Գլխավոր » Politics, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը բխում է մեր պետական, ազգային շահերից

Մարտ 29, 2014թ. 23:50

ԼեվոնՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը բխում է մեր պետական, ազգային շահերից

ՄԱԿ-ի Գլխավոր ասմբլեան ձայների մեծամասնությամբ ընդունեց Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևը և ապօրինի ճանաչեց Ղրիմում անցկացված հանրաքվեն: Քվեարկության պատկերը վերստին փաստեց արևմտյան երկակի ստանդարտների քաղաքականության մասին. հիշեցնենք, որ բանաձևին կողմ քվեարկած 100 երկրները ժամանակին կողմ էին քվեարկել Կոսովոյի անկախությանը: Մինչդեռ Հայաստանի իշխանությունը կատարեց պետության շահերից բխող արժանապատիվ քվեարկություն:
Թեմայի շուրջ ՙՀայոց Աշխարհը՚ զրուցեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ:

ՙԴեմ՚ քվեարկելով ՄԱԿ-ի բանաձևին Հայաստանը վերահաստատեց իր վերաբերմունքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության օգտին որպես ՄԱԿ-ի կանոնադրության վրա հիմնված համամարդկային արժեք և սկզբունք: Բայց , ինչպես սպասվում էր, մեզանում դարձյալ գտնվեցին մարդիկ, ուժեր, որոնք անտեսելով արցախյան հիմնախնդիր ունեցող երկրի շահը, քննադատում են Հայաստանի քվեարկությունը: Ձեր գնահատականը:

-Հայաստանը ՙդեմ՚ քվեարկությունից բացի մեկ այլ դիրքորոշում չէր կարող ունենալ, որովհետև այս քվեարկությունը բխում է մեր պետության, ազգային անվտանգության շահերից: Իվերջո, պետք է նաև նկատի ունենալ Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունները:
Ղրիմում տեղի ունեցավ ինքնորոշման հանրաքվե, արդյունները փաստեցին, որ Ղրիմի ժողովուրդը, որի 70 տոկոսը ռուսներ են, մեծ ցանկություն ունի միանալու մայր հայրենիքին` Ռուսաստանին: Այս առումով Ղրիմում և Արցախում իրականացված ինքնորոշման գործընթացները նույնն են:

-Երկուսի դեպքում էլ կան հարցեր, որոնք անհերքելի են, դա ժողովրդի ազատ կամքի դրսևորումն է, ինքնորոշման իրավունքի իրացումը:

-Իհարկե: Ղրիմի հանրաքվեին դեմ արտահայտվողներն ասում են, թե այն կարճ ժամանակում տեղի ունեցավ: Հարց եմ տալիս, իսկ որքա՞ն պետք է այն ձգձգվեր, որ իրենց կողմից չորակվեր ՙկարճ՚, միջազգային օրենսդրությամբ ինչ-որ ժամկետներ նշվում ե՞ն, իհարկե որ, ուրեմն, ինչո՞ւ են հեքիաթներ պատմում: Կամ ասում են, հանրաքվեի ընթացքում Ղիրմում ինքնապաշտպանական ջոկատներ են եղել, դարձյալ հարց եմ տալիս, եթե չլինեին, արդյո՞ք գաղութատեր երկիրը թույլ կտար, որ հանգիստ կազմակերպվեր հանրաքվեն, արդյո՞ք չէր խանգարի այն: Հիշենք, որ նույն իրողությունը Արցախում էր: Եվ վերջապես, Ղարաբաղի, ու Ղրիմի հակամարտությունները մեզ ժառանգություն է մնացել Խորհրդային միությունից, այս իմաստով դարձյալ Ղրիմն ու Արցախը նման են իրար, հետևաբար, Արցախի ու Ղրիմի հանրաքվեները բացարձակ նույնական են: Ուրեմն մենք ինչպե՞ս կարող էինք այս հանգամանքն անտեսելով կողմ քվեարկել այդ հանրաքվեն չճանաչող բանաձևին: Ի՞նչ է, Հայաստանը պետք է միանար ժողովուրդների ինքնորոշման իրավունքը մերժող երկրների՞ն ու դե՞մ քվեարկեր իր համար կարևոր սկզբունքին: Ես ոչ մի կերպ չեմ հասկանում այս տրամաբանությունը:

Արևմտամետները սակայն Հայաստանի շահերից խոսելու փոխարենը, մատնացույց են անում անլուրջ փաստարկներ, թե տեսեք, 100 երկրներ դեմ են քվեարկել բանաձևին, իսկ կողմ քվեարկողների մեջ բռնապետական վարչակազմերով հայտնի երկրներն են:

-Էդ ովքե՞ր են որոշողները, թե ո՞?ր երկիրն է բռնապետականը, որ` ոչ: Եթե արևմտյան որևէ կառույց ու երկիր պաշտպանում է Թուրքիային ու հանդուրժում նրա ոճիրները, ուրեմն ոչ մի իրավունք չունի խոսելու արդարության անունից, իրավունք չունի այլ երկրներին բռնապետ որակելու: Եթե եվրոպացին այսօր հանդուրժում է թուրքին, ուրեմն, պետք է հանդուրժի նաև հյուսիսային կորեացուն: Երկրորդ, ի՞նչ նշանակություն ունի, թե քանի՞ երկիր և ինչպե՞?ս է քվեարկել, ի վերջո, ճշմարտությունը շատի կամ քչի մեջ չէ: Մեզ համար ճշմարտությունը մեր ազգային, պետական շահն է: Մենք ինչպե՞ս կարող ենք միանալ այն երկրներին, որոնք չեն ճանաչում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Ի դեպ, Միացյալ նահանգների, նաև Ուկրաինայի տեղական սիրահարներին հիշեցնեմ Բիսմարկի խոսքերից մեկը, ասում է.ՙԵս անգլիացիներին շատ եմ սիրում, բայց այդ անգլիացիներն ինձ տեսնել չեն ուզում, ի՞նչ անեմ՚: Հիմա, հարգելիներս, շատ սիրելով ԱՄՆ-ին ու Ուկրաինային ինչո՞ւ հաշվի չեք առնում այն փաստը, որ այդ երկրները ի նպաստ Հայաստանի, մասնավորաբար, Արցախի հարցում, դրական քայլեր չեն անում: Արևմուտքը խոսում է, խոսում, բայց ոչինչ չի անում, կամ ի՞նչ դրական քայլեր է կատարել Ուկրաինան Արցախի համար:

Փաստերը հակառակն են հաստատում. Ուկրաինան ՎՈՒԱՄ-ի շրջանակներում մշտապես հակաղարաբաղյան կեցվածք է ընդունել: Սրան էլ հավելենք արցախյան պատերազմի տարիներին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կռվող ուկրաինական վարձկանների փաստը:

-Ուրեմն, վերջացավ, սա նշանակում է, որ այդ երկիրը և մենք գտնվում ենք տարբեր բլոկներում: Հայաստանը երբեք չի կամենում իր հարաբերությունները սրել այլ պետությունների հետ, բայց այս պարագայում մեր երկիրը պարտավոր էր հստակ դիրքորոշում արտահայտել, և ոչ միայն, այլև ՙքաղաքական ուժ՚ կիրառել, իսկ այս քվեարկությունը հենց այդ ուժի դրսևորման մասին է փաստում: Մենք հասկացրեցինք, որ այսօր և հետայսու պաշտպանելու ենք մեր պետական, ազգային շահերը, և վերջ:

Շահարկվում է և այն միտքը, թե չնայած ավելի վաղ ԱԳ նախարարությունը տարածել էր տեղեկատվության, որ Հայաստանը ՙձեռնպահ՚ կքվեարկի հիշյալ բանաձևին, բայց իրականում ՙդեմ՚ քվեարկեց:

-Գործ ունենք քաղաքական մանիպուլյացիայի հետ: Իրականում կատարվել է հետևյալը: Չորս օր առաջ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայատարարեց, որ Հայաստանը նախօրոք իր քվեարկությունները երբեք չի համաձայնեցնում և նախօրոք չի հայտնում այդ մասին: Մինչդեռ, զարմանալիորեն ՙԱզատություն՚ ռ/դ-ն տարածեց հաղորդագրություն, համաձայն որի, իբրև թե, ՀՀ ԱԳՆ-ն ասել է` ձեռնպահ է քվեարկելու: Այդ որտեղի՞ց եզրակացրին: Եվ այսօր քաղաքական մանիպուլյացիայով զբաղվողները, մի կողմ թողնելով Հայաստանի արտաքին գերատեսչության պատասխանը, հղում են անում ՙԱզատություն՚ ռ/դ-ի հաղորդագրությանը: Ի՞նչ է ստացվում, որ այս ռադիոկայանը կանխավ սարքեց հայկական տեսակետ ու մատուցել այն որպես պաշտոնական: Սա արդեն ՙսառը պատերազմի՚ գործելաոճ է, գործ ունենք քաղաքականության մեջ հակառակորդ ուժի կողմից հաճախ կիրառվող սկզբունքի հետ` ՙնախադրյալների խեղաթյուրում` ցանկալի արդյունք ստանալու համար՚:

-Տեղական արևմտապաշտները միաժամանակ չեն դադարում կրկնելուց, թե Հայաստանը վերածվում է մեկուսացող երկրի:

-Ինչո՞վ ենք մեկուսանում, որ գիտակցում ու պաշտպանում ենք մեր սեփական շահե՞րը: Անհեթեթություն է: Այդպես են ասում, որովհետև հասկանում են , որ Հայաստանի պետական շահերն այսօր չեն համընկնում Արևմուտքի շահերի հետ: Մեկ պարզ օրինակ բերեմ, Արևմուտքն այսօր միանշանակորն մերժում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որ մեզ համար կարևորագույն սկզբունք է: Իսկ ի՞նչ է անում Ռուսաստանը. ազատագրեց Աբխազիան, Հարավային Օսիան, փրկեց այս ժողովուրդներին ցեղասպանությունից: Էդ արևմտամետներն ինչո՞ւ երբևէ հանդես չեն գալիս աբխազների ու օսերի շահերի դիրքերից, գիտե՞ն արդյոք, որ հարավային օսերը պատմական ալաններն են, մոռացել ե՞ն ալանաց թագուհու` Սաթենիկին ու Հայոց Արտաշես Ա թագավորի սիրո պատմությունը, թե՞ ժամանակին այս դասը չեն սովորել:
Ինձ թվում է Հայաստանում կան մարդիր, որոնք ավելի շատ կնախընտրեին, որ Ղարաբաղը տրվեր Ադրբեջանին, քան թե Ղրիմը միանար Ռուսաստանին: Հիմա էդ արևմտամետ կոչվածներն ո՞ւմ հետ են` Հայաստան պետությա՞ն, թե՞ … Հարց եմ ուղղում, ինչո՞ւ հայկական Քեսաբի բռնազավթման մասին աղմուկ չեք բարձրացնում, ինչպես աղմկեցիք Ղրիմի դեպքում: Խոսքս ուղղված է նաև որոշ լրատվամիջոցների: Ինձ համար մերժելի են ՙարևմտամետ՚, ՙռուսամետ՚ ու բոլոր տեսակի ՙմետ՚-երը, հայ մարդը պետք է լինի հայաստանակենտրոն: Բայց ես մաև համոզվել եմ, որ պետության դավաճաններն այսօր ուղղակի թաքնվում են այդ ՙմետ՚-երի հետևում, ժամանակը չէ՞ հրաժարվել նման ձևակերպումներից և այդ մարդկանց կոչել իրենց արժանի անունով:
Սեպտեմբերի 3-ից սկսած Հայաստանն իրականացնում է ակտիվ ու հավասարակշռված արտաքին քաղաքականություն, անաղմուկ առաջ տանելով իր շահերը, շախմատային փայլուն խաղ, և սա է, որ դուր չի գալիս ոմանց: Դրա համար թե’ ներսից, թե’ դրսից աղաղակում են` Հայաստանն արտաքին քաղաքականություն չունի, մեկուսացած է:
Վերստին կրկնում եմ, Հայաստանն իր քվեարկությամբ արտահայտեց հստակ տեսակետ, որը չափազանց կարևոր է մեզ համար: Իսկ այսուհետ Հայաստանի իշխանության կարևորագույն խնդիրը պետք է լինի արտահայտված դիրքորոշումն ամրապնդել մեր պետության ինքնիշխանության ամրապնդմամբ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Politics, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն