ՀԱՅԻ ՄԱԶԻՆ ԴԻՊՉԵԼԸ ԼՐՋԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԿՀԱՐՈՒՑԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ
Պետք է ապահովենք հայության անվտանգությունը
Հարցազրույց «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության քարտուղար ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ հետ
-Սիրիական պատերազմի սկզբից եւեթ կանխատեսվում էր, որ Թուրքիան կարող է օգտվել իրավիճակից ու իրականացնել իր վաղեմի ծրագիրը՝ հայաթափել Սիրիայի հայկական շրջանները, իր սահմաններից հեռացնելով ցեղասպանության ենթարկված հայության ժառանգներին: Սիրիայի հայաշատ Քեսաբի տարածքի խաղաղ հայ բնակչության դեմ կատարված հարձակումները դրա վկայությո՞ւնը չեն:
-Խիստ մտահոգիչ երեւույթ է, որ Թուրքիան այս հարձակողական գործողություններն իրականացրեց: Սիրիական պատերազմի ընթացքում հայ համայնքը, ցավոք, կորուստներ ունեցավ, բարեբախտաբար հայաբնակ Քեսաբ ավանի եւ շրջակա գյուղերի վրա իրականացված հարձակման հետեւանքով հայկական կողմից զոհեր չկան, բայց փոխարենը գործ ունենք տեղահանության փաստի հետ: Տարածքի հայությունը ստիպված է եղել լքել բնակավայրերը:
Ուղիղ 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիան Արեւմտյան Հայաստանում իրականացրեց ցեղասպանություն, կոտորածներին համընթաց թուրքերը հայությանը տեղահանեցին իր բնօրրանից: Այսօր Հայաստանում դժվար է գտնել մի ընտանիք, որի անդամները չլինեն տեղահանված հայերի ժառանգներ: Կոտորածից փրկված ու տեղահանված հայերը բնակություն հաստատեցին աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, որը հայության այդ հատվածի համար դարձավ մի նոր հայրենիք:
Եվ այսօր մենք ականատես ենք սիրիահայության տարհանման փաստին: 100 տարվա ընթացքում, ի դեպ, սա երրորդ դեպքն է, որ Քեսաբի հայությունը ստիպված է լինում լքել իր հայրենիքը։ Թե այսուհետ ինչպես կզարգանան գործընթացները՝ դժվար է ասել, բայց մենք պետք է անենք ամեն ինչ մեր հայրենակիցների անվտանգությունը պաշտպանելու համար: Հնարավոր է, որ սահմանին գտվող հայկական գյուղը ռազմավարական, ստրատեգիական տեսանկյունից Թուրքիային ձեռնտու չէր, ու նա դիմեց այդ քայլին:
-Իսկ ինչո՞ւ Թուրքիան ձեռնարկեց նման գործողություն. որոշ վերլուծաբաններ այն պայմանավորում են աշխարհաքաղաքական ներկայիս իրողությամբ. Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայի ու Ղրիմի վրա, եւ Թուրքիան օգտվեց պահից: Համակարծի՞ք եք:
-Հակված չեմ համադրելու այդ երկու իրողությունները: Սիրիական գործընթացները պետք է դիտարկել Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող գործընթացների հարթության վրա, այն «Արաբական գարնան» շղթայի մի օղակն է:
Երեք տարի շարունակվող այս պատերազմում Սիրիայի ու Թուրքիայի միջեւ ռազմական բնույթի տարբեր դեպքեր են եղել՝ զորամիավորումների շարժ, Թուրքիայի կողմից սպառնալիքների հնչեցում: Ստանիսլավսկին մի հայտնի խոսք ունի՝ «Եթե հրացանը կախված է պատից, ապա այն մի օր կրակելու է», եւ դա չուշացավ:
Մյուս կողմից՝ Թուրքիայում ներքաղաքական անկայուն իրավիճակ է, կա խորացող հասարակական շարժում վարչապետ էրդողանի դեմ: Չեմ բացառում, որ նման արտաքին գործողություններով Թուրքիայի կառավարությունը փորձում է հանդարտեցնել ներքին լարվածությունը: Այնպես որ, գործոնները քիչ չեն:
Բայց, այս ամենով հանդերձ, թուրքական կողմը պետք է լավ հասկանա, որ ամեն մի հայի մազին կպչելն իր համար լրջագույն խնդիրներ կարող է հարուցել, էլ չեմ խոսում զոհերի մասին, որովհետեւ աշխարհը նորից հիշելու եւ բարձրաձայնելու է Հայոց ցեղասապանության մասին: Եթե Թուրքիան կարող է իրատեսական քաղաքականություն վարել, սա պետք է հասկանա:
–Ի՞նչ քայլեր կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետությունը, օրինակ, կարո՞ղ է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո Սիրիայի հայկական բնակավայրերում խաղաղարար ուժեր տեղակայելու համար:
-Նման իրավիճակներում աշխարհում խաղարարար ուժերի տեղակայումը համարվում է լուծումներից մեկը, բայց այն կարող է լինել միայն ընդհանուր գործընթացի համատեքստում: Դա միջազգային կառույցների իրավասության ոլորտն է։
Հանրապետության նախագահն արդեն իսկ հանձնարարել է ՄԱԿ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներին՝ համապատասխան գործել։ Կարծում եմ՝ խնդրի մասին կբարձրաձայնվի նաեւ միջազգային այլ կազմակերպություններում։ Պետք է ստանալ տարբեր երկրների աջակցությունը: Թուրքիայի կառավարության համար պետք է պարզ դառնա, որ այս հարցում իր գործողություններին միջազգային հանրությունը նայելու է «խոշորացույցով»:
-1952թ. թուրք-սիրիական համաձայնագրի համաձայն՝ երկու երկրների սահմանը վերահսկվել է ոստիկանական խմբերի կողմից, սրանով է բացատրվում այդ շրջանում սիրիական բանակի բացակայությունը: Չե՞ք կարծում, որ Հայաստանը պետք է ուղիղ բանակցության մեջ մտնի Սիրիայի իշխանության հետ եւ առաջարկի անհրաժեշտ քանակի բանակային ջոկատներ ուղարկել հայաշատ շրջաններ, ինչպես արդեն իսկ վարվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
-Ես որքան տեղյակ եմ, Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն արդեն իսկ աշխատում է տարբեր ուղղություններով: Սիրիայի իշխանությունները չնայած գտնվում են ծանր վիճակում, սակայն, ի պատիվ իրենց, արդեն իսկ արձագանքել են նաեւ զինված աջակցությամբ, իրենց հնարավորությունների շրջանակներում։ Հայաստանն իր հնարավորությունների շրջանակում գործի կդնի դիվանագիտական բոլոր լծակները, անհրաժեշտ աշխատանք կիրականացնեն եւ արդեն իսկ իրականացնում են, համագործակցություն կա կառույցների հետ:
-Հալեպահայերը եւս կոչ են ուղղել աշխարհի հայությանը՝ տարբեր միջոցներով, նաեւ քարոզչական, բացատրել աշխարհին, որ Թուրքիան հակահայկական քաղաքականություն է իրականացնում Սիրիայում:
-Այո, մենք պետք է աշխարհին իրազեկենք քեսաբահայության տեղահանության մասին։ Խիստ կարեւոր է, որ միջազգային կազմակերպությունների ուշադրությունը կենտրոնացնենք այս երեւույթների վրա: Երբ մենք աշխարհից պահանջում ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դրանով նաեւ մի շատ կարեւոր խնդիր ենք ուզում լուծել, դա ապագա եւ ներկա անվտանգության խնդիրն է:
Եվ այս տեսանկյունից մենք պետք է հնարավոր բոլոր միջոցներով՝ դիվանագիտական բոլոր լծակներով, միջազգային կազմակերպությունների ուշադրությունը սեւեռելով, ապահովենք հայության անվտանգությունը: Միջազգային հանրությունը պետք է իր ձայնը բարձրացնի, իր մեխանիզմներն օգտագործի կանխելու այս երեւույթի շարունակականությունը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












