Գլխավոր » WestArmenia, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Արևմուտքը աչք է փակում թուրքական ոճրագործության առաջ

Մարտ 27, 2014թ. 09:35

Արտակ Հարցազրույց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի հետ

Մեծ սփյուռք ունեցող ազգ ենք և դա մեզ պարտավորեցնում է ոչ միայն մտածել Հայաստանի ու Արցախի, այլև ամբողջ աշխարհի հայության անվտանգության մասին: Հետևաբար, սիրիահայության անվտանգության խնդրում սպասելիքները նախ և առաջ Հայաստանի Հանրապետությունից են: Եվ ուրեմն, ի՞նչ ենք անում մեր հայրենակիցների անվտանգության պաշտպանության ուղղությամբ:

-Հայտնի է, որ Ազգային ժողովի 6 պատգամավորներ գործուղվել են Սիրիա տեղում ուսումնասիրելու իրավիճակը, թե ի՞նչ է իրականում կատարվել Քեսաբում, ֆիզիկական, նյութական ինչպիսի՞ վնասներ են կրել մեր հայրենակիցները: Մեր գործընկերների ուսումնասիրության արդյունքում մենք առաջին ձեռքից կիմանանք ճշմարտությունը ու խորհրդարանի մակարդակով հստակ քայլեր կիրականացնենք տարբեր միջազգային հարթակներում: Այսօր նաև տեղեկատվական պատերազմ է ընթանում, քանի որ մեր ռեսուրսները մեծ չեն, բնականաբար, մեր քայլերը պետք է լինեն կրկնակի արդյունավետ, ոչ միայն պետք է կարողանանք կատարվող քայլերը չեզոքացնել, այլև մեր ասելիքը տեղ հասցնել: Իսկ կատարվածը Թուրքիայի իրական ձեռագիրն է, որի ականատեսն ու վկան դարեր շարունակ եղել է հայ ժողովուրդը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիան դարձյալ նույնն է մնացել:

-Թուրքիայի կողմից Քեսաբի բռնազավթման ֆոնին այսօր շատերը բերում են Իսրայելի օրինակը, թե վերջինս լինելով փոքր պետությունը կարողանում է օգնության հասնել աշխարհի գրեթե բոլոր մասերում գտնվող իր հայրենակիցներին, ուրեմն հայերս էլ պետք է զինված խմբերով գնանք մեր հայրենակիցներին պաշտպանելու: Նման պատրաստակամության կոչ հնչել է նաև Արցախից:

– Կառաջարկեմ զերծ մնալ նման կոչերից, ամպագոռգոռ հայտարարություններից, ի վերջո, կոչեր հնչեցնելու փոխարեն գործ անել է պետք: Ինչ վերաբերում է հրեաներին, որոնք միասնական են իրենց բոլոր նպատակներում ու փայփայում են իրենց պետությունը, ցավոք, մեզանում բացակայում է այդ գիտակցումը: Իզուր չի ասվում, հայերը հրաշալի ազգ ենք, բայց ոչ հրաշալի ժողովուրդ, ու կմնանք այդպիսին, քանի դեռ չենք գիտակցել, որ պետությունը, հայրենիքը բարձրագույն արժեքներ են: Միայն սա գիտակցելով կարող ենք դառնալ այն ազգը, որը լուռ, առանց ամպագոռգոռ հայտարարությունների կանի իր գործը, թույլ չտալով, որ որևէ մեկը վիրավորի իր հայրենակցի ազգային արժանապատվությունը: Ինչպես անում է հրեա ժողովուրդը:

Բայց վիճակն այդքան էլ անհույս չէ, պարոն Դավթյան ու դա է վկայումն Արամ Ա Կաթողիկոսի ոգևորող խոսքը, թե այսօր Հայաստանից և սփյուռքի բոլոր համայնքներից հայերը միասնաբար իրենց պատրաստակամությունն են հայտնում Քեսաբի հայությանն օժանդակելու հարցում:

– Ուրմեն ամեն ինչ կորած չէ, ուրեմն այս հարցում մենք միասնական ենք ու դա շատ ուրախացնող է:

Այնուհանդերձ, չի դադարում հնչել ՙի՞նչ պետք է անի Հայաստանը՚ հարցը, քիչ չեն և կոնկրետ առաջարկները. դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, ԵԽԽՎ-ում քննարկելի դարձնել Թուրքիայի քեսաբահայության դեմ իրականացրած ոճրագործությունը, և վերջապես, սիրիահայության անվտանգության հարցերը լուծել Ռուսաստանի հետ, նկատի ունենալով այն, որ Սիրիայում կան ռուսական ռազմանավեր:

-Իհարկե, լռելն այսօր լավագույն տարբերակը չէ, ու մենք կատարվածի մասին ոչ միայն պետք է բարձրաձայնենք, այլև գործենք փաստարկված : Մեր պատգամավորական խումբը քեսաբահայության հետ հանդիպումից հետո կբերի այնպիսի փաստեր, որոնք հերքելը կլինի բավականին բարդ: Մեզ մնում է, այդ փաստերն իմի բերել ու ներկայացնել այն կառույցներին, անձանց, որոնք պատրաստակամ են լսել մեզ: Այն միջազգային կառույցներում, ուր ներկայացված է Հայաստանը որպես պետություն, պետք է ակտիվ աշխատանք տանել, և ես կասկած չունեմ, որ անհրաժեշտն արդեն իսկ արվում է: Բայց այստեղ իր դերը պետք է ունենա նաև մեր սփյուռքը: Խոսեցինք հրեաներից, չմոռանանք, որ չէր լինի հրեական պետությունը, եթե չլիներ հզոր հրեական սփյուռքը: Ուրեմն, հայկական սփյուռքն այսօր պետք է օգտագործի իր բոլոր լծակները, աշխատել է պետք լոբբիստական խմբերի հետ թե’ ԱՄՆ-ում, թե’ Եվրոպայում:

