Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

ՄԵԿԸ «ՈԳԵՎՈՐՎԵԼ» Է, ԻՍԿ ՄՅՈՒՍԸ «ՑԱՎՈՒՄ Է»

Մարտ 21, 2014թ. 01:02

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ մարտի 19-ի երեկոյան տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Ղրիմի հանրաքվեին կատարած անդրադարձի մասին տեղեկատվությունը «ոգեւորել» է Ուկրաինայի «Սվոբոդա» ֆաշիստական համարվող կուսակցության առաջնորդին ու Ռադայի խմբակցությանը:
Իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն էլ, յուրովի «ձայնակցելով» ուկրաինական ազգայնամոլներին, իր հերթին տարօրինակ արտահայտություններ է իրեն թույլ տվել: Նա մասնավորապես ասել է. «Ցավալի է, որ Հայաստանը Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ նման հայտարարություն է արել»:
Իսկ ի՞նչ է կատարվել առհասարակ: Ինչի՞ մասին է խոսքը:
Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. «Նախագահները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի եւ դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին եւ արձանագրել, որ այն ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակն է:
Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը նվիրվածության կարեւորությունը»:
Լավ, իսկ ի՞նչ է Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն, եթե ոչ հենց ինքնորոշման իրավունքի իրացում, որքան էլ որ դա, ասենք, չի համապատասխանում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների շահերին ու հաշվարկներին կամ Ուկրաինայում զանգվածային հուզումների ալիքի վրա իշխանության եկած ազգայնական անհավասարակշիռ տարրերին:
Ըստ որում՝ նկատենք, որ Հայաստանը, ի տարբերություն մի շարք այլ պետությունների կամ նրանց նման ուղիղ տեքստով հայտարարություն չի տարածել, թե ճանաչում է հանրաքվեի արդյունքները՝ Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելու գործընթացով հանդերձ:
Եվ ահա, առաջինը հենց ակնարկված տարրերի «պայծառ» ներկայացուցիչներից մեկն էլ երեկ արձագանքեց: Ռադայի «Սվոբոդա» խմբակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը կոչ է արել, որ հետ կանչվեն Հայաստանում եւ Ղազախստանում Ուկրաինայի դեսպանները կամ նշված երկրների դիվանագետները հրավիրվեն ԱԳՆ` Ղրիմի հանրաքվեն ճանաչելու մասին տարածված տեղեկությունների վերաբերյալ բացատրություն տալու համար:
«Որոշ երկրներ սկսել են ճանաչել Ղրիմում անցկացված հանրաքվեն: Դա անթույլատրելի է: Պահանջում ենք անհապաղ հետ կանչել մեր դեսպաններին Ղազախստանից եւ Հայաստանից կամ նրանց դեսպաններին հրավիրել ԱԳՆ` բացատրություն տալու»,- հայտարարել է Տյագնիբոկը:
Դա, իհարկե, չի կարելի նշել որպես Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշում, քանզի կոչ անողը իշխանափոխությամբ ազդեցիկ դարձած խմբակցություններից մեկի ղեկավարն է ընդամենը: Ի դեպ, սա այն նույն «Սվոբոդան» է, որի ներկայացուցիչները, օրինակ, Ռովնոյի տարածքային կառույցի ղեկավարը, բացեիբաց հայտարարում են, որ պատերազմի ժամանակ օգնել են «ադրբեջանական եղբայրներին», այսինքն՝ Արցախում, որպես վարձկաններ (չնայած ներկայանում են որպես կամավորներ), մասնակցել են ադրբեջանական իշխանությունների կողմից հայության դեմ կազմակերպված մարտական գործողություններին:
Սա՝ ի գիտություն Հայաստանի «մայդանասերների» եւ ուկրաինական արկածախնդրությամբ մի այլ կարգի ոգեւորվածների:
Հայաստանում Ուկրաինայի դեսպանության քարտուղար Իգոր Ռոմանը «Արմինֆո»-ին երեկ հայտնել է, թե դեսպանությունը Հայաստանից դեսպանին հետ կանչելու հրահանգ իրենց ԱԳՆ-ից չի ստացել:
Նույն աղբյուրի համաձայն, Հայաստանում Ուկրաինայի դեսպանության քարտուղարը նաեւ ասել է. «Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը լիարժեք աշխատում է, սակայն էքստրեմալ պայմաններում: Մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչ երկրում ենք աշխատում, եւ ինչ դեր է այն խաղում Ռուսաստան-Ուկրաինա-Հայաստան եռանկյունում: Մենք նաեւ հիանալի գիտակցում ենք, թե ինչ պայմաններում եւ ինչպիսի ճնշման ներքո է գործում Հայաստանի ղեկավարությունը»:
Դժվար է ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները դեսպանին հետ կանչել-չկանչելու առումով, ի վերջո, հետհեղափոխական Ուկրաինան գոնե այժմ անկանխատեսելի շրջադարձերով է աչքի ընկնում: Բայց, կարծում ենք, Ուկրաինայի դեսպանության քարտուղարի անտակտ հայտարարությունների համար այդ երկրի դիվանագիտական ներկայացուցիչը պետք է կանչվի ՀՀ ԱԳՆ եւ դիվանագիտական բառապաշարով մի քանի «քաղցր խոսք» լսի իր այդ արտահայտության համար:
Իսկ այն, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն է ցավալի համարել Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի «նման հայտարարությունը», երեւի զարմանալի էլ չէ, եթե հաշվի առնենք, թե որ երկիրն էր հովանավորում ու ոչ միայն բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերում ուկրաինական հեղափոխության խայտաբղետ ուժերին, այդ թվում՝ մոլի ազգայնամոլներին:
Դե, հասկանալի է, ԱՄՆ վարչակազմի պատկերացումներով՝ ինքնորոշման իրավունք ունեն միմիայն իրենց հովանավորյալները, ասենք՝ Կոսովոյի ալբանացիները, իսկ մյուսները պարզապես ոչ մի իրավունք չունեն:
Մյուս կողմից, Ղրիմի հանրաքվեի հետ կապված զուտ հայաստանյան կամ հայկական տարբեր շրջանակների արձագանքների մեջ էլ, մեղմ ասած՝ տարօրինակ դրսեւորումներ կան: Խոսքը մասնավորապես այն «հայտարարությունների» մասին է, որոնց իմաստը հանգում է Արցախը Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելուն: Նման կարծիքների հեղինակներին ուղղակի կարելի է խորհուրդ տալ, որ իրենց մտավարժանքների համար այլ թեմա ընտրեն եւ հանգիստ թողնեն Արցախը:
ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանին, իհարկե, հռետոր կամ դիվանագետ չես համարի, բայց հիշյալ «հայտարարություններին» ամենից դիպուկ թերեւս նա արձագանքեց, որ եթե Ռուսաստանն ուզում է, թող միանա Ղարաբաղին:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն