ԱՆԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՔԱՌՅԱԿԸ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՁԱԽԵՐԸ
Հայրենի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը ավանդաբար ձգտել է քաղաքական դաշինքների, միավորումների ստեղծման, համախմբման, սակայն իրողությունն այն է, որ նման փորձերը մշտապես ավարտվել են անհաջողությամբ:
Պատճառը պարզ է՝ որպես միավորման «շաղախ» ոչ թե գաղափարներն են ծառայել, այլ պահի թելադրանքով առաջ մղված ինչ-ինչ հաշվարկները, բիզնես-կոնտրակտներն ու նեղ շահերը:
Փորձը ցույց է տալիս, որ այն քաղաքական միավորումները, որոնցում տիրում է գաղափարական խառնաշփոթ, երկարակյաց չեն լինում, ակնթարթորեն ստեղծվում են, ակնթարթորեն էլ կազմալուծվում՝ չդառնալով քաղաքական կենսունակ միավորներ: Իրականում նրանք վերածվում են մարդկանց խմբերի, որոնց քայլերը միտված են որոշակի պայմանավորվածությունների արդյունքում իրենց մասնաբաժինն ստանալուն ու քաղաքական դաշտում իրենց շարունակականությունն ապահովելուն, այսինքն՝ նպատակը «ջրի երեսին» մնալն է:
Սա է պատճառը, որ ընդդիմադիր քաղաքական դաշտում բացակայում են իրական գաղափարական բանավեճը, գաղափարական ծրագրերը, առաջարկներն ու հայեցակարգերը: Իզուր չէ, որ քաղաքական վերլուծաբանները ներկայիս քաղաքական քառյակին տալիս են այսպիսի գնահատական. «Չորս ոչ իշխանական ուժերն ունեն անձնային ձգտումներ, որոնք հայ ժողովրդի հետաքրքրությունների տիրույթում չեն»:
Վերջերս քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներից մեկն էլ «հրաշալի քառյակի» անգաղափարականությունն ընդգծելու համար բերեց մի դիպուկ օրինակ. այն համեմատեց պասուց տոլմայի հետ, ուր մի քիչ սիսեռ կա, մի քիչ լոբի, մի քիչ ձավար ու մի քիչ էլ ոսպ: Այսինքն՝ գաղափարական կատարյալ խառնաշփոթ, ու որքան էլ ՀԱԿ առաջնորդը փորձի այս «տոլման» ականջ շոյող ածականներով «փաթեթավորել»՝ «հրաշալի» կամ էլ, ասենք, «ամենագետ», միեւնույն է, քառյակը զուրկ է գաղափարականությունից:
Հարց է առաջանում. ուրեմն ինչպե՞ս կարող է այս անգաղափար համախմբումը դառնալ քաղաքական այլընտրանք:
Փոխարենը, արտախորհրդարանական դաշտից լսվում են այլընտրանքային գաղափարական ծրագիր ստեղծելու հավաստիացումներ: Հայտարարության հեղինակը Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանն է: Սա վկայում է, որ խորհրդարանից ու «հրաշալի քառյակից» դուրս մեզանում ընթանում են նոր ու թարմ գործընթացներ: Արտախորհրդարանական ձախ ուժերը հայտարարել են միավորման մասին։ Սա իհարկե նոր երեւույթ չէ, նորությունը թերեւս այն է, որ այս անգամ ձախերը որոշել են ապացուցել, որ իրական միավորում պետք է ձեւավորվի ոչ թե փողի ու ինչ-ինչ հաշվարկների վրա, այլ զուտ գաղափարի շուրջ:
Ի՞նչ կարծիքի են ձախերի միավորման մասին խորհրդարանականները:
Չնայած խորհրդային նախկին քաղբանտարկյալ, ՀՀԿ պատգամավոր ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ հայտնի պատճառներով զգուշանում է ձախերից՝ «70 տարի ձախերը ձախողեցին մեր պետության կայացումը», բայց դրանով հանդերձ համոզված է, որ կայացած պետության մեջ պետք է ձեւավորված լինեն գաղափարական տարբեր հոսանքներ՝ ե՛ւ ձախեր, ե՛ւ աջեր, ե՛ւ կենտրոնամենտներ:
Ինչ վերաբերում է քառյակին, ապա Զոհրաբյանը նկատեց, թե այստեղ գաղափարական միասնություն չկա, մինչդեռ պետության համար օգտակար են ոչ թե «կոտորակված, այլ գաղափարապես համախմբված ուժերը»: Ավելին՝ գաղափարական քաղաքական ուժերի գոյությունն ու համախմբումն անհրաժեշտություն է, քանզի նրանք պատասխանատվություն կրող ուժեր են. մի բան, որ անզոր են անել «կոտորակվածները»:
ԲՀԿ-ական պատգամավոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆՆ իր խոսքի սկզբում գաղափարական հենքի վրա կուսակցությունների միավորումը «նորմալ ու ճիշտ երեւույթ» համարեց, բայց թերեւս հիշելով քառյակին ու իր կուսակցական պատկանելությունը՝ հանկարծ մտափոխվեց. էստեղ է, որ «գաղափարներն իրար խառնվեցին», ու հնչեց այսպիսի պատասխան. «Քաղաքական ուժերը, լինեն աջակողմյան թե ձախակողմյան, եթե ունեն պետությանը պիտանի նպատակ, կարող են միավորվել, եթե անգամ գաղափարակից չեն»:
Այնուհանդերձ Արագած Ախոյանն այնքան անկեղծ էր պատասխանում, որ չկարողացավ թաքցնել սեփական կարծիքը՝ իր համակրանքը ոչ թե անգաղափար միավորումների՝ ինչպիսին քառյակն է, այլ գաղափարական համախմբումների կողմն է:
«Ցանկացած միավորում գնահատելի է, կարծում եմ, ազնիվ ընթացքի մեջ են, ողջունում եմ»,- նկատեց ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Հարցին, թե ձախերի գաղափարական համախմբումը կարո՞ղ է դառնալ իրական այլընտրանք, ինչպես հայտարարել է Դեմկուսի առաջնորդը, նկատեց. «Մի բան է տեսական կարծիք հայտնելը, մեկ այլ բան՝ իրական կյանքը. Հայաստանի քաղաքական դաշտի պարագայում հույսը դնել միայն գաղափարական նույնությունների վրա՝ ռեալ չէ», մանավանդ որ, ըստ պատգամավորի, մեզանում չկա գաղափարական հստակություն, փոխարենը, կան իրական խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում:
Նման իրավիճակում գաղափարական ընդհանրությունների վրա սեւեռվելը պատգամավորը անգամ վտանգավոր է համարում՝ «շեղում եք հանրության ու քաղաքական ուժերի ուշադրությունը բուն խնդիրներից», դրանում մեղադրելով ինչ-որ ուժերի, կազմակերպությունների, անգամ լրատվամիջոցների:
Քառյակի անգաղափարականության մասին խոսակցություններն ակնհայտորեն վրդովեցնում են «Ժառանգություն» խմբակցության քարտուղար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, որն առաջարկեց ձախերի միավորումը չհակադրել քառյակին. «Բազմիցս եմ ասել, այո, չորս ուժերի համախմբումը գաղափարական չէ, այն նպատակային է՝ իրականացնել համակարգային փոփոխություն, որը բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում եւ ձախերին, հնարավորություն կտա նախ ձեւավորել իրական քաղաքական դաշտ, ապա զբաղվել իրական քաղաքականությամբ եւ իրացնել սեփական գաղափարները»:
«Ժառանգության» քարտուղարի դիտարկմամբ, գործող համակարգը թույլ չի տալիս, որ քաղաքական ուժերը զբաղվեն գաղափարաքաղաքական գործունեությամբ: Իսկ երբ կգան «նոր ժամանակներ», ու Հայաստանում կձեւավորվի քաղաքական նոր համակարգ, Հակոբյանը վստահ է, որ քառյակի չորս ուժերը կարող են նաեւ հայտնվել քաղաքական տարբեր հարթություններում: «Դա կլինի ճիշտ լուծում, սակայն ճշմարիտին հասնելու համար նախ պետք է այսօր ստեղծել այդ հնարավորությունը»:
ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ, սակայն, դեմ է այն դիտարկմանը, թե համակարգն է շեղում քաղաքական ուժերին իրենց գործով զբաղվել, ու գաղափարական համախմբումից մղում «այլ դաշտեր»:
Ճիշտ հակառակը, նա համոզված է, որ եթե քաղաքական ուժերի գաղափարախոսությունները համընկնում են, նրանց վրա որեւէ համակարգ չի կարող ազդել. «Ավելին՝ նրանք կարող են առավել կուռ համախմբվել, եթե իրենց դեմ նույնիսկ մի ամբողջ համակարգ է աշխատում: Բայց չէ՞ որ մեզանում նման բան չկա, համակարգն ամենեւին չի խոչընդոտում քաղաքական ուժերի միավորմանը»:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












