Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան

ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՎԱԽԸ ՉԱՓԵԼՈՒ» ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Ապրիլ 7, 2014թ. 23:48

Սա կարելի է բացատրել նրանով, որ նախօրեին իրար հետեւից Ադրբեջան այցելեցին Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ու վարչապետը։ Ռ.Էրդողանը Բաքվում հերթական անգամ իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին Ղարաբաղի հարցում եւ զուգահեռաբար պայմանավորվածություն ձեռք բերեց ադրբեջանական գազը Եվրոպա արտահանելու համար անհրաժեշտ՝ «Տրանս-Անատոլիա» գազատարի շինարարության շուրջ։

Հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ական Թուրքիան փորձում է լրացուցիչ պարտավորություններ ստանձնել Ադրբեջանի անվտանգության ապահովման հարցում՝ ներկայումս դրան գումարվող գազատարի նախագիծը կրկնակի մարտահրավեր է Ռուսաստանի համար, որովետեւ Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության հեռանկարները կախված են հենց էներգակիրների արտահանման հիմնախնդրի հետ։
Այդ պատճառով Ռուսաստանը նախապես ձգտում է փակել ոչ միայն Հարավկովկասյան, այլեւ իրանական երթուղիները՝ 20 միլիարդ դոլարի բարտերային գործարք առաջարկելով Թեհրանին։ Այսինքն՝ Իրանի նավթը գնելով եւ դրա դիմաց արդյունաբերական ապրանքներ առաջարկելով՝ Ռուսաստանը ցանկանում է կանխել նավթի եւ ընդհանրապես՝ էներգակիրների գների «խաղարկման» միջոցով իր տնտեսությանը հարված հասցնելու Արեւմուտքի փորձերը։

Նման պայմաններում հասկանալի է դառնում, թե ինչու են Բաքվում վախեցած Ղրիմի իրադարձությունների շրջանում Ռուսաստանից ստացած հաջորդական «սիգնալներից», որոնց հեղինակներն էին Ժիրինովսկին, Դուգինը եւ այլ հայտնի քաղաքագետներ։ Այստեղ լավ են հասկանում, որ իրենք վերածվել են կրկնակի թիրախի՝ ե՛ւ ՆԱՏՕ-ի ընդարձակման ծրագրերի, ե՛ւ էներգակիրներով Եվրոպան ապահովելու հարցում սրվող մրցակցության պատճառով։
Կարծում ենք, Ուկրաինայից հետո, որտեղ վճռական իրադարձությունները ծավալվելու են նախագահական ընտրությունների նախօրեին առաջ քաշվող այդ երկրի ֆեդերալացման պահանջի համատեքստում, Ադրբեջանի առջեւ է դրվելու հստակ ընտրություն կատարելու պահանջ։ Ընդ որում՝ դեռ հայտնի չէ անգամ, թե ով է առաջինը դիմելու նման քայլի, որովհետեւ նույն խնդիրն է հետապնդում նաեւ Միացյալ Նահանգները՝ նախապատրաստելով պետքարտուղար Ջ.Քերիի տարածաշրջանային այցը։

Անցած տարիներին Բաքվի ժառանգական միապետի կողմից պաշտոնապես որդեգրված չեզոքության քաղաքականությունը եւ անդամակցությունը Չմիավորված երկրների շարժմանը այլեւս չի համապատասխանում տարածաշրջանում ձեւավորվող նոր իրողություններին։ Բայց այդ քաղաքականությունից շեղվելու ցանկացած փորձի դեպքում Ադրբեջանը ստիպված է լինելու համապատասխան «գին» վճարել՝ անգամ եթե Մոսկվայում նրա համար «բարեխոսի» օրերս Բաքու այցելած Թուրքիայի վարչապետը։
Սիրիայում իր ձեռնարկած վերջին քայլերով Թուրքիան վերահաստատել է իր արեւմտյան պարտավորությունները, ուստի Մոսկվայում չի կարող հանդես գալ Բաքվի «երաշխավորի» դերում։
Ավելին՝ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ակտիվանալու փորձերը կրկին անհանգստություն են առաջացրել Իրանում, որը Արեւմուտքի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրը հստակորեն սահմանազատում է իր հյուսիսային սահմաններին վերջինիս ռազմական ներկայության հեռանկարներից։

Այսպիսով տարածաշրջանում ստեղծվել է այնպիսի բարդ կացություն, երբ միայն Ուկրաինայում շարունակվող դիմակայությունն է կանխում Ադրբեջանի «վախը չափելու» գործընթացը։ Հասկանալի է, որ մինչ այդ Արեւմուտքն ամեն ինչ անելու է Ղարաբաղյան բանակցություններն արագացնելու համար, իսկ Ռուսաստանը, իր հերթին, փորձելու է հասնել Բաքվի կլանի խաղաղ անձնատվությանը՝ նույն նպատակներով օգտագործելով Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը։
Բայց քանի որ մրցող կողմերն ունեն միմյանց խանգարելու բազմաթիվ հնարավորություններ, նախքան ուկրաինական իրադարձությունների հանգուցալուծումը տարածաշրջանային ստատուս քվոն այս կամ այն կերպ շարունակելու է պահպանվել։

Փաստորեն Ուկրաինայի շուրջ ստեղծված կացության տարածաշրջանային հետեւանքների գիտակցումը մարտահրավեր է ոչ միայն խուճապահար Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ու քաղաքագետների, այլեւ մեր երկրի եւ հայ հասարակության համար։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն