Դիմում ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, Սեւրի դաշնագիրը ստորագրած պետություններին, միջազգային ընկերակցության անդամ պետություններին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, Սեւրի դաշնագիրը ստորագրած պետություններին, միջազգային ընկերակցության անդամ պետություններին` Դ Ի Մ ՈՒ Մ
Մերձավոր Արեւելքի եւ Սիրիայի հայության անվտանգության եւ հիմնարար իրավունքների վերաբերյալ` Քեսապի բռնազավթման ու Քեսապի հայության
բռնագաղթի կապակցությամբ
Ակնհայտ է, որ մերձավորարեւելյան տարածաշրջանում վերջին օրերին տեղի ունեցող ռազմաքաղաքական լարվածության նոր ալիքը միանգամայն իրական անվտանգության սպառնալիք է ստեղծում Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայի հյուսիսում, մասնավորապես՝ Քեսապում, ապրող հայության համար: Այս առիթով ցանկանում ենք հիշեցնել, որ.
Յուրաքանչյուր ազգ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունի:
Ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունի նաեւ հայությունը՝ Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը, ով, ի դեպ, այդ իրավունքը վաստակել է քաղաքակրթական հարուստ անցյալով, ստեղծագործ ներկայով եւ ապագայի նկատմամբ լուսավոր հավատով:
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը, այսինքն՝ Արեւմտյան Հայաստանի հայությունը, տարածաշրջանում վերահաստատվել է 1894-1923 թթ-ին՝ թուրքական երեք կառավարությունների կողմից, իր նկատմամբ իրականացված ցեղասպանության ու բռնագաղթի ծրագրված հանցագործ քաղաքականության հետեւանքով, որը 1915 թվականի մայիսի 24-ին դատապարտեցին Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը եւ Ֆրանսիան՝ դա որակելով, որպես <<հանցագործություն մարդկայնության դեմ>>:
Նշենք, որ 1920 թվականի հունվարի 19-ին, հայութեան պահանջներին ի պատասխան, Խաղաղության Վեհաժողովի Գերագույն Խորհուրդը կայացրեց հետեւյալ որոշումը.
ա) Հայկական պետութեան կառավարությունը <<դե ֆակտո>> ճանաչվում է, որպես կառավարություն:
բ) Այս ճանաչումը նախապես չի որոշում տվյալ պետութեան հնարավոր սահմանների հարցը:
Նշենք, որ 1920 թվականի մայիսի 11-ին թուրքական պատվիրակությունը հրավիրվեց կոնֆերանսին՝ տեղեկացնելու «Խաղաղության պայմաններին»: Դաշնակից ուժերի մեջ էր նաեւ Հայկական պետության պատվիրակությունը: «Խաղաղության Պայմանների» նախաբանում, որը հետագայում դարձավ Սեւրի Դաշնագրի նախաբանը, Հայաստան պետությունը նշված է Դաշնակից տերությունների շարքում: Հայկական պետությունը ճանաչված է նաեւ «դե յուրե»:
Նշենք, որ Միջազգային ընկերակցության կողմից՝ 1920-ական թվականներին, ճանաչվել եւ հաստատվել են հայության իրավունքները Բնօրրան Հայրենիքի նկատմամբ, բայց չեն իրականացվել: Դա այդ ժամանակաշրջանում գործող Միջազգային ընկերակցության մեծ բացթողումն էր, որը հնարավոր է թելադրված էր նեղ շահադիտական ռազմա-քաղաքական ինչ-ինչ հաշվարկներով: Սակայն նույն սխալը, նույն հետեւանքներով աններելի է կրկնել այսօր, տարածաշրջանի պետությունների եւ ժողովուրդների համար պատմական այս բարդ ժամանակահատվածում, նկատի առնելով այն հանգամանքը, որ կայուն խաղաղություն եւ խաղաղ համագործակցություն հաստատելու համար անհրաժեշտ է կյանքի կոչել եւ վերջնականապես հանգուցալուծել տարածաշըրջանում առկա մի շարք բարդ խնդիրներ, այդ թվում՝ Հայկական Հարցը:
Հետեւաբար, Արտերկրի հայության, մասնավորապես Մերձավոր Արեւելքի եւ Սիրիայի, այսինքն՝ Արեւմտյան Հայաստանի հայության՝ հիմնախնդիրները լուծելու համար առաջարկում ենք.
-կյանքի կոչել եւ իրականացնել Արեւմտյան Հայաստանի հայության Բնօրրան Հայրենիք վերադառնալու իրավունքը՝ դրանից բխող իրավական – քաղաքական բոլոր պարտավորություններով եւ իրավունքներով հանդերձ, այդ թվում՝ անկախ պետության հաստատման, հաշվի առնելով ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ին կայացրած Իրավարար վճիռը եւ այդ վճռով Հայաստանին հատկացված տարածքը, որը բռնազավթված է առ այսօր:
-կյանքի կոչել եւ իրականացնել Կիլիկիային անհապաղ անկախություն շնորհելու իրավական – քաղաքական դրույթը, հաշվի առնելով՝ 1920 թ. օգոստոսի 4-ի Կիլիկիայի Անկախության մասին հռչակագիրը եւ ՄԱԿ-ի 1968 թ. <<Գաղութային երկրներին անհապաղ անկախություն շնորհելու մասին>> կոնվենցիան:
-կյանքի կոչել եւ իրականացնել Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկյան Հայաստանի տարածքի ապառազմականացումը, հաշվի առնելով՝
-2011 թվականին մարտի 29-ի Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Որոշումը <<Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի՝ մշտական, զինված, դրական չեզոքության քաղաքականություն ընտրելու մասին>> հայտարարությունը,
-եւ 2011 թվականի սեպտեմբերի 14-ի Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ուղղված դիմումը, որտեղ առաջարկվում էր կյանքի կոչել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության չեզոքության որոշման հիման վրա՝ ապառազմականացնել Կիլիկյան Հայաստանի եւ Արեւմտյան Հայաստանի տարածքը:
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ Տիգրան Փաշաբեզյան
24-ը մարտի, 2014 թ.












