Գլխավոր » Regions, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

Կոսովոյի ալբանացիներին կարելի է, իսկ մյուսներին՝ ո՞չ, եւ ինչո՞ւ.Վ.Պուտին

Մարտ 19, 2014թ. 21:52

պուտին«Անկախություն հռչակելով եւ հանրաքվե նշանակելով՝ Ղրիմի խորհրդարանը հղում է արել ՄԱԿ-ի կանոնադրությանը, որի մեջ նշված է ազգի ինքնորոշման իրավունքի մասին: Ի դեպ, հենց Ուկրաինան ինքը, հայտարարելով ԽՍՀՄ-ից դուրս գալու մասին, նույն բանն է արել: Ուկրաինայում օգտվեցին այդ իրավունքից, իսկ ղրիմցիներին մերժո՞ւմ են: Ինչո՞ւ:
Բացի դրանից, Ղրիմի իշխանությունները հենվում էին նաեւ Կոսովոյի հայտնի նախադեպի վրա: Նախադեպ, որը մեր արեւմտյան գործընկերներն իրենք ստեղծեցին, իրավիճակում, որը բացարձակապես համահունչ է ղրիմյանին, ապա Սերբիայից Կոսովոյի առանձնացումը ճանաչեցին լեգիտիմ՝ բոլորին ապացուցելով, որ անկախության միակողմանի հռչակման դեպքում երկրի կենտրոնական իշխանությունների ոչ մի թույլտվություն էլ չի պահանջվում»,- հայտարարեց Վ.Պուտինը՝ հիշեցնելով Հաագայի Միջազգային դատարանում 2010 թ. հուլիսի 22-ին Կոսովոյի հարցով ընդունած որոշումն ու դրա հիմնավորումները, որոնց կողմ էր ԱՄՆ-ը:

Ռուսաստանի ղեկավարը ելույթի այս մասում ասաց այն, ինչը մեզ այնքան ծանոթ է, այսինքն՝ ի՞նչ է, Կոսովոյի ալբանացիներին կարելի է, իսկ մյուսներին՝ ո՞չ, եւ ինչո՞ւ:
Վ.Պուտինը նաեւ սկսեց ակնհայտորեն հեգնել արեւմտյան տերություններին ու ԱՄՆ-ին՝ նկատելով, թե նրանք նշում են Կոսովոյի դեպքի յուրահատկությունը, որը, նրանց ասելով, բազմաթիվ զոհերն են: «Դա ի՞նչ է, իրավական փաստա՞րկ: Միջազգային դատարանի որոշման մեջ այդ մասին ոչինչ ասված չէ: Եվ հետո, գիտեք, դա երկակի չափանիշներ էլ չէ արդեն: Դա ինչ-որ զարմանալի, ուղղագիծ եւ պարզունակ ցինիզմ է:
Չի կարելի ամեն ինչ այդպես կոպտորեն հարմարեցնել սեփական շահերին, միեւնույն բանն այսօր անվանել սպիտակ, իսկ վաղը՝ սեւ: Ստացվում է, որ ցանկացած հակամարտություն պետք է մարդկային զոհերի՞ հասցվի»,- ասաց ՌԴ նախագահը:

Ռուսաստանի նախագահը երեկ, ըստ էության, մեկ այլ, շատ կարեւոր շեշտադրում կատարեց՝ աշխարհի միաբեւեռության եւ ուժի դիրքերից խոսելու հանգամանքների հետ կապված: Հասկանալի է, նա չընդունեց Արեւմուտքի այն հայտարարությունները, թե Ռուսաստանը ինտերվենցիա է իրականացրել Ղրիմ, ասելով, թե պատմությունից չի հիշում դեպք, որ ներխուժումը առանց մի կրակոցի ու առանց զոհերի լինի:

Նրա խոսքով, Ուկրաինայի շուրջ ձեւավորված իրավիճակում, ինչպես հայելու մեջ, արտացոլվեց այն, ինչ այժմ ու վերջին տասնամյակներում տեղի է ունենում աշխարհում. «Երկբեւեռ համակարգի անհետացումից հետո աշխարհն ավելի կայուն չդարձավ: Առանցքային եւ միջազգային ինստիտուտները չեն ամրապնդվում, այլ հաճախ, ցավոք, դեգրադացվում են: Մեր արեւմտյան գործընկերները, Միացյալ Նահանգների գլխավորությամբ, իրենց գործնական քաղաքականության մեջ գերադասում են առաջնորդվել ոչ թե միջազգային իրավունքով, այլ ուժեղի իրավունքով:
Նրանք հավատացել են իրենց ընտրյալ եւ բացառիկ լինելուն, այն բանին, որ իրենց թույլ է տրված որոշել աշխարհի ճակատագիրը, որ միայն իրենք կարող են իրավացի լինել: Նրանք գործում են այնպես, ինչպես խելքներին փչի, մեկ այստեղ, մեկ այնտեղ ուժ են գործադրում ինքնիշխան պետությունների դեմ, կոալիցիաներ են կազմում՝ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով:
Ագրեսիային տեսանելի օրինականություն հաղորդելու համար կորզում են միջազգային կազմակերպությունների անհրաժեշտ բանաձեւեր, իսկ եթե ինչ-ինչ պատճառներով դա չի ստացվում, ապա ընդհանրապես արհամարհում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը եւ ՄԱԿ-ը ամբողջությամբ»:

Վլադիմիր Պուտինը, ինչպես ասվում է, Միացյալ Նահանգներին ու Արեւմուտքին լիուլի վերադարձրեց «պարտքը»՝ հիշեցնելով նրանց սանձարձակ պահվածքը թե՛ Հարավսլավիայի, թե՛ Իրաքի, թե՛ Աֆղանստանի, թե՛ Լիբիայի վրա իրականացրած հարձակումների ժամանակ, թե՛ արաբական մի շարք երկրներում «գունավոր» հեղափոխություններ հրահրելու առումով: «Արդյունքում, ժողովրդավարության եւ ազատության փոխարեն քաոս է, բռնության բռնկումներ, հեղաշրջումների շարքեր: «Արաբական գարունը» փոխարինվել է «արաբական ձմեռով»,- հայտարարեց Ռուսաստանի նախագահը եւ ուկրաինական վերջին զարգացումները դասեց այս շարքում:
Նա նաեւ անընդունելի համարեց այն, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է տերուտիրական լինել Ռուսաստանի «ցանկապատի մոտ»: Թեպետ Պուտինը դեմ չէ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը, բայց՝ «ավելի լավ է նրանք մեզ հյուր գան Սեւաստոպոլ, քան թե մենք ՆԱՏՕ-ական ծովայիններին հյուր գնանք Սեւաստոպոլ»:
Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա պարզ դարձավ, որ Ռուսաստանը հակված չէ նաեւ Հարավարեւելյան շրջանների խնդիրը բարձրացնել, այլ շեշտը դնում է ռուս բնակչության իրավունքները հարգելու եւ չոտնահարելու վրա:

Արեւմուտքի պատժամիջոցներին ՌԴ ղեկավարի անդրադարձն էլ էր ուշագրավ, քանզի, ըստ նրա, մինչեւ այժմ էլ, ըստ էության, պատժամիջոցներին համահունչ վիճակ է եղել: Նրա խոսքով, Ռուսաստանը միշտ հակված է համագործակցության, մինչդեռ Ռուսաստանին Արեւմուտքը մշտապես ջանացել է խաբել, կանգնեցնել կատարված փաստի առաջ:
Հարցը, ի դեպ, այստեղ այն չէ, որ նման բաներ առաջին անգամ են ասվում: Այստեղ էականն այն է, որ Ռուսաստանը, տնտեսապես անհամեմատ թույլ դիրքեր ունենալով, արժանապատվությունը ավելի վեր է դասում եւ, չնայած այդ ամենին, իր մեջ ուժ է տեսնում ձեռնոց նետել իրեն համաշխարհային ոստիկան կարծող ԱՄՆ-ին:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա փոխնախագահ Բայդենը հայտարարել է, որ տեղի ունեցածը անեքսիա է՝ տարածքի զավթում: Սպասվում է, իհարկե, որ Արեւմուտքը կոշտ կհակադարձի, բայց, օրինակ, Ռուսաստանին չեն շտապում «Մեծ ութնյակի» դուռը ցույց տալ, այսինքն՝ դուրս հանել տերությունների շարքից: Բայց եւ մեկը մյուսի հետեւից հայտարարում են, որ չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները, այդ երկրամասի միացումը Ռուսաստանին:

Այս ամենով հանդերձ, շատ հնարավոր է, որ Ղրիմում իրավիճակը սրելու սադրանքներ իրականացվեն: Եվ ուշ երեկոյան արդեն սկսեցին տարածվել առաջին հակասական տեղեկությունները: Ուկրաինական աղբյուրները հաղորդում էին, որ Ղրիմում ուկրաինացի զինծառայողների վրա կրակ է բացվել. առնվազն մեկ զոհ կա: Իսկ ռուսական աղբյուրները հաղորդում էին Ղրիմի ինքնապաշտպանության ուժերի երկու ներկայացուցիչների՝ դիպուկահար կրակոցներից զոհվելու մասին:

Արյունոտ տարբերակը ամենավատն է, որ կարող է լինել: Սակայն դատելով այն բանից, թե ինչ կարգի արկածախնդիրներ են հայտնվել Ուկրաինայի իշխանության ղեկին եւ այն, որ նրանք ուղղորդվում են ԱՄՆ կողմից, կարելի է ամենեւին չկասկածել, որ հնարավոր արյունահեղությունը լինելու է Խաղաղության Նոբելյան դափնեկիր Օբամայի վերջին «փաստարկը»:


Դիտել Regions, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն