Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Մշակույթ

Բակո Սահակյանը Հրաչյա Թամրազյանի եւ Արթուր Մեսչյանի հետ քննարկել է Արցախում Մատենադարանի հիմնադրման հարցը

Մարտ 17, 2014թ. 23:29

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին եւ ճարտարապետ Արթուր Մեսչյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում Մատենադարանի հիմնադրման եւ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Մատենադարան ինստիտուտ-թանգարանի աջակցությունն Արցախում համանման ինստիտուտի ստեղծման գործում՝ նշելով, որ այն մեծապես կնպաստի պատմական արժեքների պահպանմանը եւ հայրենի ժողովրդի պատմության մասնագիտական ուսումնասիրմանը:

Ճարտարապետ Արթուր Մեսչյանը Նախագահին է ներկայացրել Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման նախագիծը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի մայր թատրոնը, լինելով մեր հանրապետության մշակութային կարեւորագույն օջախներից մեկը, պետք է ունենա ժամանակակից չափանիշներին համապատասխանող շենքային պայմաններ, եւ այս համատեքստում կարեւորել Հայաստանի առաջատար ճարտարապետների հետ համագործակցությունը՝ այն համարելով նախատեսված աշխատանքների հաջող իրականացման նախադրյալներից մեկը:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն