ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ՔԵՍԱԲՈՒՄ
Թուրքիան փորձում է օգտվել միջազգային նոր կացությունից
Այն, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված բարդ կացության եւ ընդհանրապես Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության պայմաններում Թուրքիան փորձում է մաքրել իր հարեւանների հետ ունեցած «հին հաշիվները», ակնհայտ է ոչ միայն Սիրիայի ու սիրիահայության, այլեւ Հայաստանի հանդեպ Անկարայի դիրքորոշումների կոշտացման խորապատկերի վրա։
Որպես փորձառու գիշատիչ՝ Թուրքիան արագորեն «որսացել է» միջազգային հարաբերություններում ուժի գործոնի դերակատարության մեծացման փաստը եւ դրա մասին հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը։ Ստեղծված պայմաններում, երբ գերտերություններից յուրաքանչյուրը զբաղված է իր կոնկրետ նպատակով, եւ նրանց ուշադրությունը գամված է հակամարտությունների առավել թեժ կետերի վրա, Թուրքիան փորձում է հստակեցնել իր տարածաշրջանային թիրախները՝ որսալով դրանք խոցելու հարմար պահը։
Սիրիայում առկա հայկական գործոնը նման թիրախներից մեկն է եղել՝ Հայոց ցեղասպանությանը հաջորդած տասնամյակներից սկսած։ Ուստի ինչպես Քեսաբի լեռնային շրջանը, այնպես էլ հայահոծ Հալեպը միշտ էլ դարձել են հարձակումների ու սադրանքների թատերաբեմ։
Վերջին գործողության յուրահատկությունն այն է, որ ցեղասպան երկիրը իր նպատակների իրականացման մեջ ներգրավել է միջազգային ահաբեկչության առաջատար ջոկատի՝ «Ալ-Քաիդայի» հետ կապված զինյալ խմբավորումներին՝ նրանց ձեռքերով փորձելով ավարտել իր հաշվեհարդարը ցեղասպանությունը վերապրողների ժառանգների հետ։ Միջազգային պրակտիկայում իր նախադեպը չունեցող նման հանցագործ հետեւողականության պատճառը առաջին հերթին Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչված լինելն է։ Թուրքական ժխտողականության՝ ցեղասպանական քաղաքականության շարունակություն լինելը ապացուցվում է ոչ միայն զոհ խմբին, այլեւ նրա ժառանգներին հետապնդելու գործելակերպի միջոցով։
Ուստի երեկ Հրանտ Դինքը, այսօր՝ Քեսաբի հայերը, վաղը հնարավոր է նաեւ՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կարող են վերածվել շարունակվող ցեղասպանության նոր թիրախների։ Դրա ամենավառ վկայությունը Թուրքիայի կրկնօրինակը դարձած երկրորդ ցեղասպանական պետության՝ Ադրբեջանի ներկա պահվածքն է, որի ղեկավարը վերջերս խիստ ոգեւորվել է միջազգային հարաբերություններում ուժի գործոնի դերակատարության մեծացման փաստից։
Կարծում ենք, մայիսին Վրաստանի մայրաքաղաքում կազմակերպվող եռակողմ՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան բարձր մակարդակի հանդիպման միջոցով թուրք-ադրբեջանական տանդեմը փորձելու է օգտագործել միջազգային նոր կացությունը Հայաստանի հետագա մեկուսացումն ուժեղացնելու, նրա դեմ նոր ագրեսիա նախապատրաստելու համար։
Միաժամանակ Թուրքիան էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի բերանով հերթական անգամ առաջ է քաշել Հայկական ատոմակայանը շուտափույթ փակելու պահանջ, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանի էներգետիկ շրջափակումն ուժեղացնելու նպատակադրում։ Այսպիսով, մի կողմից՝ տրանսպորտային, մյուս կողմից՝ էներգետիկ շրջափակման միջոցով մեր երկրին պայմաններ թելադրելու համար Թուրքիան գործում է ողջ ճակատով։
Սա նշանակում է, որ երբ վաղը միջազգային կացությունն էլ ավելի սրվի, Թուրքիան կարող է դիմել ավելի բացահայտ քայլերի, եթե միջազգային հանրությունը հստակ գնահատական չտա ցեղասպան պետության կողմից շարունակվող ցեղասպանական գործողություններին։ Նման պահանջով ներկայումս պարտավոր է հանդես գալ Հայաստանի արտգործնախարարությունը (իր պարտականությունների կատարումը Ազգային ժողովի պատգամավորներին «զիջելու» փոխարեն), քանզի սա ոչ միայն թուրք-սիրիական հարաբերությունների հարց է, այլեւ ցեղասպանության շարունակություն՝ ժխտողականության քողի տակ։
Պատմական Մուսալեռան (Սուետիայի) հարեւանությամբ գտնվող Քեսաբի եւ հարեւան Լաթաքիայի ու Տարտուսի վարչական միավորները ռազմավարական նշանակություն ունեն ողջ Միջերկրականի արեւելյան հատվածի համար, քանի որ Թուրքիայի ու Լիբանանի միջեւ սեղմված այդ ծովափնյա շրջանը բնակեցված է ալավիներով եւ ապահովում է Սիրիայի ելքը դեպի ծով։ Պատահական չէ, որ այստեղ է գտնվում նաեւ տարածաշրջանում Ռուսաստանի միակ ռազմածովային հենակետը։
Քեսաբի հայաթափմանն ուղղված Թուրքիայի ցեղասպանական քայլը նոր մարտահրավերի առջեւ է կանգնեցրել ոչ միայն Սիրիային ու սիրիահայությանը, այլեւ ողջ հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը։
Տեղի ունեցած ցեղասպանական գործողությունը պետք է համապատասխան գնահատականի արժանանա ՄԱԿ-ի ամբիոնից ու միաժամանակ Սիրիայի իշխանությունների հետ համախորհուրդ պետք է ամեն ինչ արվի տարածաշրջանի խաղաղության վերականգնման եւ Քեսաբի հայության շուտափույթ վերադարձն ապահովելու համար։
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ












