Ապրիլին կբացվի Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հայ-ֆրանսիական ցուցահանդեսը
Այս տարի աշխարհը նշում է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը, և Հայաստանը ևս դրանից անմասն չի մնալու:
Հայաստանի ազգային արխիվը Ֆրանսիայի հետ ապրիլին կկազմակերպի վիրտուալ համակարգչային ցուցահանդես, որը հասանելի կլինի ՀՀ ազգային արխիվի, ՀՀ արտգործնախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանսիայի արտգործնախարարության կայքում: Եվ ամսաթիվը պատահական չէ, այն պետք է գործի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստան ժամանելու հետ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
«150 փաստաթղթեր կլինեն Հայաստանի ազգային արխիվից, նույն քանակով՝ ֆրանսիական արխիվներից»,- ասաց Ամատունի Վիրաբյանը՝ մանրամասնելով, որ 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայկական լեգեոնը մասնակցել է Կիլիկիայի ազատագրմանն ու այլ ռազմական գործողությունների:
«Ռուսաստանում բացվելիք ցուցահանդեսում առանձին մի անկյուն նվիրելու է Կովկասյան ռազմաճակատին, որովհետև Արևմտյան ռազմաճակատում Ռուսաստանը կռվում էր Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի հետ, իսկ Կովկասյան ռազմաճակատում կռվում էին Անդրանիկը, Քեռին, Դրոն, 6 դրուժինաներ են կռվել»,- նշեց Հայաստանի ազգային արխիվի տնօրենը:
Այս ցուցահանդեսում չի արծարծվելու Եղեռնի թեման, այն նախատեսված է հաջորդ՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Նշենք նաև, որ այս շրջանակներում հրատարակվելու է նաև «Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմում» ժողովածուն:












