Գրանտակեր հկ-ները “ֆյքերի” պաշտպաններ
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը խոստացավ ու կազմակերպեց` ՙՎիրավորանքը և զրպարտանքը ԶԼՄ-ներում՚ թեմայով խորհրդարանական լսումներ, ու չնայած հանձնաժողովականների պատրաստակամությանը` ծավալել բովանդակային քննակում, մանրամասնորեն դիտարկել ոլորտում առկա հիմնախնդիրները, օրենսդրական լուծումների տարբերակները` չհաջողվեց:
Պատճառն այն էր, որ դրան առանձնապես հակված չէր ընդդիմախոս կողմը:
Ավելին, հասարակական սեկտորի ներկայացուցիչները ոչ միայն ցանկություն չունեին հարցը բովանդակային քննակման դաշտ մղելու, այլ եկել էին ճիշտ հակառակ նապատակադրմամբ` միասնական ուժերով տորպեդահարելու “ֆեյքերի” մասին օրինագիծ անվանումը ստացած նախաձեռնությունը: Հիշեցնենք, համաձայն օրինագծի լրատվամիջոցը պատասխանատվություն է կրելու սոցիալական ցանցերի օգտատերերի վիրավորանք կան զրպարտություն պարունակող մեկնաբանությունները վերահրապարակելու համար:
Աչքի զարնեց այն փաստը, որ նախագծի դեմ ջերմեռանդորեն հանդես եկողները հիմնականում արևմտյան գրանտակեր կառույցների ներկայացուցիչներն էին, որոնք երեկ պատգամավոր Ալիկ Արզումանյանի հետ խոսքները մեկ արած կրկնում էին` ՙհանեք օրինագիծը՚, ՙչկպնեք համացանցային ոլորտին՚: Կատաղորեն պայքարելով օրենսդրական նախաձեռնության դեմ, փաստորեն, գրանտակերները հանդես են գալիս հօգուտ անանուն օգտատերերի` ՙֆեյքերի՚ վիրավորական և զրպարտչական բնույթի գրառումների հրապարակայնացմանն ու տարածմանը: Նրանց ելույթներից ստացված տպավորությունն այնպիսին էր, որ քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներ ամենևին ցանկություն չունեն պայքարելու վիրավորանք, զրպարտության պարունակող գրառումների դեմ: Համաձայնեք, սա, իրոք, տարօրինակ է: Թե ի՞նչ շահերով են նրանք առաջնորդվում, ենթադրություններից մեկն էլ այն է, որ ՙֆեյքերի՚ թիկունքում թերևս նրանցից շատերն են, որոնք զբաղված են, մասնավորաբար, հայտնի անձանց դեմ զրպարտչական, վիրավորական գրառումներ տարածելով:
Ոչ պակաս զարմացնող էր և այն, որ քննարկմանը չէին մասնակցում այն լրատվամիջոցների ղեկավարներն ու լրագրողները, որոնց պատկանում է ՙֆեյքերի՚ դեմ պայքարի օրինագծի ստեղծման նախաձեռնությունը: Փակագծերը բացեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, իհարկե, նրբանկատորեն խուսափելով անուններ թվարկելուց, այնուհանդերձ, հրապարակավ հնչեցրեց, որ անձամբ իրեն են դիմել մի շարք պրոֆեսիոնալ լրատվամիջոցների խմբագիրներ, լրագրողներ` դաշտը կարգավորելու առաջարկով , և պատգամավորները նրանց խնդրանքով են ձեռնամուխ եղել այս նախագծի ստեղծմանը: Հետևաբար, իրոք, անհասկանակի էր նրանց բացակայությունը:
Թեմայի շուրջ զրուցեցինք Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հիմնական զեկուցող ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ
-Քննարկման ընթացքում պարզորոշ դարձավ, որ հրավիրյալներից շատերն անտեղյակ էին ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը ու ընդամենը եկել էին ասելու` ՙդեմ ենք՚:
-Այո, և այս առումով հնչած հարցադրումները ես երկու խմբի կբաժանեմ: Մակերեսային հարցադրումներ, որոնց հեղինակներն առանց նախագիծը մանրամասնորեն ուսումնասիրելու, առանց որոշակի պատկերացում ունենալու, պարզապես, հայտարարում էին` շրջանառությունից հանեք նախագիծը, ընդորում, անգամ չէին փաստարկում , թե ինչո՞ւ: Եվ ես ցավում եմ, որ շատերն իրենց տեսակետներն հայտնելուց առաջ անգամ չէին կարդացել այն նախագիծը, որը լրամշակվել ու բաժանվել էր մասնակիցներին: Այսինքն, ոմանք նախագծի դեռևս նախորդ տարբերակից ելնելով էին կառուցում իրենց խոսքը: Բայց, բարեբախտաբար, ներկա էին նաև մարդիկ, որոնք հնչեցրին շատ օգտակար հարցադրումներ, այդպիսիք անկասկած կհամալրեն ստեղծվելիք աշխատանքնային խումբը, որն էլ կարծում եմ, արդյունավետ աշխատանքի արդյունքում կհանգի հստակ եզրակացությունների:
-Տպավորությունն այնպիսին էր, որ արևմտյան գրանտներից սնվող հկ-ներն են հիմնականում դեմ այս նախագծին ու որոշել են միահամուռ ուժերով պայքարել նախագծի դեմ:
-Ճիշտն ասած ես նրանց քայլերից մի բան հասկացա, որ շատերը ոչ թե եկել էին բովանդակային քննարկում ծավալելու, այլ մեկ նախադասություն ասելու, որի շուրջ էլ պայմանավորվել էին, այն է` ՙնման նախագիծ մեզ անհրաժետ չէ՚: Ակնհայտ է դառնում, որ նրանք շահագրգիռ չեն վերհանելու ոլորտում առկա հիմնախնդիրները:
Հետաքրքիրն այն է, որ նրանց խոսքում առկա էր նաև հակասությունը. մի կողմից ասում են նախագիծը պետք չէ, մյուս կողմից չեն թաքցնում, որ այս ոլորտում խնդիր կա: Իմ գործընկեր Էդմոն Մարուքյանը շատ դիպուկ նկատեց, որ տարօրինակորեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդես են գալիս ոչ կառուցողական դիրքերից: Եվ փոխանակ հենց իրենք շահագրգիռ լինեն ներկայացնելու այլընտրանքային նախագիծ, ընդամենն ասում են` հանեք նախագիծը շրջանառությունից, և վերջ: Բայց եթե ոլորտում կան խնդիրներ, ուրեմն, եկեք միասին փորձենք գտնել ուղիները, ինչո՞ւ համատեղ չքննարկել ու չհանգել միասնական դիրքորոշման:
-Ընդդիմոխոսները չեն դադարում պնդել, թե նախագիծը սահմանափակում է խոսքի ազատությունը: Այդպե՞ս է, թե՞ ընդամենը պարզ շահարկման հետ գործ ունենք, թերևս լրագրողական լայն շրջանակներին կամ էլ դրսի կառույցներին դուր գալու միտումով:
-Վստահաբար հայտարարում եմ, նախագծում խոսքի ազատության հետ կապված որևէ խնդիր չկա: Մինչ այս պահը ես զերծ եմ մնացել որևէ տեսակետ հայտնելուց, բայց այս լսումներից հետո, պետք է ասեմ հետևյալը. ոմանք ստանձնել են խոսքի ազատության ջահակրի դերակատարում, ՙմոռանալով՚, որ նման ՙդեր՚ ստանձնելու անհրաժեշտություն այսօր ընդհանրապես չկա: Եվ որևէ մեկը թող չփորձի ներկայանալ որպես խոսքի ազատության առաջամարտիկ կամ դրանում առավել շահագրգիռ անձ, քան նախագծի հեղինակներն են:
-Իսկ ի՞նչ կասեք այն փաստարկի առնչությամբ, թե լրատվամիջոցն իր աշխատանքը թողած պետք է հետախուզում հայտարարի, գտնելու, ասենք, ՙձկան աչք՚ անունը կրող ՙֆեյքին՚:
-Սա ևս անհիմն փաստարկ է, միաժամանակ մակերեսային մոտեցում, որովհետև, նախագծում լրատվամիջոցի վրա դրված չէ անհայտ աղբյուրին փնտրել-գտնելու պարտականությունը: Նախագիծը պետք էր ընդամենը ընթերցել, ուր սևով սպիտակի վրա գրված է, որ դատարան դիմում է այն անձը ում վիրավորել կամ զրպարտել են, և նա պետք է ապացուցի, թե ինչո՞ւ է տվյալ լրատվամիջոցի դեմ դիմում ներկայացրել դատարան, հայցվորը պետք է ապացույցն, որ չի կարողացել գտնել վիրավորանք կամ զրպարտություն տարածած անձի մասին բավարար տվյալներ:
– Եթե հաշվի առնենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարցն արդեն իսկ կարգավորված է, գուցե իրո՞ք նման օրինագծի անհրաժեշտություն չկա:
-Ես չեմ ընդունում այս մոտեցումը, քանի որ դրանով առաջարկվում է յուրաքանչյուր դեպքի համար լրատվամիջոցին տանել դատարան ու այնտեղ պարզել` վերջինս պատասախանատվություն կրո՞ւմ է, թե՞ ոչ:
Մեր նախագծով սահմանվում են խաղի հստակ կանոններ, որով զլմ-ն հայտնվում է միայն շահեկան վիճակում, այսինքն, մեր առաջարկի համաձայն անձը նախապես պետք է դիմի լրատվամիջոցին, որից հետո միայն կարող է դիմել դատարան, հակառակ դեպքում, դատարանն այդ գործը վարույթ չի ընդունի:
Դրանով ամեն անգամ լրատվամիջոցը ստիպված չի լինի հայտնվել դատարանում և այնտեղ պարզել` տեղադրված գրառման մեջ կա՞ վիրավորանք կամ զրպարտանք, ինքը պատասխանատվություն կրո՞ւմ է, թե՞ ոչ:
-Այնուհանդերձ, օրինագծի ընդունման հարցում հանձնաժողովի նախանձախնդիր լինելը մեկնաբանվում է նաև նրանով, թե դուք նպատակ ունեք հովանու տակ առնել իշխանավորներին, նրանց պաշտպանելով վիրավորանքներ, զրպարտություն պարունակող գրառումներից:
-Ամենևին: Մեր նախագծի թիրախը մարդն է, անկախ նրանից իշխանավո՞ր է, թե՞ ընդդիմադիր, քաղաքական գործի՞չ է, թե՞ շուո բիզնեսի ներկայացուցիչ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












