Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Հայոց ցեղասպանության զոհերի անունների շտեմարան ստեղծվում է

Մարտ 20, 2014թ. 16:19

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայաստանի ազգային արխիվը փորձում է ստեղծել Հայոց ցեղասպանության զոհերի անունների շտեմարան, սակայն ակնհայտ է, որ մեծ հաջողություններ չեն լինի, քանի որ դա արդեն ուշացած է:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը՝ ավելացնելով. «Եթե 1920-30-ականներին անեինք, շատ մեծ տվյալներ կունենայինք, սակայն արդեն բավականին ուշացել ենք և միայն գրառված անուններն են, որ կարող ենք նշել»:

Այս պահին Հայաստանի ազգային արխիվի տնօրենի համար պարզ է, որ կլինի 200-300 հազար անուն:

«Իհարկե, զոհերի թիվն անցնում է մեկ միլիոնից, սակայն քանակը կարևոր չէ: Կրկնում եմ՝ ժամանակ է անցել, և եթե մենք այս աշխատանքներն ավելի վաղ սկսեինք իրականացնել, այդ անուններն ավելի շատ կլինեին, ինչպես հրեաները դա արեցին: Հիմա մենք կարող ենք հավաքել միայն այն անունները, որոնց մասին հիշատակված են փաստաթղթերում, գրքերում»,- ասաց նա:

Ամատունի Վիրաբյանն անդրադառնալով մեկնաբանություններին՝ նկատեց, որ որպես պատմաբան այն կարծիքին չէ, որ հայերը բոլոր տեղերում չեն դիմադրել:

Ըստ պատմաբանի՝ Արևմտյան Հայաստանի բոլոր նահանգներում հայկական ջարդերի սցենարը նույնն է եղել. «Երբ թուրքերը անցել են գործողության, ոչնչացնելու, նոր հայերը դիմել են ինքնապաշտպանության: Եվ ձեռագիրը կա, նույն ծրագիրն է՝ սկզբում տղամարդկանց առանձնացրել են, տարել, ոչնչացրել են, կանանց, երեխաներին, ծերերին, աքսորել են և ճանապարհին. ոտքով, սոված, մարդիկ մահանում էին: Գեղեցիկներին տանում, երեխաներին, տղաներին տանում էին մուսուլմանացնելու»:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ Հայաստանի ազգային արխիվը հրատարակել է 3 հատորանոց ժողովածու՝ «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում»: Գիրքն արդեն իսկ թարգմանվել է անգլերեն, և մինչ 2015թ. նախատեսվում է ևս մի քանի լեզուներով թարգմանել:


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն