Մոսկվայում տեղի ունեցավ հավաք նվիրված Քեսաբի հայերի իրավունքների պաշտպանությանը
Ռուսատանյան հասարակայնության նախաձեռնած միջոցառումը, որով զորակցություն հայտնվեց քեսաբահայությանն ու սիրիացի ժողովրդին, տեղի ունեցավ ապրիլի 4-ին, Մոսկվայի Գորկու զբոսայգու «Հայդպարկում»: Ձեռնարկի կազմակերպիչներն էին «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը և Մոսկվայի հայերի երիտասարդական ընկերակցությունը:
Միջոցառման ժամանակ ելույթ ունեցած հասարակական և քաղաքական գործիչները միահամուռ կերպով դատապարտեցին Սիրիայի դեմ իրականացվող միջազգային ահաբեկչությունը և անօրինական զինված խմբավորումներին Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը:
«Երիտասարդ Ռուսաստան» համառուսատանյան շարժման նախագահ Մաքսիմ Միշչենկոյի խոսքերով, հայ ժողովուրդը, որը քսաներորդ դարասկզբին Օսմայան Թուրքիայի կողմից ենթարկվեց ցեղասպանության, այսօր էլ Քեսաբից է տեղահանվում, իսկ Սիրիայում իրավիճակի հետագա ապակայունացումը վտանգավոր է ողջ տարածաշրջանի քրիստոնեական բնակչության համար:
Ելույթ ունեցողները աջակցություն հայտնեցին Ռուսաստանի, Հայաստանի և այլ երկրների ջանքերին, որոնք ուղղված են սիրիական խնդրի խաղաղ կարգավորմանը:
«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշեց, որ ՄԱԿ-ը և այլ միջազգային կազմակերպություններ պետք է հետաքննություն սկսեն խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հանցագործությունների վերաբերյալ և ստեղծեն դրա դեմ պայքարի մեխանիզմներ, ինչն այսօր կերաշխավորի քեսաբահայության վերադարձը իր պատմական բնակության վայրեր:
Միջոցառման մասնակիցները կազմեցին դիմում, որում դատապարտում են միջազգային ահաբեկչությունը և հակամարտող կողմերին կոչ անում բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով:












