Գլխավոր » NKR, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Ցեղասպանություն

Թուրքիայի հասցեին չհնչեց քննադատություն, քանզի ԱՄՆ-ն ու ԵՄ-ն սիրիական հարցում Թուրքիայի դաշնակիցներն են

Ապրիլ 4, 2014թ. 23:31

արաքսՀարցազրույց արաբագետ, արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆԻ հետ

– ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ռուսաստանը, չնայած դատապարտեցին Քեսաբի բռնազավթումը, խաղաղ հայ բնակչության դեմ իրականացված հանցագործությունները, սակայն խոսք անգամ չհնչեցրին բռնարարքի իրական պատասխանատուի` Թուրքիայի հասցեին, այն դեպքում, երբ փաստ է, որ հարձակումը տեղի է ունեցել Թուրքիայի տարածքից, նրա օժանդակությամբ: Երկակի ստանդարտների քաղաքականության հետ դարձյալ գործ ունե՞նք:

-Միջազգային շրջանակներից, իրոք, հնչեցին առանձին հայտարարություններ, որոնք սակայն չեն պարզեցնում Թուրքիայի դերակատարությունը: Այն հանգամանքը, որ զինյալները Թուրքիայի տարածքից են ազատորեն մուտք գործել Քեսաբ, արդեն իսկ խոսուն փաստ է, որ Թուրքիան խախտել է սահմանը և ակտիվորեն ներգրավված է սիրիական հակամարտության մեջ՝ օժանդակելով ՙԱլ-Կաիդային՚ հարող ռազմաքաղաքական խմբավորումների: Ակնկալել Թուրքիայի հարցում որևէ քննադատություն` լուրջ չէ, քանի որ նույն ԱՄՆ-ը, ԵՄ, Ծոցի արաբական երկրները սիրիական հարցում Թուրքիայի դաշնակիցներն են: Քեսաբի հարցում միջազգային ակտիվացման առայժմ ամենադրական ձեռքբերումը տեղեկատվական շրջափակման վերացումն էր: Գուցե հենց դրա արդյունքում զինյալները Քեսաբում չվնասեցին այնտեղ մնացած ծերերին՝ ի ցույց դնելով իրենց ՙհումանիզմը՚:

Փաստորեն, կարող ենք ասել, որ Թուրքիայի կառավարությունը օգտվեց իր համար բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակից ու ձեռնարկեց Քեսաբի բռնազավթումը, վստահ լինելով, որ չի արժանանալու միջազգային ճնշումների:

-Այո, Թուրքիայի կառավարությունը պահը ճիշտ էր ընտրել: Քեսաբի գրավումը թույլ տվեց հակաասադական ուժերին ազդեցություն ունենալ ռազմավարական առումով շատ կարևոր մի տարածքի վրա, որտեղ նաև թուրքմեններ են ապրում: Քեսաբի գրավումը ճանապարհ էր հարթում ալավիներով բնակեցված Լաթաքիա, ճակատ էր բացում դեպի այլ ուղղություններ, մուտք դեպի ծով: Քեսաբի գրավումով թուլանում էր ոչ միայն սիրիական պետությունը, այլև հայ համայնքը, ինչը շահեկան է Թուրքիայի համար:

-Բարեբախտաբար, Քեսաբում հայեր չսպանվեցին, սակայն բնիկ բնակչության տեղահանումն ու հայրենազրկումը արդյո՞ք ցեղասպանություն չէ: Մինչդեռ մեզանում հնչում են մտահոգություններ, որ կատարվածը ցեղասպանություն որակելով թուրքերին հնարավորություն կտանք հայտարարելու, թե հայերը կեղծ տեղեկություն են տարածում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին այն դարձնելով շահարկման առարկա:

– Քեսաբում կատարվածը ցեղասպանություն չէ և որպես այդպիսին չի էլ կարող ընկալվել միջազգային հարթության մեջ: Որպեսզի այն համարժեք գնահատվի, նպատակահարմար է Քեսաբի դեպքերը ներկայացնել որպես մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների փաստ և էթնիկ զտումների փորձ:

-Քեսաբի բռնազավթումը հակասում է ՄԱԿ-ի թիվ 2139 և 2118՝ միաձայն ընդունած բանաձևերին, այս տեսանկյունից ինչպես եք գնահատում ՌԴ ԱԳՆ-ի կոչը ուղղված ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ քննարկել Քեսաբի իրավիճակը:

-Դա ճիշտ էր: Կարծում եմ, Ռուսաստանի մոտեցումն այս հարցում ինչ-որ իմաստով պատասխանն էր ՄԱԿ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևին Հայաստանի քվեարկությանը: ՄԱԿ-ում ոչ միայն Քեսաբի, այլև ընդհանրապես Սիրիայի քրիստոնյաների ու էթնիկ փոքրամասնությունների դեմ կատարվող բռնությունների խնդրի բարձրացումը կարող է նոր լույս սփռել սիրիական իրողությունների վրա: Օրինակ ԱՄՆ-ում մարդիկ բոլորովին այլ տեղեկատվություն ունեն Սիրիայում կատարվող իրողությունների մասին, տեղյակ չեն բռնությունների այն ալիքի մասին, որ իրականացնում են հակաբաշարական ուժերը: Քեսաբի ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ է լայնածավալ աշխատանք նախևառաջ դիվանագիտական խողովակներով՝ միաժամանակ հակազդելով ապատեղեկատվության տարածմանը:

-Ինչո՞ւ ռուսական լրատվամիջոցներն հանդես եկան ապատեղեկատվություն տարածողի դիրքերից` շրջանառելով քեսաբահայրերի սպանության մասին ոչ ճշգրիտ տեղեկատվություն:

-Չեմ կարծում, որ նրանք տեղեկացված չէին: Գուցե ծրագիր կա աշխարհաքաղաքական ինչ-որ գործընթացներում օգտագործել հայկական գործոնը: Ամեն դեպքում տարօրինակ էր, որ ռուս մշակութային գործիչները ՙսգում՚ էին հայերիս համար:

-Բայց չենք կարող նաև չարձանագրել, որ Սիրիայի հարցում այսօր Ռուսաստանի դիրքորոշումը շահեկան է մեզ համար, տեղին են նաև ռուսական շրջանակներից հնչող հարցադրումները.”Ո՞ւր են նայում ԱՄՆ-ը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ինչու չեն նկատում հայկական գյուղի գնդակահարությունները”:

-Իհարկե, Մոսկվան վստահաբար նպաստեց խնդրին միջազգային հնչեղություն տալուն: Ռուսաստանը գիտի, որ Սիրիայի հարցում իր ու Հայաստանի շահերը նույնն են՝ կապված հայ համայնքի հետ: Ընդհանրապես, սիրիական հարցում հայկական կողմը պետք է շատ զգուշավոր լինի համայնքի շահերը չվնասելու համար: Մերոնք կարող են նույնիսկ Սփյուռքի լրատվամիջոցներից շատ հավաստի տեղեկություններ ստանալ: Կան մարդիկ, ովքեր ամեն օր, ամեն ժամ խոսում են Սիրիայում գտնող հայերի, այդ թվում՝ քեսաբցիների հետ:

-Հայաստանում այսօր տրամագծորեն բախվում են մոտեցումները հետևյալ հարցում. ամրացնել մերձավորարևելյան հայկական համայնքնե՞րը, թե՞ նպաստել սիրիահայերի վերաբնակեցմանը Հայաստանում ու Արցախում:

-“Արաբական գարունն” անդառնալիորեն վնասեց Մերձավոր Արևելքի հայ համայնքները: Հայերը Մերձավոր Արևելքում հեռանկար չունեն և ճիշտ կլինի, որ նրանք Հայաստան գան, եթե ուզում են հայ մնալ: Բայց կապված Հայաստանում առկա դժվարությունների և սիրիահայերի՝ այստեղ ունեցած ոչ հաջող փորձառության հետ, նրանցից շատ քչերն են մտածում Հայաստան տեղափոխվելու մասին, և առավելապես հակված են մեկնել Լիբանան, ԱՄՆ և Եվրոպա:
Որքան էլ Սիրիայում պահպանվի հայերի ներկայությունը, միևնույն է, հետայսու մեր համայնքների դիրքերն էականորեն թուլանալու են, իսկ արտագաղթը մեծանալու: Փոքր-ինչ այլ է քեսաբահայության պարագան: Քեսաբցիները ենթամշակութային մի յուրահատուկ խումբ են, խոսում են իրենց ուրույն բարբառով, ապրում համապարփակ: Կիլիկյան Հայաստանի սահմաններին գտնվող այդ հրաշալի անկյունն այն վայրն էր, ուր հավաքվում էին աշխարհի հայության տարբեր հատվածներ, կազմակերպում ճամբարներ և այն: Այն նաև տուրիզմի կենտրոն է: Հետևաբար, Քեսաբը տարբերվում է Մերձավոր Արևելքի հայկական մյուս համայնքներից: Քեսաբցիներն ուզում են վերադառնալ Քեսաբ, սպասում են Քեսաբի ազատագրմանը: Դրանից հետո իրենք թող որոշեն իրենց անելիքները: Պետք է նկատի ունենալ, որ սիրիահայության մեջ կան շատ հայեր, որոնք չեն կամենում հեռանալ Սիրայից, և չնայած ծանր պատերազմական իրավիճակին` շարունակում են ապրել այնտեղ: Ամենակարևորն այսօր սիրիական բանակի ռազմական գործողություններն են, որոնք ամեն կերպ փորձում են հետ մղել զինյալներին:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել NKR, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն