդումների սպառնալիքները։
«Ազատություն եւ արդարություն Սեւան Նշանյանին» միջազգային կոմիտեն Սեւան Նշանյանի բանտարկության դատական վճիռը համարում է ծաղր՝ նետված արդարության երեսին եւ անընդունելի տուրք` ազատ մտածումի իրավունքի դեմ ուղղված ամբոխային տրամադրություններին: Կոմիտեն Նշանյանի բանտարկությունը որակում է խտրականության եւ քինախնդրության բացահայտ դրսեւորում, որին ենթարկվել է մտավորականը` Թուրքիայում, այսպես կոչված, պետական մտածողության դրույթների նկատմամբ նրա անհաշտ ընդդիմության համար»,- գրված է կոմիտեի հայտարարության մեջ։
«Ազատություն եւ արդարություն Սեւան Նշանյանին» միջազգային կոմիտեն կոչ է անում Թուրքիայի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Սեւան Նշանյանին եւ դադարեցնել նրա նկատմամբ սանձազերծված հալածանքները: Կոմիտեն կոչ է անում համաշխարհային հանրությանը, միջազգային կազմակերպություններին եւ մարդու իրավունքի պաշտպան կենտրոններին` դատապարտել Սեւան Նշանյանի արգելափակման փաստը եւ ձեռնարկել քայլեր նրա ազատ արձակման ուղղությամբ: Կոմիտեն կոչ է անում Թուրքիայի քաղաքացիներին տեր կանգնել պետական մարմինների պատժիչ մեքենայի զոհ՝ այդ երկրի համար մտավոր այնքան արժեքավոր ավանդ ստեղծած համաքաղաքացուն, մտավորականին, Թուրքիայի բազմաշերտ մշակույթի արժեքների պաշտպանին եւ տարածողին:
Կոմիտեն հայտարարում է, որ Թուրքիայում եւ արտասահմանում ձեռնարկելու է բազմատեսակ միջոցառումներ՝ նվիրված Սեւան Նշանյանի դատին, որի հաղթանակին հավատում է աներկբայորեն՝ գործակցությամբ աշխարհի ուժեղ կամքի տեր մարդկանց:
Գոհար Ավետիսյան
Armenpress.am












