Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ուժեղ կուսակցությունները ուժեղ պետության նախապայմանն են

Մարտ 22, 2014թ. 15:56

Հայաստանում քիչ չեն բիզնես-պրոյեկտ հիշեցնող ՙքաղաքական ուժերը՚, որոնք ակտիվանում են ընտրությունից ընտրություն, կամ էլ մշտապես ընդհատակում են, և նրանց գոյության մասին փաստում է միայն արդարադատության նախարարության գրանցումների ցուցակը: Այդպիսիք երկրի կառավարման գործընթացներում գրեթե զրոյական դերակատարում ունեն: Մինչդեռ պատկերն այլ կլիներ, եթե փոքր ուժերը կարողանային համախմբվել ու ստեղծել գաղափարապես հզոր միավորումներ կամ կուսակցություններ, այդ դեպքում նրանք ի զորու կլինեին իրենց ներուժով, իրոք, օգտակար դեր ունենալ երկրի քաղաքական կյանքում: Չէ՞ որ ուժեղ կուսակցությունները ուժեղ պետության նախապայմանն են:
Հարցի շուրջ ՙՀայոց Աշխարհը՚ զրուցեց քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ

ՄԵԶ ՊԵՏՔ ՉԵՆ ԿԻՍԱԸՆԴԴԻՄԱԴԻՐ- ԿԻՍԱՀՂԻՆԵՐ
ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆ ՍԴՀԿ նախագահ

-Ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքական կուսակցությունների խոշորացման գործընթացին և այն այսօր իրատեսական համարո՞ւմ եք:
– ՍԴՀԿ-ն ողջունում է գաղափարական հենքի վրա հիմնված քաղաքական միավորումների ստեղծումը, փոխարենը հակառակ վերաբերմունք ունենք այն երևույթի հադեպ, երբ մեկ կուսակցության մեջ համախմբվում են տարբեր գաղափարախոսության տեր ուժեր: Իսկ քաղաքական կուսակցությունների խոշորացման գործընթացն այսօր իրատեսական չեմ համարում` պամանավորված քաղաքական դաշտի չկայացվածությամբ:
– Ինչի մասին փաստում է 75 կուսակցությունների առկայությունը:
-Իհարկե, կայացած քաղաքական դաշտի պարագայում փոքր կուսակցություններից շատերը կհայտնվեն լուսանցքում, հետևաբար, նրանց շահերից է բխում մեկ քաղաքական միավորի մեջ համախմբվելը, քանի որ խոշորացման շնորհիվ նրանք կկարողանան մնալ քաղաքական գործընթացների մեջ ու իրենց խոսքն ասել Հայաստանի քաղաքական դաշտում: Յուրաքանչյուր կուսակցության գնահատականը տալիս է ժողովուրդը, եթե մեր քաղաքացիները 75-ից առնվազն 50-ի անունը մինչ այսօր չեն լսել, կնշանակի նրանց գոյությունը ձևական է:
-Ձախ ուժերի միավորումը հույս է ներշնչում, որ համախմբումները մեզանում կարող են լինեն նաև գաղափարական հենքի վրա, ինչն ինքնին կնպաստի քաղաքական դաշտի գաղափարականացմանը:
-Այո, քանի որ միայն այդ դեպքում պայքարը կլինի գաղափարական: Ցավոք, դրա համար Հայաստանի քաղաքական մշակույթը դեռևս զարգացած չէ, այսօր քաղաքական դաշտի խաղացողների մի մասը զերծ է գաղափարական պայքարից, փոխարենը կա աթոռին, կերակրատաշտին մոտ գտնվելու պայքար: ՍԴՀԿ-ն վերջին 3 ամսում նախաձեռնել է ձախ ուժերի միության ստեղծումը, գոծընթացները շարունակվում են, մեզ համար հաճելի է, որ գործ ունենք գաղափարակից կուսակցությունների հետ: Հայաստանին այսօր պետք չեն քաղաքական օլիգարխիկ կազմակերպություններ` իրենց կիսաընդդիմադիր, ՙկիսահղի՚ վիճակով, որը ժողովրդի դարդին դարման չի լինի: Մեզանում այսօր կա սոցիալական արդարության հսկայանական դեֆիցիտ, հայաստանցու իրավունքները` սոցիալական, իրավական առումով, պաշտպանված չեն, ձախ ուժերի համախմբումը միտված է նախ և առաջ մեր քաղաքացու, աշխատավոր մարդու հոգսը հոգալուն, նրա կողքին լինելուն:

ԿՈՒՆԵՆԱՆՔ ԲԱՐՈՅԱԶՈՒՐԿ ՀԱՄԱԿԱՐԳ` ԽԱՐՍԽՎԱԾ ՓՈՂԻ ՎՐԱ
ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆ- “Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ

-Ի՞նչն է խանգարում Հայաստանի քաղաքական դաշտի կայացմանը, մի բան որը նպաստում է կուսակցությունների մասնատմանն ու տրոհմանը:
-Խանգարում է գործող քաղաքական համակարգը, քաղաքական դաշտն ավելի շատ հենվում է ոչ թե գաղափարների, անձանց քաղաքական որակների, այլ ֆինանսական միջոցների վրա: Մեր կուսակցությունը ամենափոքրերից մեկն է և, եթե ես ֆինանսական մեծ միջոցներ ունենամ, կարող եմ ավելի մեծ կուսակցություն ստեղծել, քան ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն միասին վերցրած: Բայց քաղաքական կառույցի որակը նրա խոշոր կամ փոքր լինելով չի պայմանավորված:
Հարց է առաջանում, իսկ ո՞ւմ են խանգարում փոքր կուսակցությունները: Ինչո՞ւ ենք ուզում արհեստականորեն խոշորացնել քաղաքական դաշտը, փաստացի, դա խոշորացում չէ, այլ ոչնչացում: Բերեմ իմ օրինակը, 25 տարի քաղաքականության մեջ եմ, նախագահ լինելն ինձ ոչինչ չի տալիս, ես շատ ավելի մեծ քաղաքական ներդրում կունենամ, եթե գործեմ հզոր կառույցի ներքո, ու եթե տեսնեմ այն խոշոր կայացած կուսակցությունը, որը բարոյական, գաղափարական, ծրագրային իմաստով մոտ է ինձ` հաճույքով կմիանամ: Բայց ես այսօր չեմ գտնում այն և դա ցավալի է: Հետևաբար, մոտեցումս է, որ այսօր որքան շատ մարդկանց խմբեր ցանկանան ձևավորել կուսակցություններ, որքան կարողանան իրենց հնարավորություններն օգտագործել երկրի ու ժողովրդի համար` ողջունելի է, քանի որ միայն այդ կերպ կարող են ի հայտ գալ նոր մարդիկ ու նոր գաղափարներ: Մինչդեռ խոշորների համար ձեռնտու չէ փոքրերի գոյությունը:
Իսկ ի՞նչ են առաջարկում այսօրվա խոշորները. թղթի վրա ծրագրեր ունենալը մի բան է, գործ անելը` մեկ այլ բան: Ի՞նչ ունի ԲՀԿ-ն, ոչ գաղափար կա , ոչ հոգևոր, նրանում ոչինչ չեմ տեսնում: ՀՀԿ-ն էլ ԱԺ-ում լուրջ մեծամասնություն է, բայց շարքերում քիչ են պրոֆեսիոնալ քաղաքական գործիչները:
-Ասացիք` փնտրում եք մի խոշոր ուժի, որին կմիանաք. չե՞ք կարծում, որ ձեր փնտրտուքը հաջողությամբ կպսակվի, եթե փոքր կուսակցություններդ միավորվեք ու ստեղծեք գաղափարական խոշոր միավորում, դրանով նպաստելով Հայաստանի քաղաքական դաշտի առողջացմանը:
-Համաձայն եմ, այս ուղղությամբ թերևս պետք է աշխատել, բայց դա չպետք է արհեստականորեն տեղի ունենա: Դրան պետք է նպաստի նաև քաղաքական համակարգը, այն փոքր կուսակցություններին պետք է շահագրգռի միավորվել, իսկ այդ միավորմանը խթանող տարբեր ձևեր կան: Մինչդեռ մեզանում այլ վիճակ է. փող չունես` խոշոր կուսակցություն չես լինի, փող էլ ունեցար, ուրեմն, իշխանական ես, դրա համար էլ մեր խոշոր կուսակցությունները իշխանական են: Այս իրավիճակը պետության շահերից չի բխում, այն վնասակար է, քանի որ այդ կերպ մենք գաղափարազուրկ, բարոյազուրկ քաղաքական համակարգ կձևավորենք` խարսխված միայն փողի ու դրա համար պայքարի վրա:

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԽՈՇՈՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՐԿԱՐ ԿՅԱՆՔ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ- ՀՀԿ
խմբակցության քարտուղար

-Ես կողմ եմ քաղաքական կուսակցությունների խոշորացմանը, որքան նրանք լինեն ուժեղ ու հզոր, այնքան հեշտ կլինի քաղաքական դաշտում գործունեություն ծավալելը: Օրինակ, ընդդիմադիր թևի ուժեղացումը բխում է իշխանության և մեր ժողովրդի շահերից: Սակայն կուսակցությունների խոշորացման գործընթացը պետք է նաև բնականոն հունով ընթանա, իսկ քանի դեռ կուսակցություններն առաջնորդվում են իրենց նեղ շահերով, չեմ կարծում, որ խոշորացման ընթացքը լինի բնականոն:
– Փոքր կուսակցությունները դժգոհում են` ուժեղ են ֆինանսական միջոցներ ունեցող կուսակցությունները, հետևաբար, որոշիչը ոչ թե գաղափարախոսությունն է, այլ փողի ուժը: Իսկ իրավիճակի պատճառը չկայացած քաղաքական համակարգն է:
-Հայտնի ձեռագիր է, մեզ մոտ ավանդույթ է դարձել, եթե քաղաքական այս կամ այն միավորը չի կարողանում մի բան անել, մեղավորներ է փնտրում ու մեղքը դիմացինի վրա գցում, ինչպես միշտ մեղավորի դերում իշխանությունն է: Որևէ մեկը չի գիտակցում, որ քաղաքական համակարգի կայացման համար բոլոր ուժերը պետք է ակտիվորեն գործեն, մասնակցեն ընտրական գործընթացներին, վեր հանեն առկա խնդիրներ: Բայց չեն անում: Բերեմ վերջին օրինակը, մոտ 40 համայնքներում ընտրությունների էին, ընդդիմադիր թևից որևէ ուժ, լինի մեծ, թե փոքր, չմասնակցեց: Իսկ ընտրություններին մասնակցել չի նշանակում միայն հաղթել ու գալ իշխանության կամ լծակների տիրանալ, ի վերջո, շատ կարևոր է քաղաքական գործընթացի մասնակից լինելը, սեփական թիմիդ մարտունակ պահելը: Այնպես որ, մեր քաղաքական համակագը մենք բոլորս ենք կերտում: Իշխանության մեղքը չէ, որ ՙԺառանգություն՚-ում կան 10 թևեր, ՀԱԿ-ում` 8-ը, ուրեմն, նախ պետք է կարողանան գաղափարների շուրջ միավորվել: Բայց տեսնում ենք, որ ամբիցիրաները մշտապես զգալ են տալիս, մտածում են, թե ով ավելի շատ երևա, ով կամ որ ուժը լինի առաջնորդող: Քանի դեռ այս հարցի շուրջ նրանց մեջ կա մրցապայքար, միավորում չի կատարվի: Իսկ ցանկացած արհեստական խոշորոցում, երկար կյանք չի կարող ունենալ:

Ա. Ս.


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն