Գյուլը կրկին վստահեցրել է, որ Թուրքիայի կառավարությունը չի անտեսի Ադրբեջանի շահերը
Թուրքիայում երեկ մեկնարկել է Մեջլիսի աշնանային նստաշրջանը: Երկրի նախագահը բացելով նիստն ու խորհրդարանականներին ներկայացնելով առաջիկա օրակարգային հարցերը, իր ելույթում շեշտել է, որ խորհրդարանի առաջնային հարցերից է լինելու քրդական խնդիրն ու հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը: Ապա հորդորել է մեջլիսականներին` լայնածավալ քննարկումներ իրականացնել և ընդունել ճիշտ որոշումներ:
Ըստ Թուրքիայի նախագահի, արձանագրությունները հնարավորություն են տալիս կարգավորել հարաբերությունները հարևան Հայաստանի հետ, սակայն դրանք ուժի մեջ կմտնեն, երբ Թուրքիայի խորհրդարանը վավերացնի այն:
Այս ամենով հանդերձ, Գյուլը կրկին ու կրկին թուրք խորհրդարանականներին վստահեցրել է, որ Թուրքիայի կառավարությունը չի անտեսի Ադրբեջանի շահերը` Հայաստանի հետ բանակցություններում:
Հիշեցնեք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն այսօր մեկնելու է Նախիջևան մասնակցելու թուրքալեզու պետությունների ղեկավարների հերթական հանդիպմանը:
Թուրքական լրատվամիջոցների համաձայն, Նախիջևանում Գյուլը Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ հանդիպման ժամանակ դարձյալ վերջինիս կհավաստիացնի, որ իրենք եղբայր պետություններ են ու Հայաստանի հետ բանակցություններում Ադրբեջանի շահերը չեն ոտնահարվի:
Ք.Մ.