-Պարզվում է մերոնց աշխատանքը չի տալիս իր արդյունքը. ահա թե ինչ է տեղեկացնում քաղաքական վերլուծաբան Հարութ Սասունյանը , թե ամերիկահայ կազմակերպությունների ԱՄՆ պաշտոնյաներին ուղղված խնդրանքները` օգնել հայերին և մյուս սիրիական քրիստոնյաներին, մնում են անարձագանք: Պատճառն այն է, որ այսօր Վաշինգտոնի միակ նպատակը Ասադի վարչակարգը տապալելն է և նրանչի հետաքրքրում սիրիահայերի աղետալի վիճակը:

-Այո, այսօր Արևմուտքում իշխում է ասադատյացությունը, ինչը կուրացրել է նրանց: Արևմուտքը պատրաստ է ամեն ինչի, պատրաստ է աչք փակել նաև թուրքական ոճրագործությունների առաջ, միայն թե տապալվի Ասադին: Սա դարձյալ փաստում է այն հայտնի ճշմարտությունը, որ չկան հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր, որի դեպքում հետին պլան է մղվում ճշմարտությունն ու բարոյականությունը: Թուրքերը հրաշալի գիտեն իրենց արևմտյան գործընկերների թույլ կողմերն ու այդ ամենի վրա շատ լավ են խաղում: Ուրեմն, “ի՞նչ պետք է անի Հայաստանը” հարցի պատասխանը տալու համար նախ պետք է հաշվի առնենք հիշյալ իրողությունները` Արևմուտքի ասադատյացությունը, նույն Արևմուտքի կողմից տարածաշրջանում Թուրքիային անվերապահ դերակատարում տալը: Այսօր Թուրքիային տրվել է քարտ բլանշ և նա իրականացնում է իր վաղեմի հայատյաց ծրագիրը:

-Սփյուռքահայերն արձագանքում են, թե Հայաստանի նախագահը բարձր ամբիոնից ու ճիշտ ժամանակին հնչեցրեց շատ կարևոր հայտարարություն Քեսաբի դեպքերի մասին, փոխարենը լռում են Հայաստանի քաղաքական մյուս ուժերը: Մանավանդ այն ուժերը, որոնք ամիսներ շարունակ վերլուծում ու քննում էին ուկրաինական, ղրիմյան դեպքերը, այսօր բերանները ջուր են առել ու չեն ուզում դիպչել Թուրքիայի ՙխաթին՚: Փաստորեն, տեղական արևմտամետները խնայո՞ւմ են ԱՄՆ ռազմավարական գործընկերոջը` Թուրքիային, չնայած այն մեր թշնամին է:

-Ինչպես ասադատյացությունն է կուրացրել Արևմուտքին, այնպես էլ արևմտասիրություն է կուրացրել մեր քաղաքական որոշ ուժերի ու անձանց, և ոչ միայն կուրացրել է, այլև խլացրել: Նրանք ոչինչ չեն տեսնում, ոչինչ չեն լսում, ոչինչ չեն ասում: Փաստորեն, շահերն համընկնում են, ցավալի է, որ դրանում անտեսվում է Հայաստանի շահը: Այս փաստն այնքան խոսուն է ու այնքա~ն դիպուկ է բնութագրում այդ ուժերին: Մի բան միայն կարող եմ ասել` ցավալի է ու մտահոգիչ:

Քեսաբի դեպքը դարձյալ ապացուցեց , որ մասնավորաբար, Սիրիայում հայկական գործոնը վերացնելու հարցում թուրքական իշխանությունները խիստ հետևողական են ու գործում են ծրագրված: Մինչդեռ հայերս իրողություններից դասեր չքաղելով շարունակում ենք խոսել հայ- թուրքական համագործակցության, բարիդարացիականության մասին: Ինքնախաբեությամբ ենք զբաղվա՞ծ:

-Այո, Քեսաբը, հերթական դասը եղավ, և ես կարծում եմ, որ թուրքական կողմն ինչպիսի նախաձեռնությամբ էլ հանդես գա, այսպես կոչված, հարաբերությունների կարգավորմանն ուղղված ինչպիսի ժեստ էլ որ անի, մենք իրավունք չունենք հալած յուղի տեղ ընդունել և հավատալ դրանց: Նրանք սիրում են որոշակի բառեր օգտագործել, որոնցում իբր թե զղջում կա Հայոց ցեղասպանության հարցում, բայց հայերս միշտ պետք է հասկանանք, թե իրականում ի՞նչ է թաքնված նրանց խոսքի հետևում: Իմ համոզմունքն է` ցանկացած պարագայում թուրքին հավատալ չի կարելի: Ասում են, 20-րդ դարում թուրքը փոխվել է, ո’չ, չի փոխվել: Այն, ինչ հայության դեմ իրականացրեց Թուրքիան 20-րդ դարասկզբին, նույնն անում է և այսօր ու կանի նաև հաջորդ դարերում, եթե ունենա այդ հնարավորությունը: Սա թիվ մեկ դասն է, որ մենք պետք է գիտակցենք: Իսկ ես կհավատամ թուրքի փոխված լինելու միայն մեկ դեպքում, երբ Թուրքիայի նախագահը , վարչապետը, խորհրդարանի ղեկավարը գան Հայաստան , ծաղկեպսակ դնեն Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասապանության զոհերի հուշակոթողին և մեղանչեն հայերի դեմ իրենց նախնիների իրագործած ցեղասպանության համար: Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ուրեմն թուրքի ոչ մի խոսքին հավատալ պետք չէ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել WestArmenia, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն