Գլխավոր » WestArmenia, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Քեսապը` թուրքական ահաբեկչության եւ ռուսական ապատեղեկատվության միջեւ

Ապրիլ 2, 2014թ. 11:03

Քեսապի դեպքերի առնչությամբ թվում է, որ տեղեկատվական պատերազմը Սիրիայում իր գագաթնակետին է հասել: Խոսքը չի վերաբերում միայն պատերազմի առաջին օրից սկսած իշխանություն-ընդդիմություն դիրքեր գրավել-վերագրավել անվերջանալի հաստատվող-հերքվող (ապա)տեղեկությունների շղթային:

Մի կողմից Անկարան քաղաքական անհեթեթության նմուշներ է հրամցնում ոչ միայն իր տարածքներից դեպի Քեսապ թափանցման գործողություններին նկատմամբ պյուղատոսություն ցուցադրելով, այլ տարհանված քեսապահայությունը «հյուրընկալ» Թուրքիա հրավիրելով: Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ Սիրիայի ընդդիմադիրների կողմից Քեսապի գրավմանը Թուրքիայի ուղղված ամբաստանությունները անհիմն են:

Անկարայի այս դիրքորոշումը հերքելու համար հենց Թուրքիայում յութուբյան բացահայտումներ արձանագրվեցին, թե ինչպես թուրքական սահմանապահ զորքերը հանգիստ անցք էին տրամադրում զինյալ խմբավորումներին` անցնելու սիրիական սահմանը: Ավելի՛ն. արտգործնախարարի, բանակի հրամանատարի եւ ծառայության պետի միջեւ հեռախոսային գաղտնալսված խոսակցությունների հրապարակումը պարզ դարձրեց, որ դեպի Սիրիա ներխուժման գործողությունները ծրագրավորված էին: Յութուբյան այս բացահայտումները գուցե ներթուրքական հարթության վրա կարելի է դիտարկել վերջին շրջանում գործող վարչակարգի հեղինակազրկման միտող բացահայտումների ընդհանուր պարունակում: Ինքնակառավարման ընտրությունները եկան ընդգծելու, որ այդ բացահայտումները վճռորոշ ազդեցություն չեն գործել ընտրազանգվածի դիրքորոշման վրա:

Անկարայի յուրահատուկ այս «հյուրընկալության» հայտարարությունը նոր չէ. Սիրիայի պատերազմի առաջին օրերից սկսած նման խաղաղասիրական «բարի կամեցողության» դրսեւորումներ ունեցան Անկարայի բարձրաստիճան դեմքերը հատկապես սիրիահայության ուղղությամբ: Պատրանքային տպավորություն ստեղծող քարոզչաքաղաքական այս գործողություններին համընթաց զարգանում է նաեւ թուրքական տեղեկատվական համակարգը, որ քաղաքական անհեթեթության նշանավոր օրինակներ է տրամադրում դիպաշարին հետեւողներին:

Սակայն տեղեկատվական պատերազմը միակողմանի չէ: Նույն ուժգնությամբ համարժեք գործողությունների ծավալ կա նաեւ ռուսական կողմից: Հատկապես Քեսապի դեպքերի առաջին օրվանից ապատեղեկատվության ալիք բարձրացավ, որի տեղաշարժի աղբյուրները այս դեպքում ռուսական ներշնչումներ ունեին: Հայ տեղեկագիտությունը վերջերս համացանցի վրա բացահայտեց, իբրեւ թե քեսապահայության դեմ գործադրվող ջարդերի, հավաքական սպանությունների, գնդակահարումների տեսաերիզների մի շարք: Առաջադրանքը այս դեպքում, ոչ անպայման հայկական գործոնը ներքաշելուն էր վերաբերում, որքան հանրային կարծիքը ցնցելու, թե Արեւմուտքի օժանդակությամբ եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ուղղակի նախաձեռնությամբ միջազգային ահաբեկչությունը ի՛նչ ավերներ է գործում Սիրիայում:

Տեղեկատվական պատերազմի ալիքի մակընթացության այս մակարդակի նվաճումը բացատրվում է այն իրականությամբ, որ Քեսապը նախադուռն է ծովեզերյա Սիրիայի, որ գործող իշխանության գլխավոր հենակետն է եւ ռուսական ռազմանավերի ռազմակայանը: Ուրեմն ռազմավարական կարեւորագույն այս հենակետի պահպանման կամ կորստի նախապատերազմն է, որ առայժմ կիրառվում է տեղեկատվական հարթության վրա: Բայց տեղեկատվականը նախապատրաստությունն է այլ գործողությունների: Չի ուշանա հստակացումը, թե սիրիական զորքերի շրջանում կուտակումը նախանշում է ծայրահեղականների մաքրագործման ընդհանուր արշավը: Բայց առաջադրվածը հայտնապես ավելին է: Պաշտոնական Մոսկվայի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարելու առաջարկը ավելի պարզ է դարձնում Մոսկվայի վճռականությունը միջինարեւելյան իր կարեւորագույն հենակետը չզիջելու:

Աշխարհաքաղաքական այս մեծ օրակարգի տակ հայտնված Քեսապի ուղղությամբ արձանագրվող զարգացումներին առընթեր հայկական գործոնը նվազագույն վնասով դուրս գալու առաջնային խնդիրն է դիմագրավում: Անկարան մի կողմից ծայրահեղականների ձեռքով սանձազերծում է հարձակում Քեսապի դեմ եւ ապա տարհանված քեսապահայությանը Թուրքիա է հրավիրում, մինչ Մոսկվան տեղեկատվական պատերազմի թեժացում է կազմակերպում աշխարհին ցույց տալու համար, որ քրիստոնյա հայերը Քեսապում ջարդի եւ բռնության են ենթարկվում եւ որի համար ՄԱԿ-ի արտակարգ նիստ է անհրաժեշտ։

Քեսապը այսօր ներկայացնում է աշխարհաքաղաքական տարողություն: Հայտնված իբրեւ կարեւոր հանգույց` տարածաշրջանային մակարդակի վրա արձանագրվող գործընթացների: Առանց ներքաշվելու ռուսական ապատեղեկատվության դաշտ, հայկական կողմը բոլոր պատճառներն ունի Անկարայի դերակատարության բացահայտման քարոզչաքաղաքական աշխատանքները ծավալելու:

Շահան Գանտահարյան
«ԱԶԴԱԿ» թերթի գլխավոր խմբագիր


Դիտել WestArmenia, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն