ՆԵՐՎՐԱՑԱԿԱՆ «ՊԱՆԴՈՐԱՅԻ ԱՐԿՂԸ»
Եվ հայ-վրացական հարաբերությունները
Ուկրաինայի վերջին իրադարձությունների հետեւանքով եւ մայիսին Թբիլիսիում նախատեսվող բարձր մակարդակի Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան հանդիպումից առաջ երկու բարեկամ երկրները վերստին հայտնվել են բարիկադների տարբեր կողմերում։
Ուստի ինչպես 2008-ին, այնպես էլ հիմա մեծագույն զգուշություն է հարկավոր սադրանքների չենթարկվելու համար։ Մինչդեռ Վրաստանի նախկին ու ներկա մի շարք պետական ու քաղաքական գործիչներ առաջնորդվում են ճիշտ հակառակ տրամաբանությամբ՝ փորձելով ներքաղաքական «միավորներ» վաստակել իրենց ընդգծված հակառուսականությունը հակահայկականության հետ միախառնելու միջոցով։
Դրանց շարքում առաջինը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն իբրեւ իր «քաղաքական ռենեսանսի» շանս ընկալած նախկին նախագահ Մ.Սահակաշվիլին է։ Նրա ակտիվացմանը զուգընթաց Բ.Իվանիշվիլու երիտասարդ թիմակիցները վերսկսել են նախկին վարչապետ Զ.Ժվանիայի մահվան հանգմանքների քննությունը։ Մ.Սահակաշվիլին հրաժարվել է ներկայանալ մարտի 27-ին նշանակված հարցաքննությանը, իսկ նրան սատարող Միացյալ Նահանգները զգուշացրել է, որ նման շահարկումները շարունակելու դեպքում կարող է կասեցվել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու գործընթացը։
Դրան զուգահեռ, Մ.Սահակաշվիլին սկսել է «սենսացիոն բացահայտումներ» անել իր նախորդ գործունեության առանձին դրվագների վերաբերյալ, որոնց շարքում է 2007-ին Հայաստանում իբր տեղի ունեցած՝ ռուսական հատուկ ծառայությունների եւ օրենքով գողերի հավաքի մասին տեղեկատվությունը, որտեղ, Մ.Սահակաշվիլու պնդմամբ, ծրագրվել էր հեղաշրջում կազմակերպել Վրաստանում, ուստիեւ ինքը ստիպված է եղել դիմելու արտահերթ ընտրությունների միջոցով նորից վերընտրվելու քայլին։
Վրաց հասարակության առջեւ վերստին Հայաստանը ներկայացվում է որպես ռուսական հատուկ ծառայությունների ու օրենքով գողերի հավաքատեղի՝ է՛լ ավելի մեծացնելով վրացիների հակառուսական ֆոբիաները։
Մ.Սահակաշվիլուն զուգահեռ, հակահայկական քարոզչության ասպարեզում ակտիվացել է նաեւ նախկին նախագահ Զ.Գամսախուրդիայի որդին՝ Կոնստանտինը, որը «պարզել է», թե իբր Ռուսաստանի նախկին դեսպանատունը, որտեղ գործում է երկու երկրների միջեւ միջնորդի դեր խաղացող շվեյցարական հյուպատոսարանը, զանգվածաբար ռուսական անձնագրեր է բաժանում Ջավախքի հայերին։
Ավելին՝ Կ.Գամսախուրդիան պնդում է, որ ջավախքահայերի մեծ մասն արդեն ստացել է նման անձնագրեր, ուստիեւ այդ երկրամաս ռուսական զորքեր մտցնելու առիթը պատրաստ է. մնում է միայն սպասել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի ագրեսիային։
Այս համատեքստում կարելի է դիտարկել նաեւ հայ-վրացական սահմանային անցակետերի հսկողության ուժեղացումը եւ ընդհանրապես երկու երկրների հարաբերություններում նկատվող վերջին սառնությունը, որը դարձել է վրացի կին խորհրդարանականների Հայաստան այցի հետաձգման պատճառը։
Հարց է առաջանում. եթե 2007-ի դավադրության մասին Մ.Սահակաշվիլու վարկածը ճիշտ է, ապա այդ ի՞նչը խանգարեց ռուսական հատուկ ծառայություններին ու օրենքով գողերին հաջորդ՝ 2008 թվականին, Հայաստանի աջակցությամբ հեշտությամբ ազատվել իրենից, երբ ռուսական բանակը կանգնած էր Թբիլիսիի մատույցներում։
Հայաստանն ու Վրաստանը մեկ օրվա հարեւաններ չեն, ուստիեւ մեկը մյուսին չվնասելու նրանց ուխտը չպետք է զոհաբերվի ընթացիկ քաղաքական կոնյունկտուրային։ Եթե Վրաստանում կան կարճատես քաղաքական գործիչներ, որոնք կարծում են, թե հայերին վարկաբեկելով ու Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնելով կարող են ապահովել իրենց երկրի անվտանգությունը, ապա չարաչար սխալվում են։
Վրաստանը խոցելի է ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Թուրքիայի հանդիման, ուստի Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո չպետք է ոգեւորվի շուտափույթ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարով եւ «վհուկների որս» սկսի սեփական երկրի քաղաքացիների հանդեպ։ Որովհետեւ Արեւմուտք-Ռուսաստան հարաբերություններում գոյություն ունեն այնպիսի անտեսանելի թելեր, որոնք երբեք էլ չեն կտրվելու՝ հանուն Վրաստանի «եվրատլանտյան ապագայի»։
Մեկ անգամ՝ 2008-ին, դա իր կաշվի վրա զգալուց հետո վրացական կողմը պետք է գիտակցի, որ իր հարեւանների հանդեպ իրականացվող քաղաքականության մեջ որոշակի բալանս չպահպանելու պարագայում ինքը որպես պետություն եւ ազգ կորած է՝ ցանկացած վերջնական ընտրության դեպքում։ Ու քանի դեռ չի «բացվել» Վրաստանին երկու կողմից սեղմող ռուս-թուրքական աքցանը, նրա զույգ «ատամներից» որեւէ մեկի զոհը չդառնալու բացարձակ գերակայությունը պահանջում է դադարեցնել Հայաստանի ու հայության հասցեին հնչող թշնամական արտահայտությունները։
Ինչպես նաեւ խորապես գիտակցել «մուրճի ու սալի» արանքում հայտնված երկու հարեւան երկրների պատմական ճակատագրերի այն խորն ընդհանրությունը, որն այսօր էլ կազմում է հայ-վրացական գործակցության անտեսանելի հիմնաքարը։
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ












