Գլխավոր » Զինված ուժեր, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան

Թուրքիան անմիջական մասնակցություն է ունեցել Քեսաբի բուն օպերացիային. թուրքագետը խոսում է փաստերով

Ապրիլ 5, 2014թ. 16:08

Թեև Դավութօղլուն ժխտում է Թուրքիայի մասնակցությունը սիրիական հակամարտությանը, բայց կոնկրետ Քեսաբի դեպքում այնքան շատ են փաստերը, որ ակնհայտ է՝ Թուրքիան անմիջական մասնակցություն է ունեցել բուն օպերացիային. այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը, ով ասուլիսին էր եկել համացանցում հայտնված տեսանյութի փաստերով։

Թուրքագետը տեսանյութը ներկայացնելով՝ ընդգծեց, թե այնտեղ երևում են, թե ինչպես են Թուրքիայի սահմանից անարգել Սիրիա անցնում ջիհադականները, որոնց հետ են նաև թուրք զինվորականները։

«Արդեն երևում է, որ մտնում են Քեսաբի տարածք Թուրքիայից։ Տեսաք, որ սա Սիրիայի անցումային կետն է, արդեն Քեսաբի անձնագրային վարչությունը և որևէ մեկը չկա, կան միայն ջիհադականներ, որոնց շարքում են նաև թուրքական բանակի զինվորականներ, որոնք անարգել ներսուդուրս են անում, իսկ սահմանապահները արգելք չեն հանդիսանում, և վերևից արված նկարահանումներից երևում են, որ արդեն ավելի են խորանում շարասյուները և մտնում Քեսաբի տարածք»,- ասաց նա։

Այս ներկայացնելով թուրքագետը նշեց, որ դա ապացույց է հակառակ թուրք պաշտոնյաների բոլոր պնդումների, որ Թուրքիան տեղյակ չէ այն ամենից, ինչ անում են հակաասադական ապստամբները։

«Որովհետև պատկան ատյանները, որոնք պետք է իրականացնեն սահմանային պարտավորությունները և թույլ չտան, որ ահաբեկչական տարրերն ազատորեն ելումուտ անեն Թուրքիայից Սիրիայի սահման, տեսնում ենք ոչ միայն աչքաթող վիճակ է, այլ ուղղակի օժանդակություն է»,- նշեց նա։

Բացի այդ, Անուշ Հովհաննիսյանը նշեց, որ շատ են այլ փաստերը, որ ջիհադականների խմբավորումների մեջ, բացի թուրքերից ադրբեջանցի ու չեչեն գրոհայիններ կան.օրինակ, խոսուն փաստեր են համացանցում տարածված գրոհայինների զոհերի հուղարկավորությունները։

Անդրադառնալով քեսաբահայերի տեղահանությանը Անուշ Հովհաննիսյանը նշեց. «Թուլացնելու, ոչնչացնելու կամ ստիպելու ինքնատարհանել սիրիահայ գաղութը, քանի որ այն ուղղակի ժառանգորդն է Ցեղասպանության, որը, թերևս, ամենաուժեղ ու կազմակերպված հայկական գաղութն էր և, բնականաբար, ունենալ նման գաղութ իր հարևանությամբ՝ Թուրքիան չէր ուզում»։

Բանախոսն այնուհետև մեջբերեց թուրքական հետազոտական կենտրոններից մեկի ղեկավարի հայտարարությունը, թե՝ «Սիրիայում ունենալ հայկական համայնք, նշանակում է, Հայաստանի ձեռքը միշտ երկարացրած պահել Թուրքիայի և Մերձավոր Արևելքի վրա»։

Ինչ վերաբերվում է ինֆորմացիոն պայքարին, ապա ըստ նրա, տեղի ունեցած արտահոսքերը պատահականություններ չեն. թե ինչպես է ռուսական կողմը ապատեղեկատվություն տարածում տասնյակ հայերի սպանության մասին, ինչը, բարեբախտաբար, իրականությանը չի համապատասխանում։

«Ռուսական ալիքները սկսեցին միտումնավոր ապատեղեկատվություն տարածել, որոնք շատ արագ հերքվեց մեր մասնագետների կողմից, բայց զարմանալիորեն ռուս պաշտոնյաները շարունակում էին խոսել քեսաբահայության կոտորածի մասին։ Դա այն բանի համար էր, որպեսզի ինֆորմացիոն օժանդակություն ապահովեն Ռուսաստանի համար ՄԱԿ-ում և այլ միջազգային ատյաններում և Սիրիայի հարցում ուշադրությունը շեղեն։ Հետաքրքիր էր, որ ռուսական լրատվամիջոցներով Թուրքիայի անունը առանձնապես չէր շեշտվում, և ամբողջ թիրախավորումը գնում էր ՆԱՏՕ և Միացյալ Նահանգներ»,- նշեց նա։

http://www.tert.am/am/news/2014/04/05/qesab-turkey/


Դիտել Զինված ուժեր, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն