Քեսաբահայերի հետ կատարվածից հետո արձագանքը մեծ էր, Ասադը սկսեց խոսել.Արման Սահակյան
ՀՀ ԱԺ-ի պատգամավորների 6 հոգանոց խումբը արդեն վերադարձել է Սիրիայից՝ Լաթաքիայից: Նրանք պատրաստվում են իրենց տպավորությունները ներկայացնել երկրի ղեկավարությանը եւ քննարկել, թե նյութական ինչ աջակցություն են ցուցաբերելու Լաթաքիայի եկեղեցում պատսպարված քեսապցի գաղթականներին: Պատգամավորները նաեւ հակված են Քեսապում տեղի ունեցածը իրավական տեսանկյունից բարձրացնելու եւ ներկայացնելու միջազգային հանրությանը՝ որպես մարդու իրավունքի կոպտագույն խախտում:
Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը Արման Սահակյանի հետ:
-Պարո՛ն Սահակյան, խնդրում եմ ներկայացրեք ինչ իրավիճակ էր Լաթաքիայում, ի՞նչ տպավորություններով եք վերադարձել հայրենիք:
-Առաջին տպավորությունները շատ էմոցիոնալ էին: Այն, ինչ որ պատմել էին մեր պապերը Եղեռնի մասին, կարծես մենք մեր աչքով տեսանք… ու լրիվ նույնությամբ՝ էլի թուրքեր, էլի եկեղեցում պատսպարվել, առանց որեւէ միջոցի գաղթել: Առաջին տպավորությունները շատ ծանր էին: Բայց այդ մարդկանց մեր գնալը մեծ ոգեւորություն տվեց, որովհետեւ իրենք զգացին, որ կա Հայաստան պետություն, որ իրենց հայրենիքն է, որ հետեւելու է, փորձելու է օգնել՝ ինչով հնարավոր է: Բայց նաեւ անպայման ուզում եմ նշել այն, որ այդ մարդիկ ամենեւին էլ ընկճված չէին, գոնե տղամարդիկ, որովհետեւ քեսապցին երրորդ անգամ է գաղթել եւ միշտ հետ է վերադարձել: Այսինքն, միակ հայկական գյուղն է Արեւմտյան Հայաստանում, որ հանգամանքների բերումով Սիրիայում է մնացել, եւ այդ գյուղը շարունակում է ապրել: Բացառիկ բնակավայր է այդ առումով, եւ այդ մարդիկ շատ վստահ էին եւ պատրաստվում են վերադառնալ տուն: Մի քիչ բարդ իրավիճակ է ստեղծվել, բայց բոլորը հույս ունեն, որ կվերադառնան տուն, դրա համար հենց մնում են եկեղեցում: Իհարկե, շատ ցավալի կլինի, որ ձգվի պրոցեսը, եւ մարդիկ գաղթեն տարբեր տեղեր: Բայց նաեւ ճշմարտության համար ասեմ, որ հայ տղամարդիկ Քեսապում ունեցել են իրենց ջոկատները, իրենք զգացել են, որ մեկ օր թուրքը մի բան անելու է: Պատրաստ են եղել դրան՝ գիշերային հերթապահություն, ամեն ինչ, եւ հենց այդ օրվա հերթապահող մարդկանց հետ որ խոսում էինք, գիշերը չորսի կողմերը թուրքական զրահատեխնիկայով ահաբեկիչները հարձակվել են գյուղի վրա, որոնք արաբներ չեն եղել: Այնտեղ հայերը սպանել էին հինգ հոգու, որոնք նույնպես իրենց կարծիքով չեչեններ են, ես վստահ չեմ… չեմ կարող ասել, բայց շիկահեր, ոչ արաբախոս ցեղեր են, որոնք վարձով կռվում են: Թուրքական կողմն ամեն ինչ արել է, որ հարձակվեն: Թուրքիայի կողմից զրահատեխնիկա է աշխատել, եւ դե բնականաբար ուժերը անհավասար են եղել, եւ սիրիական զորքերի օգնությամբ հայերը լքել են Քեսապը:
Այսինքն գաղթելուց ոչնչի մասին չեն մտածել, անգամ ունեցվածքից գոնե ոսկեղեն կամ գումար չեն հասցրել վերցնել…
-Ոչ, չեն հասցրել, շատ անսպասելի է եղել, գիշերը չորսին են գաղթել: Երեխաներին մենակ վերցրել ու լքել են Քեսապը: Իրենց պատմելով՝ ոչ ոսկիներն են վերցրել, ոչ գումար… ոչինչ չունեին, ստիպված պատսպարվել են եկեղեցում:
Մեր տպավորությունն այնպիսին է, որ համայնքը շատ կազմակերպված էր. Լաթաքիայի կանայք ճաշ էին եփում ամբողջ գաղթականների համար, միջավայր էր ստեղծվել, որտեղ մարդիկ ապրում էին: Եկեղեցին էլ բավականին մեծ էր… Սիրիական իշխանություններն ապահովում էին առաջին անհրաժեշտության սնունդ, եւ բոլորի հույսը՝ որ կվերադառնան:
Նշանակությունը Քեսապի շատ մեծ է Սիրիայի համար: Պատմական Մուսալեռի մոտ է Քեսապը՝ սարի վրա եւ ծովի մոտ: Պատմականորեն ստրատեգիական շատ կարեւոր տեղ է:
Մեզ մնում է միայն հուսալ, որ հետ վերցնեն Քեսապը եւ հնարավորինս այդ գյուղը պահպանվի: Որովհետեւ այնտեղ ռմբակոծությունների արդյունքում այլեւս բնակելի շենքեր չկան:
Պարոն Սահակյան, տարբեր տեղեկություններ հրապարակվեցին նաեւ, որ հայեր էին գերեվարել… տարբեր թվեր էին նշվում…
-Հայ մեկ հոգու էին գերեվարել, այն էլ փախել էր այդ գերությունից: Այնտեղ ցավալին միայն այն է, որ 15 տարեց էր մնացել գյուղում, ովքեր ֆիզիկապես չեն կարողացել լքել գյուղը: Խոսքը 80-ից բարձր տարիքի մարդկանց մասին է: Ինչ վիճակում են այդ մարդիկ, ոչ ոք չգիտի: Իրականում սարսափելի էր վիճակը: Լրատվամիջոցներով այնքան էլ լավ չեն արտացոլում: Օրինակ երեկ Արամ կաթողիկոսի հետ էինք հանդիպում, մի վարդապետ էլ էր մասնակցում Քեսապից մեր հանդիպմանը, ով պատմում էր, որ ինքը զանգել է իր եղբորը, ով մնացել է Քեսապում, հեռախոսը մի ահաբեկիչ է վերցրել. խոսքը տան հեռախոսի մասին է, պատկերացնո՞ւմ եք՝ վերցրել, ասել է՝ «Ալ-Նասրան» լսում է (ահաբեկչական խմբավորում):
-Պարո՛ն Սահակյան, մենք այս ընթացքում զրուցեցինք նաեւ Քեսապի քաղաքապետի, հոգեւոր հովվի հետ, ովքեր ասում էին, որ ամեն ինչի խնդիր ունեն գաղթականները, բացառապես ամեն ինչի եւ առաջին հերթին հացի: Ի՞նչ եք կարծում, Հայաստանի իշխանությունները պե՞տք է նյութական օժանդակություն ցուցաբերեն: Մինչդեռ Հայաստանը միայն դիվանագիտական արձագանք է տվել դեպքերին. ի նկատի ունեմ Ս. Սարգսյանի հայտարարությունը…
– Մեր նպատակն էր, որ մեր աչքով տեսնեինք եւ ամեն ինչի մասին ներկայացնեինք երկրի ղեկավարությանը, եւ բնականաբար ինչ-որ որոշում կկայացվի: Պարզ է, որ այդ մարդկանց առաջին հերթին նյութական օգնություն է անհրաժեշտ: Նրանք օգնության կարիք ունեին: Մեր այցը շատ մեծ ոգեւորություն էր նրանց համար, որովհետեւ նրանք էլ չէին սպասում, որ Հայաստանից մարդիկ կգնան:
Ինչ մնում է դիվանագիտական մակարդակով հարցը բարձրացնելուն, սա մարդու իրավունքների խայտառակ ոտնահարում է: Եթե փորձենք այն բառերով խոսել, որ Արեւմուտքն է խոսում, սա հենց մարդու իրավունքների ոտնահարում է: Մարդկանց իրենց տներից վտարել են, գիշերով հարձակվել են ահաբեկիչները, եւ խոսում ենք ոչ թե 10 մարդու, այլ 3000 մարդու մասին, եւ ոչ մի արձագանք չկա, ցավոք սրտի:
Ս. Սարգսյանի հայտարարությունը ողջունելի էր, որ հանձնարարեց Նյու Յորքի եւ Ժնեւի ներկայացուցիչներին այդ մասին խոսել եւ բարձրաձայնել: Երեկ հետեւեցիք, որ Ռուսաստանն է հայտարարություն արել, Կանադան է արել, ամեն դեպքում Հայաստանի իշխանությունների խնդիրն այն է, որ մեր հայրենակիցների մեջքին լինենք, եւ դրա համար այս մասին աշխարհը պետք է իմանա: Ցավոք սրտի արեւմտյան լրատվամիջոցներում ես չեմ հանդիպել խորը վերլուծություն: Իսկ ինչ մնում է հայերին, Հայաստանում էլ ռեակցիան շատ էմոցիոնալ է: 100 տարի անց էլի թուրքեր… այն ժամանակ քրդերի ձեռքով էին կոտորում, հիմա ինչ-որ վարձկան ցեղերի միջոցով: Կարծես պատմությունը կրկնվում է: Դրա համար էմոցիան շատ էր:
-Թուրքիայի արտգործնախարարությունը եւս հայտարարություն տարածեց, բավականին ցինիկ հայտարարություն էր, որ քաղաքական ապաստան են տրամադրում քեսապահայերին…
-Իրենց ոճի մեջ, էլի իրենց ոճի մեջ:
-Պարոն Սահակյան, Սիրիայի նախագահի, վարչապետի հետ հանդիպումներ եք ունեցել, ի՞նչ են մտածում, նրանք ի՞նչ էին ասում, որքան հասկացանք, հրավերը ընդունո՞ղ երկրի կողմից էր:
-Այո, հրավիրեցին, եւ չէինք կարող չհանդիպել: Բաշար Ասադը հայերի համար անփոխարինելի առաջնորդ է, հայ համայնքը այդպես է ընկալում: Ինչու, որովհետեւ Բաշար Ասադի ներկայությունը երաշխավորություն է բոլոր փոքրամասնությունների համար: Այն մյուս թեւը գոնե այս պահին խորը իսլամական ուժեր են, որոնք բնականաբար քրիստոնյաներին չեն ընդունում: Վիճակն այդպես է: Վստահ եմ, որ 10 հազար հայից 10 հազարն էլ ուզում է, որ Ասադը մնա, եւ բնականաբար ես էլ որպես Հայաստանի պատգամավոր (սա պետական բան չեմ ասում, իմ կարծիքն եմ ասում՝ Ա. Ս.) ուզում եմ Ասադը մնա:
Այդ դեպքերի ընթացքում Ասադի հորեղբոր տղան մահացավ: Ինքնաթիռը, որ խփվել էր, այնտեղ է եղել նաեւ նա: Եվ արձագանքը բավականին ուժեղ է: Մյուս քրիստոնյաները անգամ զարմացած են, որ հայերի հետ կատարվածից հետո ինչպիսի մեծ արձագանք եղավ, Ասադը սկսեց խոսել այդ մասին, մեզ հետո հրավիրեցին հանդիպման:
-Պարոն Սահակյան, որքան հասկացանք, քեսապցիները ամենեւին ցանկություն էլ չունեն գալ ապրել Մայր հայրենիքում:
-Ոչ, ամենեւին, այդ մարդիկ ասում են՝մեր պապերի գերեզմաններն այստեղ են, ո՞նց գնանք, մեր տունը, դաշտերն են այստեղ, եւ բացարձակ ցանկություն չունեն: Եվ հիմա ասում եմ, որ քանի իրենք եկեղեցում են, այնքան ավելի շատ հույս կա, որ իրենք Քեսապ կվերադառնան, իսկ եթե իրենք թեկուզ ժամանակավոր այլ վայրեր տեղափոխվեն, կպակասի հնարավորությունը: Դա նշանակում է ՝Քեսապը կորավ:
Փառք Աստծո, այդ գիտակցությունը նաեւ քեսապցիների մոտ է: Իսկ սիրիական իշխանությունների խոսքերով՝ մոտ օրերս նրանք նորից կգնան Քեսապ: Նրանց խոսքերով՝ ժամերի հարց է հետ նվաճելը: Մեծ մարտեր են հիմա այնտեղ գնում, սպասենք եւ տեսնենք: Ամբողջ Մերձավոր Արեւելքի համար շատ կարեւոր նշանակություն ունի Քեսապը: Շատ մեծ էր նաեւ Լիբանանում Հայաստանի արձագանքը, շատ ոգեւորող է, մենք չպետք է մոռանանք, որ 10 մլն ժողովրդի պետություն ենք: Եվ երբ իրենք զգում են, որ իրենց մեջքներին պետություն կա, իրենք ավելի ապահով ու վստահ են զգում:
Խնդրել ենք՝ ամեն ընտանիք պետք է գրի իր պատմությունը, եւ մենք արդեն անգլերենով թարգմանելու եւ ներկայացնելու ենք միջազգային մարմիններին՝ որպես մարդու իրավունքների ոտնահարում, որպեսզի ամեն ինչը պրոֆեսիոնալ մակարդակով արվի: Այդ առումով շատ եմ կարեւորում հատկապես Թեւան Պողոսյանի եւ Էդմոն Մարուքյանի գալը Սիրիա:
galatv.am












