ԲԱՆԱԿՈՒՄ ԴՐԱԿԱՆՆ ԱՌԱՎԵԼ ՇԱՏ Է
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչեւ լուսաբանում» խորագրով համաժողովին լրագրողների հետ հանդիպեց պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ
– Պարոն Օհանյան, դուք տարբեր առիթներով նշել եք, որ հայոց բանակը, ի տարբերություն այլ բանակների, բացի սահմանային անվտանգության ապահովումից, ուրիշ առաքելություն էլ է ստանձնել մեր հասարակության մեջ: Ո՞րն է այդ առաքելությունը։
– Կարծում եմ, որ մեր բանակը կարեւոր գործ ունի անելու պետության մեջ գաղափարական միասնականության, հասարակական համերաշխության ձեւավորման համար: Երբ մենք խոսում ենք զորամասերում, ստորաբաժանումներում բարոյահոգեբանական մակարդակի եւ մարտական ոգու բարձրացման մասին, դրա հիմքում դնում ենք բանակայինների միջեւ ընկերականությունը, հրամանատարների եւ նրանց ենթակաների միջեւ միջանձնային հարաբերությունները, փոխադարձ հարգանքը, աջակցության պատրաստակամությունը եւ այլն:
Մենք այն կառույցն ենք, որտեղ կա համապատասխան ռեժիմ, հրամանատարական ենթարկվածություն, եւ այդ պայմաններում ավելի լավ կարող ենք պայքարել վատ երեւույթների, արատավոր բարքերի դեմ` առավել արժանավոր քաղաքացիներ դաստիարակելով հանձինս մեր զինվորների: Իսկ նրանք հետագայում առողջ հասարակության հիմնաքարը կդառնան:
Այս առումով բանակը զտիչ դերակատարություն պետք է ունենա հասարակության համար, լոկոմոտիվի դեր կատարի քաղաքացիական այլ կոլեկտիվների համար:
– Ձեր` պաշտպանության նախարար լինելու ընթացքում բանակը հնարավորինս թափանցիկ դարձավ հասարակության համար: Ձեր նպատակը ի սկզբանե այդ թափանցիկությամբ հասարակության մեջ բանակի հանդեպ վստահության մեծացո՞ւմն էր: Ձեր սպասումներն արդարացա՞ն:
– Բավական լուրջ աշխատանք է տարվել բանակն ավելի թափանցիկ դարձնելու համար: Այդպես պարտադիր ժամկետային ծառայության մեկնած զինվորի ծնողի մտավախությունը նվազագույնի հասցնելու նպատակ ունեինք:
Դեռեւս ԼՂ պաշտպանության նախարարի պաշտոնում եղած ժամանակ որդեգրեցի հասարակության առաջ բանակը բաց պահելու քաղաքականությունը` պաշտպանության բանակի շտաբի պարիսպները քանդելով եւ ավելի թափանցիկ պարիսպներ կառուցելով, որպեսզի թեկուզ հարեւան շենքերից մարդիկ կարողանան հետեւել, թե քանի անգամ են զինվորներն ու հրամանատարները հավաքվում շտաբում, քանի անգամ դասասենյակներում` ընդհանուր միջոցառումների, ականատես լինեն ընդհանուր շարային ստուգատեսներին, լսեն, թե Ղարաբաղի պաշտպանության նախարարն ի՞նչ դաստիարակչական աշխատանք է տանում զինվորների հետ:
Կարծում եմ, որ այդ առումով բավական հաջողություններ ունենք հայոց բանակում իրականացվող բարեփոխումների համատեքստում: Սակայն այդ մոտեցումը լրատվամիջոցները ի չարս են օգտագործում` չհասկանալով, որ այդ կերպ վնասում են մեր բանակին, դրանով՝ նաեւ մեր պետությանը:
Մեր երկրի ռազմաքաղաքական իրավիճակը հաշվի առնելով` լրատվամիջոցների պարտքն է ամեն մի հրապարակում այն գիտակցումով հասանելի դարձնեն հասարակությանը, որ այդ հրապարակումը օգտագործվելու է մեր հարեւան երկրների հետ մղվող տեղակատվական պատերազմում: Մենք շատ դեպքերում, չպահպանելով գաղտնիության ռեժիմը, տեղեկատվական դաշտում չափից ավելի բաց լինելով եւ ճիշտ տեղեկացված չլինելով` բացասաբար ենք ազդում տեղեկատվական պատերազմում մեր ունեցած դիրքերի վրա:
Շատ լուսաբանողներ մեր բանակը սեւացնելը, բանակի հասցեին քար նետելը նորաձեւության միտում են դարձրել, շատ երիտասարդների համար զբաղմունք է դարձել միանգամից արձագանքել բանակում առկա երեւույթներին, եւ այն նոր է տեղի ունենում` գրում են, թե հերթական դեպքն է եղել: Ի՞նչ են ուզում դրանով ընդգծել, թե մեր բանակում հաճա՞խ են նման բաներ լինում եւ դրանք շարունակակա՞ն են լինելու:
Բայց եթե վերլուծենք բանակի գոյության 22 տարիները` կտեսնենք, որ տարեցտարի կորուստների թիվը նվազել է: 2011թ. ամենաքիչ կորուստն ենք ունեցել, 2012-ին այդ թիվը պահպանվել է, 2013-ին 32 տոկոսով նվազեցրել ենք կորուստները: Այս դեպքում նորից գորշ գույներով բանակը ներկայացնելը ճիշտ չէ:
Եթե մենք գրաքննության մասին օրենք չունենք` գոնե պետք է հաշվի առնել բանակի դերակատարությունը մեր երկրում, դրանով պայմանավորված՝ բարոյական գրաքննություն կիրառենք ինքներս մեր մեջ:
Լրատվամիջոցներում բանակը վատ լույսի ներքո ներկայացնելն ազդում է Հայաստանի եւ Ղարաբաղի ընդհանուր իմիջի վրա, պաշտպանության նախարարության ու բանակի իմիջի վրա: Տեղեկատվական պատերազմները կարող են կանխել մարտական գործողությունները, եթե ճիշտ իրականացվեն, բայց կարող են նաեւ արագացնել մարտական գործողությունները, սրել իրավիճակը հակամարտող կողմերի միջեւ, իրականությունը երկրում այնպես ներկայացնել, որ հակառակորդը զգա իր առավելությունը, զգա, որ այդ երկիրը մասնատված է, բանակը փնովվում է:
Այսօր պետք է աշխատենք ոչ թե բանակի հիմքերը խարխլելու, այլ այն ավելի զորացնելու համար: Քանի որ մեր «բախտը բերել» է մեր հարեւաններով, ուրեմն պետք է միասնական աշխատանքով այնպես անենք, որ հզոր բանակ ունենանք:
Ես չեմ ասում, թե բանակի մասին որեւէ քննադատություն չպետք է հրապարակվի, որ պետք է թաքցնենք բանակում առկա բացասական երեւույթները: Սակայն այդ քննադատությունը պետք է կառուցողական լինի:
Պետք է նաեւ դրականը ներկայացնենք, որպեսզի այդ դրականով կարողանանք դաստիարակել ամբողջ հասարակությունը: Իսկ բանակում դրականը ավելի շատ է, քան բացասականը:
– Պարոն Օհանյան, չե՞ք կարծում, որ բանակի հեղինակության բարձրացման գործում լուրջ անելիքներ ունի նաեւ նախարարությունը։
– Ցավոք, այսօր ոչ մի երկիր չի գտել այն բանաձեւը, որ իր բանակը զերծ պահի անվտանգության կանոնների, կարգապահության խախտումից, տարբեր տեսակի պատահարներից: Մենք եւս չենք գտել այն բանաձեւը, որ թույլ կտա կորուստները հասցնել զրոյի:
Այդուհանդերձ չեմ ընդունում դրան խոչընդոտող որեւէ արդարացում: Երբ ասում են, թե մենք հասարակության հայելին ենք, եւ հնարավոր չէ խուսափել նման երեւույթներից, որոնք առկա են նաեւ հասարակության մեջ, ես անընդունելի եմ համարում, արգելում եմ նման արտահայտություններ անել: Ճիշտ է, մենք հասարակության մասն ենք կազմում, բայց ռեժիմային հաստատություն ենք եւ հասարակության համար պետք է օրինակելի լինենք։
Արգելում եմ նաեւ ասել, թե բոլոր բանակներում էլ նման երեւույթներ լինում են: Մենք ազգային բանակ ենք, որն առանձնահատուկ է իր ավանդույթներով ու միջանձնային հարաբերություններով: Այդ բանակը հաղթանակած բանակ է, եւ այն չի կարելի է համեմատել այլ բանակների հետ: Հաշվի առնելով նաեւ ժողովրդագրական վիճակը, որ մենք քիչ ենք, իրավունք չունենք կորուստներ ունենալ:
Խոստովանեմ, որ մենք ձեռքներս ծալած նստած չենք եւ ամեն ինչ անում ենք կորուստները նվազագույնի հասցնելու համար:
-Պարոն Օհանյան, ի՞նչ է արվում բանակում կոռուպցիոն ռիսկերի վերացման ուղղությամբ
։
– Բանակային կառավարման ոլորտում արդարության եւ ազնվության հասնելու նպատակադրումը պաշտպանության նախարարության եւ անձամբ իմ սկզբունքներից է: Այդպես է եղել իմ բոլոր պաշտոնավարումների ժամանակ:
Կոռուպցիայի ու կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարը իրականացնում ենք զինված ուժերի բարեվարքության ամրապնդման շրջանակներում: Ծրագիրը ներառում է հենց արդարության ամրապնդում եւ պայքար կաշառակերության դեմ: Բանակի գոյության տարիներին միասնական ջանքերով հասել ենք հաջողության կադրային քաղաքականության ոլորտում` ռազմակրթական հայեցակարգի, արդարացի առաջխաղացման, վերապատրաստման եւ բարձրագույն ռազմական կրթության համակարգերի ձեւավորմամբ ու ներդրմամբ, սոցիալական ոլորտում` ծառայողական բնակարանաշինության մեջ:
Երրորդ` զոհված կամ հաշմանդամ ազատամարտիկների կամ նրանց ընտանիքի անդամների բնակարանային պայմանների կամ կենսավիճակի բարելավման ոլորտում: Բավական լուրջ առաջընթաց ունենք զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ոլորտում` մատակարարման խնդիրների իրականացման մեջ, հատկապես գնումների գործընթացի: Մրցակցային դաշտի ուսումնասիրման, համապատասխան տեխնիկական բնութագրերի ձեւավորման, մրցույթների ազնիվ կազմակերպման միջոցով եւ մատակարարումն իրականացնող համապատասխան կազմակերպությունների եւ զորամասերի հրամանատարների նկատմամբ վերահսկողության իրականացմամբ այսօր գնումների գործընթացը եւ մատակարարման համակարգը օրինակելի կառույց է:
Իհարկե, այնտեղ, որտեղ կան ֆինանսական եւ նյութատեխնիկական միջոցներ, բոլոր ժամանակահատվածներում կարելի է հանդիպել մարդկանց, որոնք կփորձեն անձնական շահը հանրայինից վեր դասել եւ այդ միջոցներն օգտագործել անձնականի համար: Բայց բանակում այսպիսի ցուցում կա անձամբ իմ կողմից` եթե հրամանատարները ինքնուրույն են բացահայտում իրենց կառույցի թերությունները, ես գործունեության տարեվերջյան գնահատման ժամանակ այդ դեպքերն իրենց վրա որպես արտակարգ պատահարների քանակ չեմ հաշվում:
Իսկ այն կառույցներում, որտեղ վերադասն է բացահայտում, անկասկած, մենք մի քանի բացահայտումներից հետո տվյալ կառույցի ղեկավարի նկատմամբ համապատասպան որոշում ենք կայացնում: Այն մարդիկ, որոնք խախտում են կանոնները, պատժի են ենթարկվում:
– Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցությունն ինչպե՞ս կանդրադառնա մեր բանակի վրա:
-Տարածաշրջանային երկրների հետ տնտեսական ինտեգրման միջոցով հնարավոր կլինի զարգացնել մեր տնտեսությունը:
Այդ համագործակցությունը նաեւ անվտանգության խնդիրներ է ներառում: Մենք չենք կարող չհամագործակցել այն երկրի հետ, որը մեր ռազմավարական գործընկերն է, առանց որի չենք կարող ապահովել մեր լիարժեք անվտանգությունը տարածաշրջանային այնպիսի երկրի առկայության դեպքում, ինչպիսին Թուրքիան է: Ադրբեջանի հետ այդ առումով խնդիր չունենք:
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները միշտ եղել են բարեկամական, ռազմավարական-գործընկերային: Այժմ էլ նույն ձեւով զարգանում են: Բայց, դրանով հանդերձ, մենք կշարունակենք Հյուսիսատլանտյան դաշինքի հետ միջոցառումներ իրականացնելու ծրագիրը: Մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք, բայց համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ, որպեսզի փոխգործունակ լինենք, առաջատար չափանիշների տիրապետմամբ զարգացնենք մեր ռազմական ներուժը:
Եթե մենք համեմատենք հայոց պատմության տարբեր ժամանակահատվածները` կտեսնենք, որ երբեւիցե այսքան հզոր, տարածաշրջանում մրցունակ բանակ չենք ունեցել: Բայց անգամ այդ դեպքում, երբ առաջին քայլերն ենք կատարում, դժվար է մեր անվտանգությունն ինքնուրույն ապահովելը: Այդ պատճառով տարածաշրջանային ինտեգրման եւ եվրոպական առաջատար չափանիշներին տիրապետման միջոցով կարող ենք ապահովել մեր այսօրվա ու ապագայի զարգացումը:
-Ցավոք, բանակի հզորացմանը զուգընթաց երկրում մեծանում է արտագաղթը, եւ արդեն մասնագետները ահազանգում են ժողովրդագրական խնդիրների մասին: Այդ զարգացումներն ինչպե՞ս են անդրադառնում բանակի վրա: Ի վերջո արտագաղթը պետք է որ նոսրացնի բանակի շարքերը, իսկ դա հարաբերական հրադադարում գտնվող երկրի համար վտանգավոր է:
-Հետաքրքիր փաստ ասեմ` 2013թ. աշնանային զորակոչին ավելի շատ մարդ ենք զորակոչել բանակ, քան 2011թ. աշնանը: Դա իհարկե իրականացվել է կոռուպցիայի դեմ պայքարի հաշվին: Անկասկած արտագաղթը արդեն մեծ ազդեցություն ունի ոչ թե բանակի, այլ հասարակության վրա: Բայց կարծում եմ, որ գուցե նոր կառավարությունը համապատասխան միջոցառումներ իրականացնի արտագաղթը կասեցնելու եւ ժողովրդագրական պատկերը բարելավելու համար:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












